«Ինձ աշխատանքից ազատել են իմ ընդդիմադիր հայացքների համար, տնօրենն ասաց՝ ինձ ստիպում են, ես չեմ կարող քեզ պահել». «Գյումրի» ԲԿ-ի նախկին աշխատակից
Օրեր առաջ 168.am-ը գրել էր «Գյումրի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած վիճաբանության ու ծեծի մասին, երբ մեր տեղեկություններով, փոխտնօրենը ծեծի էր ենթարկել տարեց բժշկին:
Եվ թեպետ երկուսն էլ մեզ հետ զրույցում հերքել էին բազմաթիվ ականատեսների ներկայությամբ տեղի ունեցածը, նյութը հրապարակվելուց հետո մեզ հետ կապ հաստատած բժիշկներն այլ արատավոր դեպքերի մասին էլ էին պատմում, որոնք տեղի են ունենում մի քանի բժշկական հաստատություններ իրար միացրած «Գյումրի» ԲԿ-ում:
«Իմ գլխին սարքեցին ու ԲԿ-ում 8 տարի անբասիր կերպով աշխատելուց հետո աշխատանքից ազատեցին իմ ընդդիմադիր հայացքների համար, որոնք ես չեմ էլ թաքցրել՝ սկսած 2018թ.-ից: Ու հիմա, երբ գրվում է ՔՊ-ական փոխտնօրեն Կարեն Գևորգյանի մասին, ճիշտ կլինի խոսել նաև մյուս փոխտնօրենի՝ Արմեն Խաչատրյանի և նախկին-ներկա տնօրեն Արմեն Իսահակյանի ծավալած գործունեության մասին, ով նախկինների ժամանակ նախկին էր, ներկաների օրոք՝ կարկառուն ներկա»,- ասաց մեզ հետ կապ հաստատած ԲԿ-ի նախկին կլինիկական հոգեբան Գայանե Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով՝ 2022թ. ԲԿ-ում կատարվելիք կաբինետային փոփոխությունների արդյունքում՝ բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի որոշմամբ, ով պնդում էր, որ ես անպայման պետք է իջնեմ նկուղ, իրեն 4-րդ հարկից տեղափոխել են նկուղային հարկում գտնվող ֆիզիոթերապիայի և մերսման կաբինետ, ուր, բացի իրենից, արդեն իսկ աշխատել են ֆիզիոթերապիայի բուժքույրն ու մերսող բուժքույրը:
«Միտումնավոր կերպով այս կաբինետում մերսման բուժքրոջ՝ Աննա Ադամյանի միջոցով ստեղծվել են ոչ աշխատանքային պայմաններ: Կաբինետում չի եղել ո՛չ ջեռուցում, ո՛չ պատուհան, ո՛չ օդափոխիչ համակարգ: Ի սկզբանե այս սենյակը նախատեսված էր՝ որպես տեխնիկական սենյակ, որը վերափոխել էին «կաբինետի»»,- ասաց Գայանե Բաղդասարյանը:
«Գյումրի» ԲԿ-ի նախկին աշխատակիցը նշում է՝ ինքը փորձել է բացատրել, որ ֆոբիաներով, նևրոզներով հիվանդները չեն կարող նստել առանց պատուհանի և ցածր առաստաղով սենյակում:
««Հեքիաթ մի՛ պատմիր»,- ի պատասխան իմ փաստարկներին՝ ասաց Արմեն Խաչատրյանը, և չնայած այն հանգամանքին, որ ԲԿ-ում կային ազատ տարածքներ, մասնավորապես՝ նյարդաբանական բաժանմունքում, ուր ես երկար ժամանակ աշխատել էի նյարդաբանական խնդիրներով հիվանդների հետ, ինձ տարավ նկուղ»,- ասաց ԲԿ-ի նախկին կլինիկական հոգեբանը՝ հավելելով՝ ինքն աշխատել է բոլոր բաժանմունքների այն հիվանդների հետ, ովքեր, բացի իրենց հիմնական հիվանդությունից, ունեցել են հոգեբանական, այսինքն՝ պսիխոսոմատիկ խնդիրներ:
Գայանե Բաղդասարյանը պնդում է՝ իր աշխատանքային պայմանագրում որևէ կետ չկա, որ ինքը հիվանդանոցի համար պետք է ապահովի հավելյալ եկամուտ, այսինքն՝ պետք է աշխատի նաև վճարովի հիվանդների հետ:
Նույն պայմաններով աշխատել են կինեզոթերապևտը, բուժական ֆիզկուլտուրայի մասնագետը, ովքեր նույնպես որևէ մուծում չէին արել, ու հետաքրքիր է՝ ինչու էին այդ գումարները միայն իրենից պահանջվում:
«Ես պետք է աշխատեի ստացիոնար պառկած հիվանդների հետ, և ինձ սկզբում հենց այդպես էլ ասել էին՝ դու գործ չունես վճարովի հիվանդների հետ, ու սա այն դեպքում, երբ հիվանդները, ում հետ ես աշխատել էի, տեսնելով արդյունքը, իրենք էին ցանկացել հետո վճարովի հիմունքներով աշխատել ինձ հետ: Մինչդեռ ինձնից ազատվելու համար հետագայում բերեցին փաստարկ, թե ես ԲԿ-ի համար եկամուտ չեմ ապահովում»,- ասաց Գայանե Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ 2023թ. հունվարից, երբ ինքն արդեն աշխատում էր նկուղային հարկում տեղակայված ֆիզիոթերապիայի բաժանմունքում, մերսման բուժքրոջ կողմից միտումնավոր կերպով, պլանավորված իր համար ստեղծվել են ոչ աշխատանքային պայմաններ, անբարենպաստ մթնոլորտ:
«Մերսման բուժքույրն էր որոշում՝ կլինիկական հոգեբանը որտեղ նստի, իր շորը որտեղ կախի, կաբինետում ինչպես շարժվի: Տեսնելով, որ իրավիճակը շատ է թեժանում, տնօրենի անվամբ զեկուցագիր եմ գրել՝ բացատրելով իրավիճակը, ինչից հետո նույն բուժքրոջ կողմից աշխատանքային ժամին ու աշխատանքի վայրում ստացել եմ հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն՝ «Շեղվա՛ծ, գրելու տեղը բաժինն է (ոստիկանության.- Գ.Ս.), ոչ թե կադրերն ու Արմեն Իսահակյանը (ԲԿ-ի տնօրեն.- Գ.Ս.): Տնօրենը ժամանակ չունի՝ քո ստերը լսի, ասելու բան ունես, գնա՛, ոստիկանությունում գրի՛»: Նույն պահին հաղորդագրությունը ցույց եմ տվել տնօրենին, գլխավոր բուժքրոջը, կադրերի բաժնի վարիչին, բայց որևէ միջոց բուժքրոջը սանձելու համար չձեռնարկվեց: Արդյունքում ինձ ազատեցին աշխատանքից, իսկ նա շարունակում է պաշտոնավարել, ու որքան գիտեմ, զբաղեցնում է 1.5 դրույք հաստիք»,- ասաց ԲԿ-ի աշխատակիցը՝ նշելով, որ մերսման բուժքույրը տարիներ առաջ՝ 2018թ., «Գյումրի» ԲԿ-ում բժիշկների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցն ու նաև հեղինակն է:
Ինչևէ, էթիկայի հանձնաժողովի նիստից հետո, Գայանե Բաղդասարյանի փոխանցմամբ, 2023թ. փետրվարի 15-ին «Գյումրի» ՓԲԸ-ի կողմից հրավիրվել է էթիկայի հանձնաժողովի նիստ՝ 8 հոգանոց կազմով:
«Ի դեպ, արձանագրության տակ ստորագրած 2 բժիշկ՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանն ու արհկոմի նախագահ ու համատեղությամբ նաև լաբորատորիայի աշխատակից Վարդան Սուքիասյանն առհասարակ ներկա չեն գտնվել նիստին. եկել, բարևել ու հեռացել են, բայց ստորագրել են»,- ասաց ԲԿ-ի նախկին կլինիկական հոգեբանը:
Վերջինս շեշտում է՝ նիստի ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ: Նիստը նախագահում էր ԲԿ-ում անհայտ հաստիք զբաղեցնող, մոտ 80-ամյա Սաթենիկ Բեյբությանը, ով նախկինում եղել էր առողջապահության վարչության պետը: Վերջինիս կողմից, ում որդին, ի դեպ, «Գյումրի» ԲԿ-ի գլխավոր տնտեսագետն է, ըստ ԲԿ-ի նախկին աշխատակցի, կազմվել է ամբողջովին կեղծ արձանագրություն:
«Նախ նիստը սկսվելուն պես Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Խաչիկ Կարապետյանը տեղից վեր կացավ ու առաջարկեց, որ ինձ աշխատանքից ազատեն՝ ասելով՝ ի՞նչ է անում, որ, ինչի՞ է մինչև հիմա մնացել ԲԿ-ում: Բոլորով հարձակվել էին վրաս, չէին թողնում՝ ես խոսեմ: Մերսման բուժքույրը փոխտնօրենին ասաց՝ բժիշկ ջան, դու «գալուբոյ» ես, Գայանեն է ասել, այսինքն՝ ես: Այսինքն՝ դիտավորյալ ինձ ուղարկեցին այդ կաբինետ, որ ես այդ անձի հետ որոշ ժամանակ աշխատեմ, հետո կարողանան գլխիս գործ սարքել: Ես հասկանում եմ, որ իմ ասածը կոռեկտության սահմաններից դուրս է, սակայն սա այն է, ինչ տեղի է ունեցել էթիկայի հանձնաժողովի նիստի ժամանակ: Ես ասացի, որ իրենց գրած սցենարի մեջ անելիք ու ասելիք չունեմ, ու փորձել եմ դուրս գալ դահլիճից, որը, ի դեպ, գտնվում է 24-ժամյա տեսաձայնագրման հսկողության տակ, բայց երբ ես հետո պահանջեցի ինձ տրամադրել տեսանյութը, ասացին՝ չկա, չի պահպանվել: Գլխիս գործ սարքվեց, ինչի արդյունքում ինձ տվեցին խիստ նկատողություն, ու փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ինձ անվանեց՝ շեղված, ինչին ի պատասխան՝ ասացի՝ վաղը Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնից տեղեկանք կբերեմ իմ հոգեկան առողջության մասին, իսկ Դուք Ձեր բառերի համար դեռ պատասխան պիտի տաք»,- ասաց Գայանե Բաղդասարյանը՝ հավելելով՝ իրենք հետագայում էլ ամեն ինչ անում էին, որ ես իմ ձեռքով դիմում գրեմ-հեռանամ:
Նրա խոսքով՝ ինքը մարզպետին էլ է դիմել, որ իրեն տրամադրեն տեսաձայնագրությունը, սակայն ապարդյուն:
ԲԿ-ի աշխատակիցը պնդում է՝ բժշկական կենտրոնում աշխատել է 2014թ.-ից, և այդ տարիների ընթացքում ինքը չի ունեցել որևէ նկատողություն, հիվանդների հետ աշխատել է առանց խնդիրների, գործընկերների կողմից վայելել է հարգանք, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել:
«Տեսնելով, որ իրենց չի հաջողվում հասնել այն բանին, որ ես ինքնակամ հեռանամ, նույն 2023թ. մարտի 2-ին ինձ ծանուցում են ուղարկում առ այն, որ հաշվի առնելով ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքները՝ իմ հաստիքը կարող է փոխվել կամ Շիրակի մարզպետի կողմից նոր հաստիքացուցակի հաստատմամբ պայմանավորված՝ առհասարակ վերացվել:
Խոսքը ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանի մասին է, ով այդ ժամանակ 10 օրվա մարզպետ էր: Ես հերթագրվեցի, պնդեցի, ու մարզպետն ինձ ընդունեց: Ցանկանում էի, որ մարզպետն անձամբ ինձ պարզաբանի, թե ինչու է ԲԿ-ի մոտ 568 հաստիքից հենց իմ՝ կլինիկական հոգեբանի հաստիքը կրճատելու անհրաժեշտություն առաջացել: Երբ ծանուցումը ցույց տվեցի մարզպետին, նա շատ անկեղծ զարմացավ, որ ինքը նման որոշում է կայացրել, ու հանձնարարեց առողջապահության ու սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլա Ասլանյանին զբաղվել այս հարցով»,- ասաց ԲԿ-ի նախկին աշխատակիցը:
Աշխատանքից ազատման՝ տնօրենի կողմից ստորագրված որոշումը Գայանե Բաղդասարյանին հանձնել են 2023թ. մայիսի 25-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ կադրերի բաժնի պետն իրեն զանգել ու հետ է կանչել ԲԿ:
«Ինձ ազատելուց 4 օր հետո աշխատանքի են ընդունել լոգոպեդի, ով, իմ տեղեկություններով՝ նաև հոգեբան է, որովհետև դպրոցում աշխատում է որպես հոգեբան: Եթե կենտրոնի միջոցները սուղ էին, ինչպե՞ս են կլինիկական հոգեբանին փոխարինում նոր աշխատակցով: Եթե ԲԿ-ին պետք չէր կլինիկական հոգեբան, ինչո՞ւ պետք եղավ ՇՊՀ-ն ավարտած հոգեբան: Թող ասածս ճիշտ ընկալվի: Ես որևէ մեկի աշխատանքի կորուստը չեմ ցանկանում, և այստեղ անձերի խնդիրը չի, բայց եթե կրճատվում է կլինիկական հոգեբանի հաստիքը, ինչո՞ւ պահպանվեց հոգեբանի հաստիքը, և մասնագետը շարունակեց աշխատել «Գյումրի» ԲԿ-ի ծննդատանը: Ի դեպ, իմ տեղեկություններով, նա այդ ժամանակ տարածքային կառավարման ՔՊ-ական փոխնախարարի ծանոթ-բարեկամուհին էր»,- ասաց նա:
Իր հետ կատարվածի վերաբերյալ ԲԿ-ի նախկին կլինիկական հոգեբանը բողոք է ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, 11 էջանոց նամակում ներկայացրել է՝ ինչ է կատարվում «Գյումրի» ԲԿ-ում առհասարակ, ինչին նախարարությունից ստացվել է պատասխան, որ ԲԿ-ն մարզպետարանին ենթակա կառույց է, և իր բարձրացրած հարցերն իրենց լիազորությունների տիրույթում չեն: Ապա Գայանե Բաղդասարյանը 2 դիմում-բողոք է հասցեագրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին՝ մանրամասն ներկայացնելով, որ ինքը թիրախավորվել է մի խումբ անձանց կողմից:
«Մարզպետարանից ինձ պատասխանեցին, որ հարցը քննարկել են ԲԿ-ի տնօրենի հետ, և վերջինս մարզպետին գրություն է ուղարկել, թե իբր ես զրպարտել եմ այդ խմբակին, և իմ ոչ մի ասածն իրականությանը չի համապատասխանում: Տնօրենն իրար հակասող պատճառաբանություններ է բերում: Մի տեղ ասում է՝ հիվանդանոցին փող չեմ բերում, երբ ես դրա պարտավորությունը չունեմ, մի այլ տեղ՝ մասնավորապես մարզպետին ուղղված գրությամբ, որ իբր կոնֆլիկտային եմ, բամբասկոտ, անադեկվատ, անպարտաճանաչ, անգրագետ, երբ 3 բարձրագույն կրթություն ունեմ ու անցել եմ բազմաթիվ վերապատրաստումներ, բայց 3 անգամ հրաժարվել է ինձ ընդունել, խնդիրը հասկանալ, ինչի իրավունքն ի պաշտոնե չուներ: Այնուամենայնիվ, խնդրեցի՝ գոնե ասի՝ ինչու են ինձ հետ նման կերպ վարվում, և Արմեն Իսահակյանը պատասխանեց՝ ինձ ստիպում են, ես չեմ կարող քեզ պահել: Բայց լռեց, չպատասխանեց՝ թե ով և ինչու է իրեն ստիպում ինձնից ազատվել»,- ասաց Գայանե Բաղդասարյանը:
Կլինիկական հոգեբանը նշում է՝ թեպետ ԲԿ-ից իրեն սպառնացել էին դատի տալ, ու այդպես էլ չտվեցին, ինքն է դիմել դատարան՝ վերականգնելու իր խախտված իրավունքները:
«Շիրակի մարզի 1-ին ատյանի դատարանը մասնակի բավարարել է իմ հայցը: Ճիշտ է, հաստիքս չի վերականգնվել, քանի որ հաստիքացուցակից հաստիքն ընդհանրապես հանված էր, բայց դատարանը բավարարել է հայցս այն մասով, որ ինձ պետք է տրվեն իմ մեկ տարվա պարապուրդի գումարն ու հավելյալ վճարները: Անվավեր է ճանաչվել ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ տնօրենի հրամանը: ԲԿ-ն բողոքարկել է Վերաքննիչ դատարան, հիմա սպասում ենք որոշմանը»,- ասաց Գայանե Բաղդասարյանը:
Դատարանում, հոգեբանի փոխանցմամբ, ԲԿ-ի իրավաբանն ասել է, որ ինքը եղել է վերականգնողական բաժանմունքի հոգեբանը, և այդ պահին այդ հաստիքի անհրաժեշտությունը չի եղել, մինչդեռ այդ ժամանակ ԲԿ-ն չի ունեցել վերականգնողական ծառայություններ մատուցելու լիցենզիա, հետևաբար՝ ինքը չէր կարող այդ պահին լինել այդ բաժանմունքի աշխատակից: Այդպիսի բաժանմունք կենտրոնն ունի հիմա, երբ ԲԿ-ին միացվեց Գյումրու մոր և մանկան մանկական հիվանդանոցը:
Նրա խոսքով՝ ԲԿ-ում իրավիճակը խայտառակ բնորոշելը քիչ է:
«Նույն այդ կաբինետային փոփոխությունների անհրաժեշտությունը եղավ այն բանից հետո, երբ նախ փակեցին, ապա «Գյումրի» ԲԿ-ին միացրեցին Ինֆեկցիոն հիվանդանոցը, որը տեղակայվեց ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի 4-5 կաբինետներում՝ խախտելով սանէպիդ բոլոր նորմերն ու կանոնները: Բացի դրանից, եթե դժվարանում էին կլինիկական հոգեբանին 70.000 դրամ աշխատավարձ տալ, ինչո՞ւ էր տնօրենը ստանում 1 միլիոն 400.000 դրամ աշխատավարձ, ինչո՞ւ են 700.000-ից մոտ 1.5 միլիոն աշխատավարձ ստանում էթիկայի տխրահռչակ հանձնաժողովի անդամները: Իրականում խնդիրը ֆինանսները չեն, այլ այն, որ ես ընդդիմադիր հայացքներ ունեմ՝ սկսած 2018թ.-ից, ինչը երբեք չեմ թաքցրել: Պարզապես սպասում էին հարմար առիթի»,- ասաց Գայանե Բաղդասարյանը: