Երկրի հանձնումը տեղի է ունենում պետական մասշտաբով, ի՞նչ էիք սպասում, որ անվտա՞նգ ենք ապրելու. Աշոտ Սևյան

Տավուշի մարզում ապրիլից մեկնարկած սահմանագծման աշխատանքներին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները տեղի բնակիչներին խոստանում էին անվտանգություն։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն էր Տավուշ կատարած այցի ժամանակ հայտարարում, որ եթե Ադրբեջանի պահանջածը Տավուշում չտան, ապա մեկ շաբաթ հետո տեղի կունենա պատերազմ, իսկ եթե կատարեն, ապա Ադրբեջանի կողմից հարձակման ռիսկերը կնվազեն։

Ադրբեջանի պահանջը, բնականաբար, ՀՀ իշխանությունները կատարեցին, Կիրանց գյուղում՝ կամրջով, բնակիչներից մի քանիսի տներով, հանձնվեց Ադրբեջանի հսկողությանը, բայց անվտանգային ռիսկերը ոչ թե նվազեցին, այլ ավելի մեծացան, քանի որ ադրբեջանցի սահմանապահներն ավելի մոտեցան խաղաղ բնակավայրերին։

Վերջերս էլ ադրբեջանցի սահմանապահների հետ վիճաբանություն էր եղել Կիրանցում, երբ նրանք թույլ չէին տվել, որպեսզի բնակիչները հնձեն իրենց ցանած ցորենը՝ ասելով, որ կարող են հնձել միայն փշալարերից դեպի հայկական կողմ մնացած ցորենը։

Ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը պնդում է՝ եթե այսպես շարունակվի, պետք է սպասել, որ հաջորդիվ նման իրավիճակ լինելու է նաև ՀՀ մյուս տարածքներում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում։

Կարդացեք նաև

«Եթե կարճ և կոնկրետ ասեմ՝ հիմա մենք չունենք անվտանգություն, ամեն ինչ կախված է Ադրբեջանի քմահաճույքից, կուզեն՝ կթողնեն ապրենք, չեն ուզի՝ կկրակեն։ Մեր երկրի հանձնումը տեղի է ունենում պետական մասշտաբով, բա ի՞նչ էիք սպասում, որ անվտա՞նգ ենք ապրելու։

Հստակ մեկ բան իմացեք, որ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին դեմ չի գնալու, որքան կարողանա՝ անվտանգային հարցերն «ականջի հետև» է գցելու, որպեսզի կարողանա իր իշխանությունը պահել ու գոյատևել, վայելել իշխանության բարիքները, քանի կան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։

Ազատամարտիկն ասում է՝ ընդհանուր իրավիճակը դիտարկելով՝ լավ բան չի սպասում, որովհետև Ադրբեջանը Հայաստանը զավթելու իր ծրագիրն է իրականացնում, իսկ ՀՀ գործող իշխանությունը զբաղված է սեփական աթոռը պահելով, ազգի մեծ մասն էլ գլուխը կախ, հլու-հնազանդ ապրում է։ Ու այս ամենի արդյունքում գալու է օրը, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգն ապրելու է առանց նպատակի, գոյատևելու է։

«Բայց կներեք, այս խելքով այս ազգը չի էլ կարողանալու գոյատևել, ձուլվելու են ադրբեջանցիներին, թուրքերին ու այդպես ապրեն։ Չեմ ուզում ազգիս վարկաբեկել, բայց ազգն այս վտանգի առաջ իրեն այսպես չպետք է պահի։

Հավատացեք, եթե այսպես շարունակվի, մենք նույնիսկ 10.000 քկմ տարածք չենք ունենալու։ Չգիտեմ, երևի կունենանք Երևանի խանություն, որը կենթարկվի Ադրբեջանին։ Վրաստանն էլ իր հերթին՝ կպահանջի Լոռու մարզը։ Դե, Նիկոլ Փաշինյանն էլ կդառնա ոչ թե նահանգապետ, այլ գյուղապետ, ու այդ պաշտոնին հարմարված Ադրբեջանի հետ գործակցելով՝ կապրի։ Վատ բան եմ ասում, բայց այսպես շարունակվելու դեպքում այս պատկերն է լինելու»,- շեշտեց Աշոտ Սևյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ 4 տարի առաջ է ասել՝ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են՝ չկա պետություն, չկա պատասխանատվություն գաղափարախոսությամբ, այսինքն՝ եթե չլինի Հայաստան, ապա այս իշխանություններն իրենց արածների համար պատասխանատվություն չեն կրելու։

«Հռոմում հաց ու տեսարաններ էին ապահովում, նույնն այստեղ Նիկոլ Փաշինյանն է անում՝ պաղպաղակով ու համերգով ապրեցնում է ժողովրդին։

Այս իշխանության համար չկա «կարմիր գիծ», բացի սեփական իշխանությունից, իշխանությանը ձեռք չտան, մնացած ամեն ինչին կարող են կպնել։ Կարծում եմ՝ 6 տարին բավարար է, որպեսզի ազգն ի վերջո այդ ամենը գիտակցի ու իրականացնի համարժեք քայլեր, դեռ ուշ չէ»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս