Վերջին բանը, որ արել եմ՝ երեխաներիս շիրիմին այցելելն է եղել. Արցախում երկու փոքրիկներին կորցրած Վերայի երազանքը 8-ամյա դստերը խնամքի կենտրոնից տուն տանելն է

2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայտնվեց շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան արցախահայերի հետ՝ սովամահության, դեռ չծված երեխաների մահվան դեպքեր։ Սակայն դրանցից, թերևս, ամենաողբեգականը, որ ցնցեց բոլորին, 2023 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցածն էր՝ Մարտակերտում մեքենայի մեջ մահացած հայտնաբերվել էին երկու մանկահասակ երեխաներ։

Փոքրիկները Վերա Նարիմանյանի 3 ու 6 տարեկան տղան ու աղջիկն էին։ Այդ օրը Վերան Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում թողել էր երկու փոքրիկներին քնած ու ոտքով շտապել էր Մարտակերտ՝ երեխաներին սնունդ հայթայթելու համար։ Մոր դուրս գալուց հետո երեխաներն արթնացել էին և որոշել  ոտքով գնալ մոր հետևից: Երկար քայլելուց հետո, սոված ու հոգնած երեխաները ճանապարհին կայանած մեքենան էին նստել ու հենց այնտեղ էլ քնել: Որոնումներից մի քանի ժամ հետո փոքրիկներին մահացած էին գտել մեքենայի մեջ՝ շոգից խեղդված։

Մահացած փոքրիկներից բացի, Վերան ունի ևս մեկ աղջիկ՝ Զիտան, նա այժմ 8 տարեկան է, գտնվում է Կապանի երեխաների խնամքի կենտրոնում։ Ամիսներ շարունակ երիտասարդ կինը քայլեր է ձեռնարկում միակ դստերը վերադարձնելու համար, սակայն պատկան մարմիններն ասում են, որ վերադարձնելու համար նախ պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի։

168.am հետ զրույցում Վերա Նարիմանյանը պատմեց՝  նախորդ տարի իր երկու մանկահասակ երեխաների ողբերգական կորստի ցավը, մյուս կողմից՝ շրջափակված Արցախը, որտեղ հաց գտնելն անհնար  էր դարձել, այլ ելք չէին թողնում, քան  մեծ դստերը հանձնել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոց՝ հույս ունենալով, որ շուտով իրավիճակը կփոխվի և դստերը կվերադարձնի տուն, սակայն մինչև օրս չի հաջողվում։ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո Զիտան հիմա էլ  Կապանի երեխաների խնամքի կենտրոնում է:

Կարդացեք նաև

«Արցախից բռնի տեղահանվելուց հետո, այժմ ես բնակվում եմ Արալեզ գյուղում՝ եղբորս և նրա ընտանիքի հետ միասին։ Այժմ օրավարձով դաշտերում աշխատում եմ, որպեզի կարողանամ իմ Զիտային վերադարձնել ու ապահովել։ Ինձ պատկան մարմիններն ասում են՝ պետք է առանձին տուն ունենաս, Զիտան էլ՝ առանձին ննջասենյակ, բայց ես չեմ կարող գնալ 300 հազար դրամանոց տուն վարձել, որ իմ երեխային վերադարձնեն։

Եղբորս հետ էլի վարձով ենք բնակվում՝ ամսական 60 հազար դրամ ենք տալիս, պետությունը 50 հազար դրամ է տալիս, մենք էլ վրան ավելացնում, տալիս ենք տան վարձ։ Ես օրավարձով եմ աշխատում ու վստահ եմ՝ իմ երեխային կկարողանամ ապահովել։ Ես այսքան աշխատում և ամեն ինչ անում եմ զուտ երեխայիս համար»,- նշեց Վերան։

Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ իրենից հարյուրավոր կիլոմետրերով հեռու գտնվող դստերն անգամ չի կարողանում հաճախ, գոնե շաբաթը մեկ անգամ այցելել։ Վերջին անգամ երբ գնացել է՝ Զիտան ասել է, որ ուզում է տուն վերադառնալ, ուզում է մայրիկի հետ ապրել։

«Այս ամիս գնացել տեսել եմ աղջկաս, ուզում եմ, որ թողնեն աղջկաս հետ դուրս գամ, պտտվեմ, բայց թույլ չեն տալիս։ Ամեն անգամ որ գնում եմ՝ ասում է՝ մամ, ինձ այստեղից տար, ինչո՞ւ ես ինձ թողնում այստեղ, դե ինչպե՞ս բացատրեմ, որ թույլ չեն տալիս։

Իմ երեխան խնամքի կենտրոնում է հայտնվել զուտ այն պատճառով, որ երեխաներիս ողբերգական մահից հետո ուզում էի ոտքի կանգնել, սնունդ լիներ, որպեսզի նա սոված չմնար։ Նրան Ստեփանակերտի խնամքի կենտրոնից նախորդ տարվա սեպտեմբերից անմիջապես բերել էին Կապան։ Այն ժամանակ, երբ Արցախը հայաթափում էին, մեզ Մարտակերտից անմիջապես տարհանեցին ու միանգամից բերեցին Գորիս, այնուհետև եկանք Երևան։ Իսկ Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցը մեզ տարհանելուց հետո էին հանել։ Ես աշխատակցին ասել էի՝ երբ հասնեք Գորիս, ասեք, որ գամ երեխայիս վերցնեմ։ Երեք օր հետո  ասել են, որ աղջիկս Կապանի խնամքի կենտրոնում է»,- հավելեց  Վերա Նարիմանյանը։

Վերան հուզված ասաց, որ չի ուզում, որ երեխան անտեր մնա ու մեծանա խնամքի կենտրոնում. իր կյանքի միակ իմաստն ու ուրախությունը Զիտան է մնացել։ Բայց հույսը չի կորցնում, հավատում է, որ  գոնե սեպտեմբերին երեխան իր մոտ կլինի և արդեն Արալեզում իրենց տան մոտի դպրոցը կգնա։

«Երկու երեխաներս Արցախում մնացին, նրանք Մարտակերտում են հուղարկավորված, չկարողացա  բերեմ Հայաստան։ Վերջին անգամ նրանց շիրիմին նախորդ տարվա սեպտեմբերին եմ այցելել, երբ տեղահանվում էինք։ Վերջին բանը, որ արել եմ՝ իրենց շիրիմին այցելելն է եղել։

Հիմա միակ բանը, որ ուզում եմ՝ իմ երեխային խնամքի կենտրոնից տուն բերելն է»,- եզրափակեց Վերա Նարիմանյանը։

Նշենք, որ Վերայի հետ տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆիլմ է նկարահանում՝ «Վերա», որտեղ, ինչպես ռեժիսորն է ասել՝ ներկայացնելու է ոչ միայն այդ ողբերգությունը, այլև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ու դրա հետևանքները։ Այդպիսով միջազգային հանրությանը ցույց է տալու, թե ինչ ցեղասպանություն է  իրականացրել Ադրբեջանը հայկական Արցախում՝ նրա խաղաղ բնակիչների նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս