«Ո՞ր ծնողը կուզի իր երեխաների մահը՝ ոչ մեկը. պատկերացում չունեն՝ ինչ է նշանակում բլոկադայի մեջ գտնվել թշանամու կողմից». Վերա Նարիմանյան
Հուլիսի 7-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցեց բոլորին, մեքենայի մեջ հայտնաբերել էին երկու անչափահաս երեխաների դիերը։
ժամեր անց, պարզվել էր, որ նրանք 30-ամյա Վերա Նարիմանյանի 3 ու 6 տարեկան տղան ու աղջիկն են, որոնց մայրը թողել էր տանը քնած ու շտապել Մարտակերտ քաղաք՝ երեխաներին սնունդ հասցնելու համար, քանի որ ադրբեջանական շրջափակման հետևանքով երեխաները օրն անցկացրել են գրեթե սոված, մինչև մայրն այստեղից-այնտեղից հաց կհայթայթեր երեխաների համար։
168.am-ի հետ զրույցում Վերա Նարիմանյանն ասաց, որ իր մտքով չի էլ անցել, որ իրենից հետո երեխաները քնից կարթնանան ու իր հետևից կգնան, իսկ ճանապարհին կհոգնեն ու կայանված մեքենայի մեջ կմտնեն, կքնեն ու կմահանան։ Եթե մտածեր՝ այդպիսի ողբերգություն կլինի, երբեք չէր գնա։
30-ամյա կինը 44-օրյա պատերազմից հետո անչափահաս երեխաների հետ տեղահանվել էր։ Նրանք մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն ապրում էին Ուղտասարում, երբ պատերազմը սկսվել է՝ տեղափոխվել է Ստեփանակերտ, այնուհետև՝ Մարտակերտ։ Այսօր Վերա Նարիմանյանն իր անչափահաս դստեր հետ ապրում է բարեկամի տանը։
«Իմ մտքով չի էլ անցել, որ երեխաներս իմ հետևից տանից դուրս կգան, ու ես այսպիսի դժբախտություն կտեսնեմ։ Եթե ես պատկերացնեի, ապա երբեք իմ երեխաներին քնած ժամանակ չէի թողնի ու դուրս գա։ Ո՞ր ծնողը կուզի իր երեխաների մահը՝ ոչ մեկը։ Այս շրջափակման ժամանակ եղել է, որ երեխաներին թողել եմ, կրկին գնացել եմ սնունդ եմ բերել, բայց այդ ժամանակ մեծ աղջիկս տանն է եղել, կամ բարեկամիս մոտ եմ թողել։ Բայց հիմա արդեն որևէ մեկին չեմ վստահի, որ իմ երեխայիս թողնեմ մոտը, դուրս գամ։ Հարևաներիցս որևէ մեկը չի տեսել, թե ինչպես են իրենք դուրս եկել տանից ու ինչպես են հասել մեքենայի մեջ։ Սրա վերաբերյալ ես մինչև հիմա որևէ մեկից որևէ բան չեմ լսել»,- նշեց մեր զրուցակիցը։
30-ամյա կնոջ խոսքով՝ բոլորն իրեն են մեղադրում, որ երկու անչափահաս երեխաներին միայնակ է թողել ու դուրս եկել տանից՝ մոռանալով, որ շրջափակման մեջ գտնվող նույն այդ երեխաները հացի խնդիր ունեին, օրը կիսասոված էին անցկացնում, և նրանց սնունդ էր պետք։
«Մեր հասարակության մի մասը լավ պատկերացում չունի, թե ինչ է նշանակում բլոկադայի մեջ գտնվել թշնամու կողմից, այն էլ՝ երեք անչափահաս երեխաների հետ։ Ուղղակի մարդու վիշտը պետք է հարգեն ու չխոսեն։ Մարդ կա՝ երեխան հիվանդանոցում մահանում է, հիմա ծնողները մեղավո՞ր են, որ սնունդ չկա, բլոկադա է»,- հավելեց Վերա Նարիմանյանը։
Նա նշեց, որ թեև տեղահանված է, սակայն բնակարանի սերտիֆիկատ չի ստացել, ասում է՝ փաստաթղթային խնդիրներ կան, ու չգիտի, թե ինչ է անելու։
«Եթե փաստաթղթային խնդիրներ լիներ, ապա իմ երեխու թոշակը ես չէի ստանա, ուզում եմ իմ երեխու 500 հազար դրամն էլ քարտից հանեմ, գերեզմանաքարի հարց լուծեմ, ասում են՝ չես կարող։ Անձնագիր ունեմ, բնակության վայրիս վերաբերյալ գրված է՝ «փաստացի», բայց այդ «փաստացի»-ով ես երեխաներիս նպաստն եմ ստացել։ Երեխաս մահացել է, ասում են՝ նրան փող չի հասնի։ Սա իմ հողն ու ջուրն է՝ բան չունեմ ասելու, բայց պետք է մարդկային լինեն»,- նշեց նա։
Միայնակ մայրն այսօր միակ երեխայի՝ դստեր համար պարտքով է սնունդ գնում, ասում է՝ ունի-չունի, այդ մի երեխան ունի, ինչ էլ լինի, պիտի այնպես անի, որպեսզի օրը սոված չանցկացնի։
«Ես չգիտեմ՝ ինչ պիտի անենք, մեր ձեռքին ի՞նչ կա, տոտալ շրջափակման մեջ ենք, Հայաստանից էլ ի՞նչ պիտի սպասենք, էլի ինչ-որ բան պիտի՞ սպասենք։ Սնունդ չկա, որևէ բան չկա, չգիտենք՝ ինչպես ենք ապրելու, ինչպես եմ պահելու իմ մինուճար երեխային»,- եզրափակեց Վերա Նարիմանյանը։