Եռագույնն ու հայրենիքի հողը. Բացառիկ հուշ այն մասին, թե ինչպես Դրոյին հուղարկավորեցին ԱՄՆ-ում

Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, ազատագրական և քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանի կենսագրությունը լի է հատկապես քսաներորդ դարի Հայոց պատմության էջերում: Դրոյի բազմաշերտ ու բազմաբևեռ ռազմական, քաղաքական գործունեության կորիզը պայքարն էր և հաղթանակը: Դրոն իր ուրույն ու կարևոր գործունեությունն է ունեցել հայ-թաթարական բախումների ժամանակ: Դրոյի ղեկավարությամբ այդ շրջանում ընթանում էին Նախիջևանի և Սյունիքի ինքնապաշտպանական մարտերը: Առաջին աշխարհամարտի շրջանում նրա ղեկավարությամբ կամավորները մտնում են Վան և ունենում ռազմական կարևոր հաջողություններ:

Առաջին Հանրապետության կազմավորման շրջանում Դրոն դարձավ Ապարանի հաղթական ճակատամարտի հրամանատարն ու հաղթանակի կերտողներից մեկը: Այս ամենին գումարվում են հայ-վրացական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական պատերազմները, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտը: Այս ամենը մեծ զորավարի ահռելի ռազմական և քաղաքական կենսագրության հիշատակումներն են մի քանի փոքր նախադասությամբ: Երկրորդ աշխարհամարտից հետո նա ձերբակալվում է, ապա ազատ է արձակվում, որից հետո հաստատվում է ԱՄՆ-ում: 1956 թվականի մարտի 8-ին մահանում է մեծ զորավարը:

Դրոյի հուղարկավորությունը տեղի է ունենում մարտի 18-ին: Նրա հուղարկավորության մասին կա բացառիկ հուշ, որտեղ մանրամասն նշվում է հուղարկավորության կարգը, մասնակից հյուրերին, ինչպես նաև տիրող տրամադրությունը:

«Կիրակի, 18 մարտ, կէսօրէ ետք, տեղի ունեցան ողբացեալ Դրօյի յուղարկաւորութիւնն ու թաղումը….: Ընդարձակ եւ շքեղ եկեղեցին լեցուած էր սգաւորներով, մինչեւ վերնատունը: Ժամը 1:30 ին, մեր սիրեցեալ ընկերոջ դագաղը, Եռագոյնով ծածկուած, թափօրով առաջնորդուեցաւ եկեղեցի: Թափօրին առջեւէն կերթային քահանայ հայրերը, դպիրներու հետ, որոնց կը հետեւէին Հ. Յ. Դ. Ամերիկայի Կ. Կոմիտէին անդամները, դագաղը շրջապատելով, յետոյ հանգուցեալին սգաոր պարագաները, Այրի Տիկին Գայիանէ Կանայեան, զաւակը՝ մարտիկ, եւ իր աղջիկն ու փեսան՝ Տոքթ. Եւ Տիկին Պ. Բրուտեան, եւ վերջապէս ծոպակիրներ, քանի մը շարք, երեք առ երեք հետեւելով դագաղին»: (Գևորգյան Հ., «Դրօ», Երևան, 1991, էջ 409):

Բացառիկ հուշագրական տեքստում կարդում ենք, որ ներկաների թիվը գերազանցում էր 2000-ը: Ներկաների ցանկում կային երևելի հայեր, ովքեր իրենց ուսերին էին վերցրել մեծ զորավարի հուղարկավորության պատասխանատվությունը:

«Արարողութիւնները, ներդաշնակ ու տպաւորիչ, ներկայ աւելի քան 2500 բազմութիւնը համակեցին խոր սուգով եւ կսկիծով:…..Արարողութիւններէն ետք, դագաղը տարուեցաւ Մաունթ Օպըրն գերեզմանատունը, Քեյմպրիճ, ուր հաւաքուած էր նաեւ ստուար բազմութիւն մը, հակառակ աննպաստ կլիմային: Թաղման կարգը կատարուեցաւ, համատարած սուգի եւ արցունքի մէջ, եւ ընկերոջ դագաղը գերեզման դրուեցաւ, Եռագոյնի եւ Հայաստանէն ափ մը հողի հետ միասին: Հողաթումբին առջեւ խօսեցաւ միայն ընկ. Բեգլար Նաւասարդեան, յուզումով, Եգիպտոսի «Յուսաբեր»-ին կողմէ: Նկատի ունենալով ցուրտը, ուրիշ ընկերներ՝ վերապահեցին իրենց խօքսը, Սրահին համար: Վերջին պահուն երգուեցաւ «Մեր Հայրենիք»-ը, ներկաներուն կողմէ, խոր յուզումով: Թաղումէն ետք, հոգեճաշ տրուեցաւ, Հայրենիքի սրահին մէջ, Հ. Օ. Միութեան Միջվարչականի տիկիններուն կողմէ: Սրահը լեցուած էր բերնէ բերան: Ներկաները ճաշեցին, սեղաններու շուրջ բոլորած, որմէ ետք, ընկ. Տաղլեան խօսք տուաւ մէկէ աւելի ընկերներու: Այսպէս՝ խօսք առին ընկ. Զարեհ Զարգուն, Հ.Մ. Կ. Վարչութեան կողմէ, ընկ. Վ. Դարպասեան Հ. Ե. Դ. Կ. Վարչութեան կողմէ, ընկ. Գ. Մխիթարեան Հայրենիք ի խմբագրութեան… եւ այլն: Այս տպաւորիչ եւ յուզումնալից հաւաքոյթէն ետք, ներկաները իրենց ցաւակցութիւնը յայտնեցին հանգուցեալին սգաւոր ընտանիքին: Հաւաքոյթը փակուեցաւ Տ. Արսէն Քհյ. Սիմէոնեանցի աղօթքով եւ «Հայր Մեր»-ով, որ երգուեցաւ ներկաներուն կողմէ: Ընկ. Տաղլեան շնորհակալութիւն յայտնեց Հ. Օ. Մ. Տիկիններուն, իրենց պատրաստած ճաշին եւ սպասարկութեան համար, Կարգադիր Յանձնախումբին՝ որ ամբողջ շաբաթ մը աշխատած էր եւ հսկած յուղարկաւորութեան կարգադրութեանց վրայ, ինչպէս նաեւ ներկաներուն, որոնք հակառակ ձիւնին ու աննպաստ կլիմային, հեռաւոր քաղաքներէ եկած էին: Դրօյի յուղարկաւորութիւնը եղաւ համազգային վշտի արտայայութիւն մը եւ սիրոյ ու խոր յարգանքի արժանավայել եւ անմոռանալի ցոյց մը, որ իր նախընթացը չէ ունեցած»: (Նույն տեղում` էջ 410-411):

Այս բացառիկ հուշը ևս մեկ անգամ փաստում է, թե ազգանվեր մարդուն ինչպես է վերջին հրաժեշտ տալիս հայ մարդը և հիշում նրա հիշատակը: Եվ այս բացառիկ իրադարձությունը կատարվում էր հայրենիքից դուրս՝ ԱՄՆ-ում:

Բոստոնում հուղարկավորվելուց հետո մոտ կես դար անց՝ 2000 թվականի մայիսի 28-ին, Դրոն վերահուղարկավորվում է հայրենիքում: Նրան վերահուղարկավորում են Ապարանի ճակատամարտի հուշահամալիրի տարածքում: Դա այն վայրն էր, որտեղ Դրոյի հրամանատարությամբ հայկական զորքերը ջախջախեցին թուրքական բանակին և դրեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմքերը:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս