Ծանր բանակցային գործընթաց՝ ռազմական լարման հնարավոր դրվագներով․ հայ-ադրբեջանական գործընթացի շուրջ նոր «կրքեր» են գեներացվում
Հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցային գործընթացում տարաձայնությունների և վերջերս ծրագրվող երկու հանդիպումների տապալման ֆոնին Երևանում էր կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոն։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով․ «Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քվինի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը»։
Այս կարճ հաղորդագրության վերջում դեսպանատունն ուշագրավ շեշտադրում է արել՝ ըստ էության հաղորդագրությանը տալով ուղերձի և հայտարարության բնույթ․
«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վեր հանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։
Հարկ է նշել, որ այս ամենը տեղի է ունենում վերջերս և հատկապես մայիսից Միացյալ Նահանգների՝ կողմերի միջև սկսած ծավալուն միջնորդական աշխատանքից հետո։
Մայիսի կեսերից սկսած ականատես եղանք բազմաթիվ այցերի ռեգիոն՝ թե Ադրբեջան, թե Հայաստան, և թե Վրաստան, սակայն առավելապես՝ Հայաստան։ Եղան այցեր պետքարտուղարի տեղակալների մակարդակով՝ շուրջ 3 այց, տարատեսակ նախաձեռնություններ, ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի այց ՀՀ, պետքարտուղարի մակարդակով հեռախոսազանգ Ալիևին, Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որը, սակայն, կարծես չտվեց ցանկալի արդյունքը։ Այստեղ հարկ է նաև հիշեցնել, որ հայկական կողմը հենց այս շրջափուլում Ադրբեջանին առաջարկեց համաձայնագիրը վերջնականացնել և ստորագրել մեկ ամսվա ընթացքում, թերևս նկատի ունենալով այն, որ համաձայնագիրը կստորագրվի ԱՄՆ «քավորությամբ»։
Սակայն Ադրբեջանն այս առաջարկին դրական չարձագանքեց, այլ շարունակեց միակողմանի պահանջները, ինչպես նաև առաջարկները՝ նախաստորագրել մի շարք կարևոր սկզբունքներ պարունակող փաստաթուղթ, ապա աշխատել ընդլայնված համաձայնագրի վրա և այն ստորագրել նոյեմբերին Ադրբեջանում սպասվող COP-29 միջազգային միջոցառման շրջանակում։ Համաձայնագիրը մեկ ամսում ստորագրելու Երևանի առաջարկին ի պատասխան՝ Բաքուն բանակցային սեղան նետեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների և ադրբեջանցիների ՀՀ, այսպես կոչված, «վերադարձ» կեղծ թեզի հարցերը, սրելով մթնոլորտը։ Ապա սկսեց սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական գրոհներն ու ապատեղեկատվությունները։
Սա արդեն հաջորդեց հուլիսի 18-ին Լոնդոնում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ կողմերի տարաձայնություններին։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հուլիսի 25-ին տարածեց հայտարարություն․ «Հայաստանն ու իր հովանավորները պետք է զերծ մնան նոր պատերազմի օջախ ձևավորելու մտադրությունից»։ Պնդելով, թե վերջին շրջանում հայկական ուժերն իբր ծանր զինատեսակներ են կիրառել՝ Քելբաջարի, և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ, ադրբեջանական ռազմական գերատեսչությունը նշել է․ «Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նաև լկտիաբար քննադատել է արևմտյան պետություններին՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար։
«Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի»,- հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Եվ ստացվում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախապատրաստման թեժ փուլում, երբ գործող նախագահ Բայդենը պարտվեց Թրամփին նախագահական առաջին դեբատում, որից շաբաթներ անց Թրամփի դեմ մահափորձ տեղի ունեցավ, ապա օրեր անց գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարը լքելու մասին, իր հավանությունը տալով դեմոկրատների կողմից փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը, Ադրբեջանը տորպեդահարում է ամերիկյան միջնորդությունը։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում սա ԱՄՆ երկրորդ փորձն է, որն արժանանում է Ադրբեջանի միևնույն արձագանքին միևնույն սցենարով՝ ջանքերի սկզբնափուլում Ադրբեջանն ընդունում է որոշ նախաձեռնություններ, բանակցությունների իմիտացիա անում, ապա Հայաստանին ԱՄՆ-ի և Արևմուտքի աջակցության մասին մեղադրանքներով տապալում գործընթացը։
Օրերս էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել բանակցություններ Մոսկվայում, կողմերին տրամադրել հարթակ՝ բանակցությունների համար ամենահարմար պայմաններն ապահովելով։ Նա նաև ընդգծեց, որ Մոսկվան կողմ է իր դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրին։ Այս պահի դրությամբ դրան արձագանքել է միայն Բաքուն, Երևանը դեռ լռում է։ Հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները համաձայնագրի հնարավոր ստորագրման շուրջ, դիտարկելով ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունն ու հռետորաբանությունը, ինչպես նաև Բոնոյի այցը ՀՀ՝ կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը շարունակում է որոշակի լուծումներ ու միջնորդության հնարավորություններ փնտրել, որոնց հետ մեծ հույսեր է կապում Երևանն ու դեռ չի արձագանքում Մոսկվայի հրավերին։
Վերլուծելով ստեղծված իրավիճակը, եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բանակցություններն անցանկալի հունով են ընթանում։
Նրա որակմամբ, լուծումների ու փոխըմբռնման փոխարեն՝ կողմերը բախվել են նոր տարաձայնությունների, ինչպես նաև աշխարհաքաղաքական մրցակցության։
«Օգտվելով կողմերի ունեցած տարաձայնություններից, որոնք դրսևորվում են այն փուլում, երբ ԱՄՆ-ը փորձում է կողմերին ուղղորդել դեպի համաձայնագրի արագ ստորագրում, ՌԴ-ն փորձում է վերականգնել իր վաղեմի միջնորդական դերակատարությունը։
Բնականաբար, եթե նա կողմերից աջակցություն չստանա, ապա այդ առաջարկը շարունակություն չի ունենա։ Եթե կողմերից մեկը ցանկանա բանակցել Մոսկվայում, ԱՄՆ-ը պասիվություն ցուցաբերի և անհետևողականություն իր ջանքերի հարցում, ապա հնարավոր է, որ այս ամենին հետևեն բանակցություններ ՌԴ-ում»,- ասաց վերլուծաբանը։
Սակայն, ըստ նրա, բանակցությունների վայրն ընդամենն աշխարհաքաղաքական հարց է, գլխավորը հարցերն են, որոնց շուրջ կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության հասնել։
«Կարծում եմ՝ հենց դա է էականը։ Երբ կա Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նման թեժ պայքար, ապա հարթ բանակցային ընթացք ակնկալել թերևս պետք չէ, քանի որ այստեղ աշխարհաքաղաքականությունը միախառնվել է ԱՄՆ ներքին զարգացումների ազդեցությանը ու հայ-ադրբեջանական բանակցային դժվարություններին»,- ասաց Ստյուարտը։
Ինչ վերաբերում է ռեգիոնալ իրավիճակի սրմանը, ապա նա նշեց, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի սրման վտանգ, հատկապես, երբ սահմանային միջադեպերի մասին խոսակցությունները չեն դադարում։
«Պարզապես ներկայումս ՀՀ-ում տեղակայված են եվրոպացի դիտորդներ։ Դիտորդների ներկայությունը հնարավորություն է տալիս իրավիճակի մասին համապարփակ տեղեկատվություն ունենալ և գործի դնել արևմտյան դիվանագիտությունը։ Համաձայնագիրը շուտ ստորագրելու հնարավորություն կա, սակայն գործընթացը գնում է բարդացման ճանապարհով»,- ասաց նա։
ԱՄՆ, ռազմատենչ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Բայդեն, Բլինքեն, դիվանագիտություն, Արևմուտք, Քամալա Հարիս, դեմոկրատներ, նախագահական ընտրություններ, Փաշինյան, Ալիև, Լոնդոն, Վաշինգտոն, Լուիս Բոնո, եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտ