Բաժիններ՝

Հայկական Կոնյակի և Կոնյակի Սպիրտի Առեղծվածը․ Տիգրան Զրբաշյան

«Ամերիաբանկի» զարգացման տնօրեն Տիգրան Զրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայկական կոնյակագործության հետ կապված վերջին զարգացումներին չէի անդրադառնա, եթե չլիներ իմ ընտանեկան պատմությունը կապված Հայաստանի համար կարևոր և առանձնահատուկ այս ոլորտի հետ։

Հայրենական մեծ պատերազմը, ի լրումն մարդկային աննկարագրելի կորուստներին, սպառնալիք էր դարձել նաև հայկական կոնյակագործության համար: Ոգելից սպիրտային խմիչքներ արտադրող գործարանները ստանալով կրիտիկական օբյեկտի կարգավիճակ ենթակա էին ականապատման և պայթեցման՝ Թուրքիայի կամ Ճապոնիայի անակնկալ հարձակման դեպքում: Հայկական կոնյակագործության ականավոր դեմքերից մեկը` իմ պապը, վարպետ Մարգարը (Մարգար Սեդրակյան), դեմ գնաց այս հրամանին՝ թույլ չտալով իրականացնել ականապատումը և անձամբ պայթուցիկները հանձնեց ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ: Որպես հետևանք նրան հետապնդեցին և ձերբակալեցին: Սակայն իր «օրինազանց» գործունեությունը սրանով չսահմանափակվեց: Գործարաններում թույլատրվում էր պահպանել միայն պատրաստի կոնյակի արտադրանքը` կոնյակի սպիրտն ուղարկելով ռազմաճակատ` սպայական անձնակազմին։ Վարպետ Մարգարը գնաց հերթական հուսահատ քայլին՝ համոզելով Կենտրոնական համտեսի հանձնաժողովի աշխատակցին ապօրինի կերպով տպագրել «Արտաշատ» կոնյակի 1000 պիտակ` իբրև թողարկված 1941թ. մարտին, որոնք, սակայն իրականում գոյություն չունեին։ Այս անվան տակ էր, որ հնարավոր եղավ պահպանել ԽՍՀՄ-ի լավագույն կոնյակի սպիրտները, որոնք հետագայում մեծ դեր խաղացին հայկական կոնյակի գոյության փրկության և հեղինակության պահպանման ու բարձրացման գործում։

Սակայն այսօր մենք կամավոր ճանապարհ ենք բացում Հայաստանի տնտեսության և ոլորտի համար կարևոր կրիտիկական օբյեկտի՝ կոնյակի սպիրտի, կուտակված պաշարների վերացմանը, որոնք մեծ զրկանքների գնով պահպանվել էին անգամ պատերազմի ժամանակ:

ՀՀ կառավարությունը 2024 թվականի հունիսի 27-ին հաստատել է կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը, որով պետական բյուջեում նախատեսվում է շուրջ 700 մլն դրամ` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրելու աջակցություն։ Արդեն 5 տարի շարունակվող այս ծրագրի միջոցով Կառավարությունը խրախուսում է երկրից կոնյակի սպիրտի արտահանումը` հիմնավորելով այն տնտեսվարողների մոտ պահուստային տարածքների սղությամբ և ընթացիկ տարվա բերքի մթերման խնդիրներով: Թույլ տվեք ստորև կիսվեմ մի շարք նկատառումներով այս որոշման կապակցությամբ․

• Կոնյակը ունի ավելի մեծ ավելացված արժեք` համեմատած կոնյակի սպիրտի հետ. կոնյակի (2 լիտր կամ դրանից պակաս տարողությամբ տարաներում) մեկ լիտրի արտահանման միջին գինը 2022 թվականին կազմել է 12.3 ԱՄՆ դոլար, որը 3.3 անգամ ավելի է, քան կոնյակի սպիրտի մեկ լիտրի արտահանման միջին գինը (3.8 ԱՄՆ դոլար):

Այսպիսով ստացվում է որ Կառավարությունը աջակցում է ավելի ցածր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանմանը, ինչը հակասում է Կառավարության իսկ որդեգրած տնտեսական քաղաքականությանը:

• Կոնյակի արտադրությունը Հայաստանի այցեքարտային ճյուղերից է, որի մասով դարեր շարունակ կուտակվել են արժեքներ, գիտելիք և հմտություններ: Սակայն խթանելով կոնյակի սպիրտի արտահանումը Հայաստանը այլևս չի կարող վերահսկել, թե ում կողմից, ինչպես և ինչ բաղադրությամբ է այն օգտագործվում։ Արդյունքում մեր ավանդական շուկաներում վաճառվում է անհասկանալի որակի «հայկական կոնյակ», ինչը վտանգում է այդ շուկաներում մեր արտադրողների դիրքերը:

• Որքան մեծանում է կոնյակի սպիրտի պահպանման ժամկետը կամ դրա հնեցումը, այնքան բարձրանում է վերջինիս արժեքը։ Վերացնելով կոնյակի սպիրտի Հայաստանում ձևավորված պաշարները, ինչպես նաև ավելացնելով երկիր ներմուծվող կոնյակի սպիրտի քանակները երկարաժամկետ հեռանկարում մենք զոհում ենք կոնյակի տեղական արտադրությունը և արտահանումը։

• 2019-2023 թթ ընթացքում, Հայաստան է ներմուծվել ավելի քան 11․9 մլն լիտր կոնյակի սպիրտ, որը նույնպես անհրաժեշտ է պահեստավորել։

Վերը թվարկածից առաջանում են տրամաբանական հարցեր։ Ո՞րքանով է տնտեսվարողների մատնանշված պահեստային տարածքների խնդիրները համապատասխանում իրականությանը։ Ինչու՞ է Կառավարությունից պահանջվում 5 տարի պահեստների խնդիրը լուծելու համար: Ի՞նչու է Կառավարությունը կարճաժամկետ լուծում առաջարկում պահեստային տարածքների սղության և ընթացիկ տարվա բերքի մթերման խնդիրները լուծելու համար՝ առանց դիտարկելու կոնյակի արտադրության` որպես Հայաստանի համար առանցքային արտադրության ընդլայնումն ու զարգացումը:

Ներկայումս մշակվում է Հայաստանի արտահանման ռազմավարությունը, որի իրագործման արդյունքում ենթադրվում է ունենալ բարձր ավելացված արժեք ունեցող, բարդ և նորարարական ապրանքներից ու ծառայություններից բաղկացած արտահանման ապրանքային զամբյուղ, որում ներառված է նաև հայկական կոնյակի արտադրանքը` շնորհիվ իր բնութագրիչների, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել թե ապրանքային, թե շուկայական տարբերակման և նվազեցնել շուկայական ու ապրանքային կենտրոնացվածության մակարդակը: Ստանձնելով այս տեսլականի հանձնառությունը` Կառավարությունը պետք է վերանայի իր կողմից հաստատված ծրագրերն ու ընդունված որոշումները` տնտեսական քաղաքականության ղեկը ճիշտ ուղղությամբ պահելու և տնտեսական մարտահրավերները հասցեագրելու միջոցով ներառական տնտեսական աճ ու զարգացում ապահովելու նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս