Միջազգային հանրությունը շարունակում է արդարացնել Ալիևի հանցագործությունները. Newsweek
Անցյալ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա և մի քանի օրում բոլոր 120 հազար էթնիկ հայերը լքեցին իրենց նախնիների հայրենիքը, որոնց մեծ մասը Հայաստանում դարձավ փախստական, գրում է Newsweek-ը։
Freedom House-ի զեկույցում ողբերգությունը նկարագրվում է որպես էթնիկ զտումների ծրագրված գործողություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կազմակերպած այս ողբերգությունը ոչ միայն տարածաշրջանային խնդիր է, այլ՝ համապարփակ գործողություններ պահանջող մարդու իրավունքների լուրջ ոտնահարում:
Ալիևը, որն Ադրբեջանը ղեկավարում է 2003 թվականից, համակարգված կերպով քանդել է ժողովրդավարական ինստիտուտները և համախմբել իշխանությունը երկրի ներսում՝ ստեղծելով մի ռեժիմ, որը բնութագրվում է կոռուպցիայով, հալածանքներով և մարդու իրավունքների ոտնահարմամբ: Ադրբեջանում իշխանությունից ամուր կառչած Ալիևի ռեժիմը ամրապնդվում է ընտրակեղծիքների, այլախոհության ճնշման և լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության միջոցով: Անկախ ձայները լռեցվում են, քաղաքական հակառակորդները՝ բանտարկվում, իսկ քաղաքացիական հասարակությունը ճնշման ենթարկվում՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ իշխանությունը պահպանվում է վախի և ահաբեկման միջոցով:
Ալիևը բռնապետության ևս մեկ այլ դասական հնարք կիրառեց՝ շեղել բնակչության ուշադրությունը հորինված ճգնաժամով արտաքին մտացածին թշնամիների դեմ: Այդ կերպ, ռեժիմը, հատկապես 2020 թվականից սկսած, անընդհատ սաստկացնում է հայերի դեմ իր հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողությունները։
Զեկույցը, որը հրապարակվել է անցյալ ամիս, հիմնված է արբանյակային պատկերների, հանրությանը հասանելի տեղեկատվության և իրադարձություններից փրկվածների հետ հարցազրույցների վրա: «Խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանց հարկադիր հեռացումը միտումնավոր է եղել։ Նշված տվյալները վկայում են, որ գոյություն ունի համակարգված, երկարաժամկետ ծրագիր, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից ազատելուն»,-ասված է զեկույցում.
«Այս քաղաքականությունը ձեռք է բերվել այնպիսի գործողությունների միջոցով, որոնք մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ ոտնահարումներ են»:
Զեկույցում նկարագրվում է այն չարաշահումներն ու սպանությունները, որոնցով ուղեկցվել և խթանվել է փախուստը, և նշում է, որ այդ ժամանակից ի վեր «Բաքուն շարունակել է ջնջել Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքների, մշակույթի և ժառանգության ապացույցները: Փաստահավաք առաքելության ձեռք բերած արբանյակային պատկերները, ինչպես նաև երկրորդական աղբյուրներից ստացված տվյալները վկայում են հայկական գերեզմանոցների, եկեղեցիների և բնակելի թաղամասերի ավերվածության մասին»։
Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը 2022 թվականի դեկտեմբերին՝ պատճառ դառնալով այնտեղ կենսապայմանների կտրուկ վատթարացման։ 2023 թվականի փետրվարին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր դադարեցնել շրջափակումը։ Ադրբեջանը կոպտորեն անտեսեց այս որոշումը։ ՄՔԴ-ի՝ իրավական որոշման կիրարկման միակ մեխանիզմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, սակայն այդ մարմինը ոչինչ չի ձեռնարկել։
Բացի մակերեսային հայտարարություններից, համաշխարհային հանրությունը ոչինչ չի ձեռնակել։ Դրանից սիրտ առնած Ադրբեջանը հարձակվեց՝ համարձակորեն հավատալով, որ աշխարհը կրկին անտեսելու է: Ինչն էլ հենց տեղի ունեցավ։
Սրանով չբավարարվելով՝ Ադրբեջանն այժմ սպառնում է Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Եթե դա ընդունվի լռությամբ, բռնապետությունն, ամենայն հավանականությամբ, կհարձակվի: Ադրբեջանը ցանկանում է դեպի Թուրքիա ցամաքային միջանցք բացել Հայաստանի տարածքով։
Միջազգային հանրությունը հնարավորություն ունի քավելու իր մեղքը, եթե պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին։ Միջազգային հանրությունը չի կարող իրեն թույլ տալ աչք փակել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա։
Բացի հանցագործների դեմ իրավական գործողություններից, անհապաղ քայլերից մեկը, որը կարելի է ձեռնարկել, դիվանագիտական պատժամիջոցների կիրառումն է։ Սա ներառում է Ալիևի վարչակարգի առանցքային դեմքերի ակտիվների սառեցում և ճանապարհորդությունների արգելքների սահմանում: Սա ուժեղ ազդանշան կհղի, որ միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի կառավարության գործողությունները և մարդու իրավունքների ոտնահարումներն այլևս չի հանդուրժի։