«Իրանը Եվրոպայից սպասում է կամքի և կենսունակության ցուցիչ, որտեղից այն ստանա, հենց դա էլ «կհամարի» Եվրոպա»․ Հակոբ Բադալյան
Քաղաքագետ հակոբ բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Իրանի արտգործնախարարության խոսնակ Քանանին խոսելով Իրան-Եվրոպա փոխհարաբերության մասին, ասել է, որ այդ հարաբերությունը կկարգավորվի այն ժամանակ, երբ Եվրոպան կդադարի հետևել ԱՄՆ ցուցումներին:
Իհարկե նախ պետք է պարզել, թե Իրանն ի՞նչ է պատկերացնում Եվրոպա ասելով:
Այսինքն, Եվրոպայի ի՞նչ կառուցվածք: Եվրամիությու՞ն՝ իր ներկայիս տեսքով, ուժերի ներկայիս հարաբերակցությամբ, թե՞ Եվրամիություն ուժերի բոլորովին այլ հարաբերակցությամբ, օրինակ՝ աջերի գերակայությամբ:
Որովհետև այստեղ կարևոր է հասկանալ Ֆրանսիայի դերը: Հատկապես այն իմաստով, որ իրական ֆրանսիական շահը թերևս ենթադրում է, որ Կենտրոնական Ասիայից, կամ ընդհանրապես Հեռավոր Արևելքից դեպի Եվրոպա լոգիստիկան պետք է անցնի ոչ թե այսպես կոչված Միջին միջանցքի երթուղով՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա, այլ Հյուսիս-հարավ կամ Պարսից ծոց-Սև ծով տրամաբանությամբ՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, որպեսզի Ֆրանսիան չհայտնվի Ադրբեջանից ու Թուրքիայից, ըստ այդմ նաև Բրիտանիայից կախվածության մեջ:
Բրիտանիան ու ԱՄՆ բավականին հստակ են արտահայտվել ու արտահայտվում Միջին Միջանցք կառուցելու շահագրգգռության հարցում, ի տարբերություն Ֆրանսիայի:
Բայց, Ֆրանսիան ունի՞ համարձակություն ու կամք գործել եվրաատլանտյան թելադրված նարատիվներից դուրս: Առայժմ՝ ոչ, և դրա համար է թերևս նաև, որ Մակրոնը գործում է այդ նարատիվների «ուլտրատրամաբանությամբ», այլ կերպ ասած՝ խաղը փոխել չկարողանալով, խաղը սրելու տրամաբանությամբ:
Բայց, միևնույնն է, դա ավելի շուտ անկարողության, քաղաքական տկարության, քան կամքի և կենսունակության ցուցիչ է: Իրանը Եվրոպայից սպասում է կամքի և կենսունակության ցուցիչ, և ըստ ամենայնի, որտեղից այն ստանա՝ բնականաբար իր շահերի հետ համադրելիության շրջանակում, հենց դա էլ «կհամարի» Եվրոպա»։