«Հայոց պատմությունը» փոխել «Հայաստանի պատմություն» անունով, նշանակում է՝ չիմանալ գրաբար, սրբագրել Խորենացուց մինչև Միքայել Չամչյան ու Լեո. Աշոտ Մելքոնյան

Անցյալ հինգշաբթի՝ հուլիսի 11-ին, Կառավարությունը որոշում ընդունեց, և «Հայոց պատմություն» դասագիրքը դարձավ «Հայաստանի պատմություն»։

Նիկոլ Փաշինյանն ընդունաց որոշումը պարզաբանեց, որ կառավարության ռազմավարության և քաղաքականության շրջանակում ընկած են ինքնիշխանությունն ու պետականությունը:

«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է, ու պետք է մենք ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ։

Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ հայոց պատմությունը` պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով։ Այն բոլոր պետությունները, որ մենք ունեցել ենք՝ տարբեր դինաստիաներ, հարստություններ, պատմության սյուներն են, Հայաստանի պատմության սյուներն են, ու մենք այդ սյուներն ուսումնասիրելու վրա ավելի շատ ժամանակ պետք է տրամադրենք»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ «Հայոց պատմության» տրամաբանության մեջ կարող է պարզվել, որ մենք ուրիշ պետությունների ավելի շատ ենք անդրադառնում, քան մեր պետություններին։

«Սա իրողություն է, ուրիշ պետություններին ավելի շատ ենք անդրադառնում, որովհետև կարող է պարզվի, որ մեր չպետությունն ավելի շատ է, քան պետության պատմությունը»,– հավելեց Փաշինյանը։

Այն պահից, երբ շրջանառության մեջ դրվեց իշխանություևների այս մտադրությունը, և հատկապես, երբ Կառավարությունն ընդունեց դասագրքի անունը փոխելու որոշումը, պատմաբանների, շարքային քաղաքացիների համար պարզ չէ, թե դպրոցներում «Հայաստանի պատմություն» առարկայի ընթացքում ինչ են սովորելու, օրինակ, սովորելո՞ւ են Արևտյան Հայաստանի, Նախիջևանի, Արցախի պատմությունը, թե՞ ոչ։ Կան բազմաթիվ հարցեր, որոնց հասցեատերը ոչ թե մասնագետներն են, այլ Կառավարությունը։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը թեմային անդրադառնալուց առաջ նախ խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել այն մարդկանց, որոնք առաջարկել են «Հայոց պատմությունը» դարձնել «Հայաստանի պատմություն»։

«Եթե վաղը պարզվի, որ մեր՝ հայոց լեզուն դարձնելու են Հայաստանի լեզու՝ չեմ զարմանա։ Ինձ համար այս որոշումները միանշանակ անընդունելի են, քանի որ ճիշտը «Հայոց պատմությունն» է, որը նշանակում է Հայաստանների պատմություն։

Թե ինչ նպատակով են արել՝ չեմ կարող ասել, Հայաստանի պատմություն ասելով՝ նկատի է առնվում Առաջին Հանրապետության պատմությունից սկսած՝ պետականության նորագույն դարաշրջա՞նը, թե՞ նկատի է առնվում, օրինակ, Երրորդ Հանրապետության շրջանը՝ 1991 թվականից սկսած, թե՞ 2018 թվականը՝ իշխանափոխությունից սկսած։

Սա շատ բարդ հարց է, որի հասցեատերը ես չեմ։ Ինձ համար հստակ է, որ «Հայոց պատմություն» ավանդական ձևը փոխել «Հայաստանի պատմություն» ձևով, նշանակում է՝ չիմանալ գրաբար, և երկրորդը՝ սրբագրել Խորենացուց մինչև Միքայել Չամչյան և Լեո՝ Առաքել Բաբախանյան»,- շեշտեց ակադեմիկոսը։

Մեր հարցին, թե դպրոցներում ուսուցիչները պե՞տք է բոյոկտեն այս որոշումը, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է խնդրի էությունը հասկանա և անհատական մոտեցում ցուցաբերի։

«Եթե հիմա «Հայաստանի պատմությունից» հանվի «Կիլիկիայի հայոց պետականության» պատմությունը, սա նշանակում է, որ «Հայաստանի պատմությունը» վերաբերելու է այս Հայաստանին, լավագույն դեպքում՝ Հայաստանի Հանրապետությանը, կարող է նույնիսկ չվերաբերել հայկական լեռնաշխարհին՝ չլինի Նախիջևանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի մասին և այլն։

Գիտական առումով սա միանշանակ սխալ է, բայց եթե սրա տակ կա քաղաքական ենթատեքստ, հարցերին պետք է պատասխանեն իշխանությունները»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Ի դեպ, իշխանությունները նման որոշում ընդունեցին՝ դեմ գնալով հասարակության մեծ մասի ու անվանի գիտնականների ու փարձագետների կարծիքներին։ e–draft.am կայքում քվեարկած քաղաքացիների մեծ մասը դեմ է հանդես եկել այս փոփոխություններին ու առաջացրել մեծ դժգոհություններ։ Բայց ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանն անտեսեց «3 մլն վարչապետների» կարծիքը։

Տեսանյութեր

Լրահոս