Հայաստան․ «Խաղաղ ատոմն»՝ աշխարհաքաղաքական ինտրիգների կիզակետում. Վահե Դավթյան

Երեւանին կասկածելի նախագծեր առաջարկելով՝ ԱՄՆ-ում Հայաստանը դիտարկում են որպես վտանգավոր միջուկային փորձերի փորձադաշտ։

Հայկական ԱԷԿ-ը հետեւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանձնարարականներին եւ հրահանգներին, սերտորեն համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ լուրջ աշխատանք տանում ԱԷԿ-ի անվտանգության առումով, որոշ ժամանակ առաջ հայտարարել է Ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին` արձագանքելով Անկարայից կազմակերպությանը հասցեագրված նամակին`միջոցներ ձեռնարկել օբյեկտի փակման ուղղությամբ խնդրանքով: Անցած մայիսին պարոն Գրոսսին կայանի շահագործման հարցերը քննարկել է Հայաստանի արտգործնախարարի հետ:

Հայաստանի էներգետիկ համալիրի կենտրոնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ միջուկային էներգետիկայի զարգացման ռազմավարական սցենարի բացակայությունը: 2000-ական թվականներից սկսած՝ հանրապետության կառավարությունը ոչ միանշանակ մոտեցում է ցուցաբերել «խաղաղ ատոմի» զարգացման ուղղությամբ՝ մեկ նախապատվությունը տալով ավանդական (մեծ) հզորության միջուկային էներգաբլոկի կառուցմանը, մեկ խթանելով փոքր մոդուլային ռեակտորների կառուցման ծրագրերը, մեկ ամբողջովին հավատարիմ մնալով «միջուկային լիբերալիզմի» քաղաքականությանը, որի շրջանակներում միջուկային էներգետիկան պետության կողմից չի դիտարկվում որպես էներգետիկ զարգացման գերակա ուղղություն։ Եվ այսօր մենք հետեւում ենք կառավարության բավական լղոզված մոտեցումներին հայկական «խաղաղ ատոմի» ապագայի վերաբերյալ, որը գնալով ավելի հաճախ է դիտարկվում ոչ թե որպես ռազմավարական ռեսուրս եւ անվտանգության գործոն, այլ որպես էլեկտրաէներգետիկական արտադրության հերթական օբյեկտ: Դրա վկայությունն են, օրինակ, պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ 2023ին Հայաստանում արեւային էլեկտրակայաններն իրենց հզորությամբ գերազանցել են Հայկական (Մեծամորի) ատոմակայանի հզորությունը, փաստ, որը պաշտոնական Երեւանը ներկայացնում է որպես կարեւոր ձեռքբերում, որն անհրաժեշտ է ամրագրել առաջիկա տարիներին։

Մասնավորապես, մինչեւ 2030ը Հայաստանի կառավարությունը նախատեսում է հանրապետության էներգետիկ հաշվեկշռում արեւային էներգիայի տեսակարար կշիռը հասցնել 15 տոկոսի։ Սակայն եթե արեւային էներգետիկայի հետ կապված, տեսնում ենք, կան որոշակի, քանակապես չափելի պլաններ եւ կանխատեսումներ, ապա նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասով բացակայում է որեւէ հստակություն։ Միակ բանը, որի մասին կարելի է վստահորեն ասել, այն է, որ «Ռոսատոմի» կողմից իրականացված արդիականացման աշխատանքները թույլ են տալիս կայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչեւ 2036ը, ինչի համար ներկայումս նախապատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը:

Միեւնույն ժամանակ, այսօր արդեն անհրաժեշտ է որոշել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման սցենարը՝ հաշվի առնելով, որ դրա կառուցման համար (եթե ընտրություն կատարվի հօգուտ ավանդական հզորության բլոկի) կպահանջվի մոտ 10 տարի եւ 5-6 միլիարդ դոլարի ներդրում: Այս հարցում ռազմավարական որոշում կայացնելը մարտահրավեր է Հայաստանի անվտանգությանը։ Եւ ոչ միայն էներգետիկ։

Հայաստանի էներգետիկ համալիրում միջուկային էներգետիկայի տեսակարար կշիռն ու տեղը հասկանալու համար նշենք՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկումից ի վեր նրա տեսակարար կշիռն էներգետիկ հաշվեկշռում կայուն բարձր է մնացել.1995-2016-2017թթ. ՀԱԷԿ-ի տեսակարար կշիռն երկրի ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում կազմել է մոտ 40%, սակայն վերջին տարիներին կրճատվել է մինչեւ 30%, ինչը հիմնականում կապված է համալիր վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով օբյեկտի կանգառների հետ: Իրականացված արդիականացման աշխատանքների արդյունքում կայանի դրվածքային հզորությունը 407 ՄՎտ-ից հասել է 448,2 ՄՎտ-ի:

2023-ի արդյունքներով Հայաստանում արտադրվել է 8,845 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 3,5% – ով ցածր է 2022ի ցուցանիշից՝ 9,165 մլն կՎտ/ժ։ Հատկանշական է՝ արտադրության բոլոր տեսակները, բացառությամբ արեւային, անկում են գրանցել. ՋԷԿ – երում արտադրությունը նվազել է 4,2% – ով, ՀԱԷԿ՝ 4,8% – ով, ՀԷԿ-երինը՝ 15,2% – ով։ Միեւնույն ժամանակ, արեւային էլեկտրակայաններում արտադրության աճը կազմել է 55%: Այսպիսով, 2023ին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արեւային էլեկտրակայանների տեսակարար կշիռը կազմել է 8,7 տոկոս, 41 տոկոս՝ ջերմային էլեկտրակայաններից, 31 տոկոս՝ ՀԱԷԿ։

Ի դեպ, սխալ է գնահատել միջուկային էներգետիկան բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության տեսնակյունից՝ ներքին պահանջարկը բավարարելու նպատակով։ Կրկնակի սխալ է նման մոտեցումը Հայաստանի նկատմամբ, որը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ունի միջուկային հզորություններ։ Ատոմակայանի առկայությունը Հայաստանի համար յուրատեսակ ռազմավարական կարգավիճակ է, ազգային անվտանգության առանցքային գործոններից մեկը, որն ապահովում է ոչ միայն էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը ներքին շուկա, այլեւ թույլ է տալիս իրականացնելինքնուրույն արտահանման ռազմավարություն՝ ոլորտ, որտեղ լուրջ հակասություններ են նկատվում։ Գլխավորը, թերեւս, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն է (2022ի փետրվար)։

Ազատականացման ծրագիրն անդրադառնում է նաեւ արտահանման-ներմուծման ոլորտներին, ինչի արդյունքում անհրաժեշտ լիցենզիաներ ստացած մի շարք առեւտրական ընկերություններ այսօր հնարավորություն ունեն Հայաստան էլեկտրաէներգիա ներկրել ահիմնականում հարեւան վրացական շուկայից (2023ի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը Հայաստան է արտահանել 78,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 4,1 մլն ԱՄՆ դոլարով): Եվ դա այն դեպքում, որ Հայաստանն ունի արտադրական հզորությունների ավելցուկ, եւ ինքը պետք է միտված լինի արտահանման ռազմավարության զարգացմանը։ Գտնվելով հայկական տնտեսության համար հսկայական վարկային բեռի տակ (տարբեր գնահատականներով՝ մինչեւ 1 մլրդ ԱՄՆ դոլար) հայկական էներգահամակարգը պետք է արտաքին շուկաներ դուրս գալու ուղիներ փնտրի իր ՕԳԳ-ն բարձրացնելու նպատակով՝ ներքին սակագների վրա վարկային բեռի հետագա նվազեցմամբ։ Այս հակասությունը երեւում է նաեւ հայկական իշխանությունների կողմից ընդունվող կառավորղ փաստաթղթերում։ Այսպես, մինչեւ 2040ը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում, ի թիվս այլոց, ընդգծված են երեք առաջնահերթ ուղղություններ․ Հայկական ԱԷԿ – ի շահագործման ժամկետի երկարաձգում եւ միաժամանակ նոր էներգաբլոկի կառուցում (առանց հզորության նշման), «Հյուսիս – հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի կառուցում (Իրան – Հայաստան -Վրաստան-Ռուսաստան) եւ էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ազատականացում: Հակասությունը՝ տարածաշրջանում կոշտ աշխարհատնտեսական մրցակցության ժամանակակից պայմաններում, որը հաճախ առանձնանում է շատ արխայիկ պրոտեկցիոնիզմով, արտահանումը մեծացնելու նպատակով միջազգային էլեկտրաէներգետիկական միջանցքներին ինտեգրումը գրեթե անհնար է թվում ազատականացված շուկայի առկայության դեպքում։ Դրա մասին են վկայում նաեւ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերների էլեկտրաէներգետիկական շուկաների ազատականացման ընդունված, սակայն միայն մասամբ իրականացված ծրագրերը։ Նշենք՝ 2023ին Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը կրճատվել է 23,4 տոկոսով, միտում, որը շարունակվում է նաեւ ընթացիկ տարում։

Այնպես որ, եթե Հայաստանի էներգաանվտանգության մակարդակի բարձրացման կարեւոր պայմաններից մեկը «Հյուսիս – հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքին ինտեգրումն է (որի վերաբերյալ քառակողմ համաձայնագիր ստորագրվել է 2016ին), ապա էլեկտրաէներգիայի արտահանման ապահովման համար կայուն գեներացիայի օբյեկտ հանդիսացող ԱԷԿ – ի առկայությունը եւս պետք է դիտարկել որպես առաջնահերթություն: Վերջինս հատուկ նշանակություն է ստանում դեպի Իրան (մասնավորապես՝ էներգակիրների պակաս ունեցող հյուսիսային նահանգներ) արտահանումը մեծացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որի հետ Հայաստանը «էներգետիկ երկխոսություն» է իրականացնում «3 կՎտ․ժ էլեկտրաէներգիա՝ 1 խմ բնական գազի դիմաց» բանաձեւով։ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում Իրանի եւ Հայաստանի միջեւ կառուցվող երրորդ էլեկտրահաղորդման գիծը կարող է գրեթե եռապատկել նշված բարտերով մատակարարումների ծավալները՝ հատկապես հաշվի առնելով Իրան – Հայաստան գազատարի ոչ ամբողջությամբ օգտագործվող թողունակությունը (հզորությունը՝ տարին 2,3 մլրդ խմ), ներմուծվում է լավագույն դեպքում 400-ից մինչեւ 500 մլն խմ):

Լինելով Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման երաշխավորը՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն այսօր հանդիսանում է մի շարք արտաքին դերակատարների աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետը, որոնք այս կամ այն կերպ շահագրգռված են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց ազդեցության մեծացմամբ: Դրանցից պետք է առանձնացնել առաջին հերթին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իսկ երկրորդական հետաքրքրվողներից ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել են տալիս Հնդկաստանը, Ֆրանսիան եւ Հարավային Կորեան։ Սակայն այս երեք պետությունների մոտ կոնկրետ կոմերցիոն առաջարկների բացակայության պատճառով անդրադառնանք ռուսական եւ ամերիկյան առաջարկներին։

Հայկական ատոմակայանը, լինելով խորհրդային ժառանգություն, գերազանցապես տեղավորվում է քաղաքացիական միջուկային օբյեկտների կառավարման ռուսական մոդելի մեջ։ 2003 – 2013թթ. կայանը գտնվել է Интер РАО ЕЭС – ի, իսկ դրան հաջորդած ժամանակահատվածում՝ ՀՀ կառավարության հավատարմագրային կառավարման ներքո: Հատկանշական է՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացումը հնարավոր է դարձել Մոսկվայի ֆինանսական աջակցության շնորհիվ.խոսքը 2015-ին ստորագրված Երեւանին 270 մլն եւ 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ տրամադրելու միջկառավարական պայմանագրի մասին է։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ վարկը տրամադրվել է Երեւանի համար բավական հարմարավետ պայմաններով (տարեկան 3,5%), 2020ի ամռանը, արդեն վարչապետ փաշինյանի օրոք, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց հրաժարվել ռուսական վարկի մնացած մասից (մոտ 107 մլն ԱՄՆ դոլար)՝ աշխատանքներն ավարտելու համար հատկացնելով պետական վարկ: Եվ նույնիսկ այդ դեպքում կայանում արդիականացման աշխատանքների հիմնական կապալառուն «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունն էր՝ «Ռուսատոմ Սերվիսը»։ Եվս մեկ անգամ նշենք՝ իրականացված աշխատանքների շնորհիվ ներկայումս պատրաստվում է որոշում օբյեկտի շահագործման ժամկետը մինչեւ 2036ը երկարաձգելու մասին: Այսօր ռուսական պետական կորպորացիան Երեւանին առաջարկում է 1200 Մվտ (ВВЭР-1200) հզորությամբ միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծ՝ Լենինգրադի ԱԷԿ-ի նմանությամբ: Դրան զուգահեռ իր առաջարկով հանդես է գալիս նաեւ Վաշինգտոնը։ Ճիշտ է, ի տարբերություն Մոսկվայի, ամերիկյան տարբերակը դեռեւս քանակական չափում չունի.խոսքը միայն փոքր մոդուլային ռեակտորի կառուցման մասին է՝ առանց կոնկրետ նախագծային հզորության նշման։ Սակայն կարեւոր է մեկ այլ բան.ներկայումս աշխարհում գոյություն ունի միայն երկու երկիր, որոնք կառուցել եւ շահագործում են մոդուլային ռեակտորներ՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ առաջին մուդուլային ռեկտորների գործարկումը սպասվում է 2030ին: Այնուամենայնիվ, այս հեռանկարը նույնպես հարցականի տակ է՝ հաշվի առնելով արտադրության հաշվարկված բարձր արժեքը:

Վաշինգտոնի առաջարկած նախագիծը բավականին կասկածելի է թվում, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ վտանգավոր։ Ռիսկը կայանում է նրանում, որ առաջարկելով Երեւանին իրագործել մոդուլային ռեակտորների կառուցման նախագիծը եւ չունենալով դրա շահագործման փորձ, Վաշինգտոնն, ըստ էության, Հայաստանի էներգահամակարգը դիտարկում է որպես դրանից բխող բոլոր սպառնալիքներով փորձերի յուրատեսակ տարածք։

Այսպիսով, Հայաստանին անհրաժեշտ է ավանդական հզորության ԱԷԿ՝ «խաղաղ ատոմ» զարգացնող պետության կարգավիճակը պահպանելու համար։ Վերջինս հատկապես կարեւոր է թվում՝ հաշվի առնելով Անկարայի եւ Բաքվի կողմից Հայկական ԱԷԿ-ի վրա պարբերական հարձակումները, որոնք Երեւանին մեղադրում են տարածաշրջանի համար իբր բնապահպանական ռիսկեր ստեղծող օբյեկտի շահագործման մեջ։ Եվ թեեւ նման տեղեկատվական հարձակումները հեշտությամբ մերժվում են ինչպես ՄԱԳԱՏԷ-ի, այնպես էլ միջազգային փորձագիտական հանրության կողմից (ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան), ամեն անգամ դրանք ավելի ու ավելի բարդ են բնույթ են ստանում՝ միաժամանակ վկայելով այն մասին, վերն արդեն նշվեց, որ Հայկական ԱԷԿ-ը հանրապետության Ազգային անվտանգության առանցքային գործոններից մեկն է։

Ինչ վերաբերում է հայկական «խաղաղ ատոմի» զարգացման սցենարներին, ապա, տեսանելի է, Երեւանը պետք է ընտրություն կատարի հօգուտ «Ռոսատոմի» առաջարկի, սակայն միայն այն «Հյուսիս – Հարավ» միջազգային էլեկտրաէներգետիկական միջանցքի հետ զուգակցելու պայմանով, որին ինտեգրվելը Հայաստանին խոստանում է ինչպես տնտեսական, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական օգուտներ։

Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տեսանյութեր

Լրահոս