Ինչպե՞ս է կոլեկտիվ տրավման ազդում հասարակության անդամ անհատների վրա. բացահայտում է հոգեբանը
Կոլեկտիվ տրավմա առաջանում է կյանքի այնպիսի փորձառությունից, որը մահաբեր է կամ սպառնալիք մարդկանց ֆիզիկական գոյությանը, որի հետևանքով եղել են զոհեր, տեղահանություններ, բազմաթիվ կյանքեր խորտակվել են, փլուզվել ենթակառուցվածքներ։
«Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Խաչատուր Գասպարյանը ներկայացրել է կոլեկտիվ տրավմայի առաջացման պատճառները, սոցիալական հարաբերությունների վրա ազդեցությունը, հաղթահարման ուղիները, կոլեկտիվ տրավմայի միջսերնդային փոխանցման մեխանիզմները:
«Պատճառները շատ են՝ սկսած, օրինակ, երկրաշարժից, որի փորձը հայ ժողովուրդը, ցավոք սրտի, ունի, մինչ այդ մոտ 110 տարի առաջ ցեղասպանությունը, կարող ենք նաև դիտարկել Հոլոքոստի օրինակը, որը նույնպես համարվում է կոլեկտիվ տրավմա: Բայց այստեղ շատ հետաքրքիր մի առանձնահատկություն կա, որ կոլեկտիվ տրավմայի դեպքում կան զոհեր, որոնք անմիջապես են իրենց «կաշվի վրա» զգում տեղի ունեցածի հետևանքները, և կան ոչ մասնակից, բայց տրամայի ենթարկված այլ անձինք»,-նկատեց մասնագետը:
Հարցին, թե ինչպե՞ս է կոլեկտիվ տրավման ազդում հասարակության անդամ անհատների վրա` նա պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե այդ մարդը ինչքանո՞վ է իրեն նույնականացնում հասարակության այս կամ այն խմբի հետ։ «Կապ ունի թե մենք մեր ինքնության մեջ ինչն եք համարում կարևոր, օրինակ, որքանով է մեզ համար կարևոր հայ լինելու հանգամանքը, այն մեր ինքնության որ մասն է կազմում»,-նշեց Գասպարյանը:
Նրա բնորոշմամբ՝ կոլեկտիվ տրավման կարծես հայացք է անցյալին և կամուրջ՝ անցյալի ու ներկայի միջև: «Եվ այդ կամուրջը կարող է մեզ խանգարել ապրել, բայց կարող է նաև օգնել՝ ավելի ստեղծագործական լինելու, ավելի նոր մտածողություն որդեգրելու: Կապ ունի, թե ինչպիսին է մեր ընդհանուր հավաքական նպատակը, ինչի շուրջ ենք մենք համախմբված, և այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ երբեմն չկարողանալով ազատվել տրավմայի կապանքներից, ինչպես ցեղասպանության դեպքում է կամ Հոլոքոստի, հնարավոր է, որ մենք հաջորդ սերնդին տրավմայի հետ փոխանցենք պայքարելու կամ հաղթահարելու այդ պատգամը»,- ընդգծեց նա:
Թեման առավել մանրամասն հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատուր Գասպարյանը ներկայացնում է զրույցի և աուդիո, և վիդեո տարբերակում: