Կիրանցեցիներին թողել են միայնակ՝ փշալարերի ու փշալարերից այն կողմ կանգնած ադրբեջանցիների հետ. Կիրանցի բնակիչ

Տավուշի մարզում ապրիլի 19-ից սկիզբ առած սահմանազատման գործընթացը դեռևս ավարտին չի հասել։ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ ՀՀ իշխանությունները շատ արագ տեղադրեցին սահմանային սյուները, որոշ ժամանակ անց տեղադրվեցին փշալարեր՝ լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվեցին: Ադրբեջանցի սահմանապահներն էլ արդեն կանգնել են սահմանին, սակայն Կիրանցի կամուրջն ու միջպետական ճանապարհի մի հատվածն Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ աշխատանքները չեն ավարտվել։

Հունիսի 10-ից Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն այլևս չի գործում, մարդիկ պետք է երթևեկեն Աճարկուտ գյուղով։ Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող բետոնե պատ է կառուցվում արդեն, ըստ որոշ տեղեկությունների՝ այն երեք մետր բարձրություն ու 100 մետր երկարություն է ունենալու, շինարարությունը դեռ շարունակվում է։ Թեպետ, ըստ հայ-ադրբեջանական հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության, կամուրջն ու ճանապարհի այդ հատվածը պետք է Ադրբեջանի վերահսկողությանն անցնեին հուլիսի վերջին, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը ժամկետից շուտ է ստանում այն, ինչ պահանջում է ՀՀ իշխանություններից։

168.am հետ զրույցում Կիրանցի բնակիչ Մասիս Ավալյանն ասաց՝ գյուղում շինաշխատանքներն այս պահին էլ շարունակվում են, որով իբրև թե Կիրանց գյուղը բաժանում են Ադրբեջանին հանձնած տարածքներից և իբր դրանով գյուղի ու գյուղացիների անվտանգությունն են ապահովելու։

«Որևէ մեկը մեզ որևէ բացատրություն չի տվել, թե ինչու են ժամանակից շուտ հանձնում Ադրբեջանին։ ճանապարհներ են սարքում, ճանապարհներ են կտրում, ինչ-որ ակտիվ շինաշխատանքներ են իրականացնում, որ ամեն ինչ «իդեալական» լինի։

Կարդացեք նաև

Իշխանական պատգամավորներն ասում էին, թե իբր կիրանցեցիներն ուրախ են, որ նման գործընթաց է եղել գյուղում։ Իհարկե, չեմ զարմանում, իրենց դեմքը փրկելու համար ամեն ինչ էլ կանեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Տավուշի մարզպետարանից, ՀՀ կառավարությունից և պատկան մարմիններից որևէ տեղեկություն չեն ստացել, և, ինչպես Մասիս Ավալյանն ընդգծեց՝ որևէ մեկից լուրջ պատասխան չեն ակնկալում։

«Այս իշխանության գործելաոճից ամենաճիշտը դուք եք տեղեկացված, գիտեք՝ ինչ են ասում ու անում։ Այնպես որ, իրենց համար այս ամենն օրինաչափ է։ Այս ընթացքում Տավուշի մարզպետն էլ չի եկել գյուղ, որպեսզի տեսնի՝ ինչ վիճակ է։

Կարելի է ասել, կիրանցեցիներին թողել են միայնակ փշալարերի ու փշալարերից այն կողմ կանգնած ադրբեջանցիների հետ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բնակչի խոսքով՝ Կիրանցում իրավիճակն ինչպես եղել է լարված, շարունակում է մնալ այդպիսին։

«Գյուղում նախկինի նման չէ վիճակը, որ բոլորը սովորական իրենց կյանքով ապրեն։ Մարդիկ մտածում են, թե ինչ պետք է անեն մինչև ադրբեջանցիների գալն այդ հատվածներ։ Ո՛չ փշալարերը, ո՛չ էլ այս սահմանային սյուները մեր անվտանգությունը չեն ապահովելու»,- եզրափակեց Մասիս Ավալյանը։

Տեսանյութեր

Լրահոս