ՏՏ ոլորտի ընկերություններին օժանդակելու ծրագրի հերթական փուլի համար հատկացվեց 2 մլրդ դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ հատկացնել ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ծրագրի ֆինանսավորման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականին ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների 5 մլրդ դրամի չափով, իսկ 2025 թվականին՝ 2 մլրդ դրամի չափով։

Կատարվող վերաբաշխման արդյունքում տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։

Առաջին փուլով, հատկացվել է 1,5 մլրդ դրամ, ինչը բաշխվել է շահառու կազմակերպություններին սահմանված չափորոշիչների համաձայն։ Հաջորդ փուլի համար պահանջը կազմում է 2 մլրդ դրամ, որից 400 մլն դրամ վճարվելու է «ԷՊԱՄ Սիսթեմզ» ՍՊ ընկերությանը, որպես նախորդ տարվա չվճարված պարտավորություն։ Վերջինիս վերաբերյալ առկա է դատարանի որոշում և ենթակա է պարտադիր վճարման:

Որոշման ընդունումը 2024 թվականի պետական բյուջեում կհանգեցնի 2 մլրդ դրամ ծախսերի ավելացման:

Տեսանյութեր

Լրահոս