Մոսկվան չի դնում ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը, եթե դրեց, բոլոր երկրները կողմ կքվեարկեն. Խալաթյան
Հուլիսի 9-11-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը կանցկացնի Հայաստանում. Նա Հայաստան է եկել՝ քննարկելու Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված ծրագրեր։
Մի քանի օր տևողությամբ այցի շրջանակում Փաուերն արդեն հանդիպել է Արցախից բռնի տեղահանված արցախցիների հետ՝ նրանց հետ թխել է ժենգյալով հաց, ապա՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի ակտիվությանը, և, մասնավորապես, Սամանթա Փաուերի այցին, ընդգծեց՝ ամերիկյան կողմը շատ արդյունավետ է աշխատում զգացմունքային ֆոն ապահովելու հարցում։
«Ընդամենը զգացմունքներ են, ուստի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի կողմից Արցախից բռնի տեղահանված արցախցիների հետ ժենգյալով հաց թխելը ես դիտարկում եմ հենց այդ համատեքստում։ ԱՄՆ-ի մասին խոսելիս եկեք հիշենք, որ մեկ տարի է՝ քննում-քննում, բայց այդպես էլ չեն պարզում ու չեն հայտարարում՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն Արցախի հայերին էթնիկ զտման ենթարկե՞ց, թե՞ ոչ. ԱՄՆ-ի մասին խոսելիս կարևոր է հիշել նաև, որ Արցախը դատարկելուց հետո Ադրբեջանին նկատմամբ ամենափոքր պատժամիջոցն անգամ չկիրառեցին»,- ասաց Խալաթյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է զարգացնի տարբեր ուժային կենտրոնների հետ իր հարաբերությունները, պարզապես այդ հարաբերությունները չպետք է լինեն, օրինակ, Հայաստանի դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին։
«Ես որևէ խնդիր չէի տեսնի, եթե Հայաստանի անվտանգությունն ապահովելու երաշխիք տրվեր Արևմուտքի կողմից, մինչդեռ, մենք տեսնում ենք, որ չկա նման երաշխիք, իսկ այդ երաշխիքի բացակայության ֆոնին Հայաստանը կտրուկ վատացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասաց Խալաթյանը՝ ընդգծելով, որ անիմաստ է նման երաշխիք սպասել նաև այսօր Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումից։
«Ամերիկյան կողմն ամեն ինչ անելու է, որ կարողանան մի փաստաթուղթ ստանալ, որ ԱՄՆ նախագահի ընտրություններին ընդառաջ ցույց տան, թե ԱՄՆ նախագահ Բայդենը կարողացավ հակամարտող կողմերի միջև նման փաստաթղթի ստորագրման հասնել»,- ասաց Խալաթյանը՝ շեշտելով՝ Ալիևը, սակայն, չի համաձայնվի որևէ փաստաթուղթ կնքել, քանի որ ցանկանում է պոկել առավելագույնը։
«Ստացվում է՝ մենք ինքնակամ փչացնում ենք մեր հարաբերություններն այն ուժային կենտրոնների հետ, որոնցից լուրջ օգուտներ ենք ստանում, և, հետևաբար, կարող ենք նաև լուրջ խոչընդոտների առաջ կանգնել»,– ասաց քաղաքական մեկնաբանը՝ հենց այդ լուրջ խոչընդոտները շրջանցելու փորձ համարելով Փաշինյանի որոշումը Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե չանելու վերաբերյալ։
«Իշխանության ներկայացուցիչները երկու ամիս խոսում են ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի մասին, մեկ էլ խոսում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Օվերչուկը, ասում է, որ այդ պարագայում կլինեն հետևանքներ, ինչից հետո միանգամից Փաշինյանը հրաժարվում է հանրաքվեի գաղափարից։ Ռուսական կողմն ուղղակի Փաշինյանին ասաց՝ եթե կարծում ես՝ Արցախը հանձնեցիր, որ մեզանից ազատվես, սխալվում ես, հիշիր, որ ցանկացած պահի կարող ենք Հայաստանում սոցիալական ճգնաժամեր ստեղծել, ինչը բերելու է ներքաղաքական զարգացումների։ Սա հասկանալով է, որ Փաշինյանը որոշեց Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս հանելու գործընթացը հնարավորինս իր համար անվտանգ դարձնել. Օրինակ՝ նա ամեն ինչ անում է, որ ոչ թե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին։ Պաշտոնական Մոսկվան դեռ չի դնում ՀԱՊԿ-ից Հաաստանի հեռացման հարցը, եթե դրեց, ապա բոլոր երկրները կողմ են քվեարկելու… Ռուսաստանի այս տարածաշրջանից գնալը կլինի Հայաստանի համար մահացու, Ռուսաստանի համար՝ ցավոտ ընդամենը։ Հնարավոր չէ Ժիգուլիով գնալ ու հարվածել Կամազին, բայց մտածել, թե այդ հարվածից Կամազն ավելի շատ կվնասվի»,- խոսքը եզրափակեց Խալաթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.