Սա ընդամենը «թատերական ներկայացում» էր Աննա Հակոբյանի և ընտրված հրավիրյալների մասնակցությամբ. Գագիկ Համբարյան
Երեկ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Գյումրի ճանապարհվելուց առաջ» գրությամբ՝ ներկայանում էր աշխատասենյակում ինչ-որ բան կարդալիս։ Նույն օրը հրապարակել էր նաև մեկ այլ տեսանյութ՝ արդեն Գյումրիից, գրելով, որ Շիրակի պետական համալսարանում մասնակցել է ավարտական դիպլոմների հանձնման գործընթացին, ավարտական վկայական ստացողների մեջ էր նաև իր օգնական Վարդուհի Մանուկյանը։
Աննա Հակոբյանի այցը Շիրակի պետական համալսարան, գրկախառնությունները, այցը հայտնի «Չերքեզի ձոր» և դիպլոմներ ստանալու ամբողջ արարողակարգը ներկայացված է տեսանյութով։
168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ համալսարանում Աննա Հակոբյանի մասնակցությամբ այդ արարողությանը ներկա չի եղել, բայց հավելեց, որ ընդհանրապես համալսարանում նման ավանդույթ երբևէ չի եղել, որ ուսանողների մի խմբին դիպլոմներ հանձնեն մի օր, մի խմբին՝ մեկ այլ օր։
«Համալսարանը նման ավանդույթ չունի, որ երկրի ղեկավարի կինը հանձնի դիպլոմները, այն էլ՝ ուսանողների մի խմբին, սա ընդամենը «թատերական ներկայացում» էր։ Աննա Հակոբյանը նշել էր, թե ում համար էր եկել Գյումրի՝ Վարդուհու համար, ով մեր ուսանողն է եղել, սովորել է հոգեբանության հեռակա բաժնում, ինքս նրան դասավանդել եմ, որդեկորույս մայր է։
Գիտե՞ք այստեղ խայտառակությունը որն է, որ այդ արարողությանը հրավիրել են միայն հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողներին բնագիտա-մաթեմատիկական և հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողները հրավիրված չեն եղել։ Ընտրովի, հատուկ մեկ ֆակուլտետի ուսանողներին էին հրավիրել, որտեղ միայն կարմիր դիպլոմ չէին տալիս, այլև կապույտ։ Հուսամ, տեսաք, թե տիկինն ինչպես էր վարվում հնություն համարվող գրքերի հետ, որոնք 18-19-րդ դարի գրքեր են։ Այդ գրքերն այնպես էին բացում ու փակում, կարծես թե սովորական կատալոգ էր։ Սրանից զատ, տիկինը, որ բարձրացավ համալսարանի երկրորդ հարկում գտնվող 44-օրյա պատերազմում նահատակված մեր զինվոր ուսանողներին նվիրված փառքի անկյուն, ծաղիկներ դնելիս գլուխը չխոնարհեց»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետի փոխանցմամբ՝ Շիրակի պետական համալսարանն ունի երեք ֆակուլտետ՝ բնագիտա-մաթեմատիկական, հումանիտար գիտությունների և հասարակագիտության։ Սակայն երեկ հրավիրել էին միայն հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողներին, մյուս երկու ֆակուլտետների ուսանողներն իրենց դիպլոմները ստացել են այսօր։
Գագիկ Համբարյանն ընդգծեց, որ Հայաստանի բազմաթիվ համալսարաններում կան որդեկորույս ծնողներ, ամուսիններ, եղբայրներ կորցրած կանայք, սակայն Աննա Հակոբյանը նրանցից որևէ մեկի դիպլոմի հանձնման արարողությանը չի մասնակցել՝ ինչո՞ւ։
Վերհիշելով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրի միջադեպը, երբ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքող որդեկորույս ծնողներին կարմիր բերետավորները ոտքերից ու ձեռքերից բռնած՝ քարշ տալով բերման էին ենթարկում, Գագիկ Համբարյանը նկատեց՝ ակնհայտ է, որ գործում է երկակի ստանդարտ ՝ «ով մեզ հետ է՝ խրախուսվում է, ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» սկզբունքով։
«Որդեկորույս այն ծնողները, որոնք Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգին երկրպագում են՝ կեղծում են իրենց որդիների զոհվելու իրական պատճառը՝ փորձելով քողարկել այդ ողբերգության մեղավորին՝ խրախուսվում են։
Լավ, այդ ծնողները մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը չեն հարցնո՞ւմ, թե ինչու էին իրենց տղաները ծառայում Արցախում, եթե նիկոլ Փաշինյանը, ինչպես ԱԺ ամբիոնից էր հայտարարում, դեռ «2018 թվականից գիտեր, որ Արցախն Ադրբեջանինն է»։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք իմ ուսանող Վարդուհին Աննա Հակոբյանից այդ դիպլոմը ստանալուց հետո նման հարց ուղղել է Աննա Հակոբյանին, թե՞ ոչ։ Այն որդեկորույս ծնողները, որոնք գործող իշխանության ճակատին ասում են ամբողջ իրականությունը և այն, ինչ իրենք մտածում են՝ դառնում է նրանց ատելության թիրախն ու ենթարկվում հարձակումների»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Նրա գնահատմամբ՝ Աննա Հակոբյանը փաստորեն բավականին անկեղծ է եղել՝ ասելով, որ Շիրակի համալսարան եկել է միայն Վարդուհու համար։
«Նաև ինձ մեկ բան է հետաքրքրում, դիպլոմները հանձնելուց հետո բոլորը գնացել են հայտնի «Ձկի ձոր», ո՞վ է այդ ծախսերը հոգացել՝ Շիրակի պետահամալսարանի բյուջեի՞ց են տրամադրել գումարը, թե՞ պետական բյուջեից»,- հռետորական հարցով եզրափակեց Գագիկ Համբարյանը։