Եթե ՔՊ-ի կողմնակից ես՝ նյութական վիճակդ բարելավված է, եթե նրանց քաղաքականությանը դեմ ես՝ հայտնվում ես հալածյալի կարգավիճակում. Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ազգային ժողովն այսօր էլ Հայաստանում, անգամ պայմանների բացակայությամբ, շարունակում է գործունեությունը, որքան հնարավոր է։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նախորդ տարվա սեպտեմբերից ապօրինաբար պահվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ ԱԺ նախագահներն առանց աշխատավարձ ստանալու՝ շարունակում են աշխատել։

168.am հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այժմ մոտեցումները տարբեր են, և 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո բոլորի կյանքում շատ բան է փոխվել, բայց հայացքների առումով որևէ փոփոխություն չկա։

«Կոնկրետ մեր խմբակցությունը, ինչպիսին եղել է՝ հայացքների առումով, այդպիսին էլ մնացել է։ Մեզ համար պատգամավոր դառնալը երբեք ինքնանպատակ չի եղել, սեփական ամբիցիաները բավարարելու համար չի եղել, այլ միջոց՝ հայրենիքի համար պայքարելու։

Կարդացեք նաև

Ցավով եմ նշում, որ այդ պայքարն այսօր էլ է շարունակվում՝ հույսով, որ ի վերջո հաջողելու է։ Այդ ճանապարհին չենք կարևորել նյութականը, թեպետ չեմ կարող պաթոսով ասել, որ հնարավոր է գոյատևել՝ առանց նյութական միջոցների, բայց բավարարվում ենք այնքանով, որքանով կարողանում ենք ազնիվ ճանապարհով վաստակել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Արցախի քաղաքական թիմերի մոտ ամեն ինչի ընկալումը տարբեր է եղել։ ԱԺ իշխող թիմի մեջ կան 1-2 պատգամավոր, որ փոխվել են, ունեն այլ հայացքներ, հասկանալով, որ ճիշտ ուղու վրա չեն եղել, այժմ միացել են հայրենիքի համար պայքարող մարդկանց։

«Մյուս պատգամավորների վերաբերյալ տեղեկություններ չունեմ, իրենք պետք է պատասխանեն, թե Հայաստանում ինչ գործունեություն են ծավալել։ Պայմանավորված իրենց տեսակով, որոշները շատ պասիվ են։ Չեմ կարծում, թե որևէ աշխատանք տանում են. շատերը լծված են սեփական հարցերը լուծելուն։

Ես մեր խմբակցության անունից կարող եմ ասել, որ մեր պայքարը շարունակվում է։ Չնայած Հայաստանում մի փոքր ամեն ինչ այլ է, եթե դու ՔՊ-ի կողմնակից ես՝ նյութական վիճակդ արդեն բարելավված է, իսկ եթե նրանց քաղաքականությանը դեմ ես՝ հայտնվում ես հալածյալի կարգավիճակում։

Ես և Դավիթ Գալստյանը մեր պատգամավորական գործունեությունը ծավալում ենք ոչ վճարովի հիմունքներով»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նաև ընդգծեց՝ այսօր Արցախի ԱԺ ընդունած ցանկացած նախագիծ ունի իրավական ուժ։

«Այս տարվա սկզբին ԱԺ-ն նիստ հրավիրեց և որոշում ընդունեց, որ կենսաթոշակային ֆոնդը վերադարձվում է շահառուներին։ Այդ որոշումը ներկայացվեց ՀՀ կառավարությանը, որը չէին կարող չընդունել՝ ընդունեցին։ Ցավոք, առ այսօր պայքարում ենք, որ այդ որոշումն ուժի մեջ մտնի, ՀՀ ԱԺ-ն էլ իր հերթին՝ անօրինական որոշում կայացրեց, որ կենսաթոշակային ֆոնդը տեղափոխում է իր նախընտրած ֆոնդեր։ Սա էլ՝ այն պարագայում, երբ ինքն իրավունք չուներ, որովհետև սա Արցախի կառավարության և տվյալ կենսաթոշակային ֆոնդի միջև պայմանագրով էր կարգավորվում։ Տարբեր միջոցներով այս հարցը բարձրաձայնում ենք, բայց քանի որ ՀՀ-ում նույնիսկ Մայր օրենքը հաշվի չեն առնում, ուստի մեր բողոքի ձայնը ևս հաշվի չեն առնում։ Այդ գումարների վերադարձով՝ արցախցիների սոցիալական խնդիրները որոշ չափով կթեթևանան, սակայն ՀՀ իշխանությունը սա թույլ չի տալիս: Կա Արցախի Կառավարություն, նախագահ, ԱԺ, կան արցախահայեր, անկախ այն հանգամանքից՝ այս իշխանությունն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս