Կենսաթոշակառուները հայցով կարող են մտնել դատարան՝ պահանջելով պակաս վճարված թոշակները. Գևորգ Պետրոսյան
Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 2026թ. բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ թոշակառուների թոշակները բարձրացել են, սակայն այդ գումարն առձեռն չեն տալիս թոշակառուին, այլ տալիս են առողջապահության ապահովագրության միջոցով։
«Այո, կառավարումն ունի նրբություններ, և սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Ինչ ենք ասում՝ ամսական 10.400 դրամով ավելացնենք, բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու… Հետազոտությունն ինչ է ցույց տալիս, խոսքը 65+ տարեկանների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։
Հիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպես արդյունավետ օգտագործի իր առողջության համար. գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, կամ բուժծառայություն ստանա, քան պետք է ստանա։
Մենք այդ 10.000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ ու ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է, մեծ հավանականությամբ, ոչ թե 10.000, այլ գուցե 40, 50, գուցե 100.000, գուցե 500.000 դրամի ծառայություն»,- իր ելույթում նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, արդյո՞ք իրավական առումով նա իրավունք ունի թոշակառուին չտալ նրան հասանելիք գումարը։
«Ձեր նշած անձը երբ պարապ է մնում, խախտում է Սահմանադրությունը և օրենքները։ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն, անձն ազատ է իր սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու հարցում։ Այդ դրույթը դրված է նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում։
Մասնավորապես՝ ՔՕ-ի 163-րդ հոդվածն ասում է՝ սեփականատերն ազատ է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու հարցերում։ Իսկ այն, որ աշխատավարձն ու կենսաթոշակը հանդիսանում են անձի սեփականությունը, այդ մասին կա նաև դատական պրակտիկայի դիրքորոշում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գևորգ Պետրոսյանը։
Այս համատեքստում, մեր զրուցակիցը շեշտեց, որ մի քանի որոշումներ կան։ Սահմանադրական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 649 որոշմամբ նշված է, որ կենսաթոշակը հանդիսանում է անձի սեփականությունը։ Հետևաբար, եթե մարդու սեփականությունը չեն հանձնում նրան, նշանակում է, որ խախտում են նրա իրավունքը։
«Եվ սա հավասարազոր է այն բանին, որ, օրինակ, մեկին հրավիրեն աշխատանքի, ներգրավեն աշխատանքի մեջ, մարդը փաստացի կատարի աշխատանք, բայց ասեն՝ աշխատավարձը չեն վճարելու, քանի որ չգիտեն՝ այդ աշխատողն ի՞նչ ուղղություններով է ծախսելու։ Սա բացահայտ իրավաբանական անգրագիտություն է, նման բան, վստահ եմ, որ աշխարհի որևէ երկրում չկա։ Գուցե լինեն նմանատիպ իրավակարգավորումներ, բայց նման բան, որ իշխանությունն ընդունի, որ կենսաթոշակն անձի սեփականությունն է, բայց չի տալիս, որովհետև չգիտի, թե ինչպես են ծախսելու։
Այդ անձը թող նկատի ունենա, որ իր իշխանության օրոք, մասնավորապես՝ 2022 թվականին, «Նվազագագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որի արդունքում նվազագույն աշխատավարձը դարձել է 75.000 դրամ։ Բայց այսօր ունենք հազարավոր թոշակառուներ, որոնք 75.000 դրամ չեն ստանում»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։
Նա մեջբերեց Սահմանադրության 84-րդ հոդվածը՝ նշելով, որ յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ իրավունք ունի ապրել արժանապատիվ կյանքով։ Նույն հոդվածի 2-րդ մասում նաև ասվում է, որ նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Հետևաբար, այս մեկնաբանությունից բխում է, որ կենսաթոշակի նվազագույն չափն առնվազն պետք է հավասար լինի ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափին, այսինքն՝ 75.000 դրամ։
«2022 թվականի դեկտեմբերից 7-ից՝ այս իշխանության օրոք կատարված օրենսդրական փոփոխությունից հետո, իշխանությունը խախտել է իր իսկ ընդունած օրենքը։
Վաղը կենսաթոշակառուները հայցով կարող են մտնել դատարան և պահանջել պակաս վճարված թոշակները։ Սա սեփականության իրավունքի խախտում է, իսկ դրա պաշտպանության համար ՀՀ ՔՕ 344 հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն չի տարածվում։ Այսինքն՝ թոշակառուն երբ էլ ուզի, կարող է պահանջել իրեն պակաս վճարված կենսաթոշակի տարբերությունը»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։
