«Չեմ բացառում, որ այս զորավարժություններն անցկացվում են թուրքական քավորությամբ. փակ են պահում, թե ինչ մարտական խնդիրներ են կատարում». Հայկ Նահապետյան

Հուլիսի 8-ին Ղազախստանում մեկնարկել են «Բիրլեստիկ-2024» միջազգային զորավարժությունները և շարունակվելու են մինչև հուլիսի 17-ը։

Զորավարժություններին մասնակցում են Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերը։

Ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարության՝ հինգ երկրների ռազմական ստորաբաժանումները զինված հակամարտությունը տեղայնացնելու համատեղ գործողություններ են իրականացնելու։

Զորավարժություններին մասնակցում են շուրջ չորս հազար զինվորական, ինչպես նաև մինչև 700 միավոր զինտեխնիկա։

Կարդացեք նաև

Մարտավարական դրվագներն իրականացվելու են ցամաքային և օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի և առաջնագծի ավիացիայի անձնակազմի, ռազմանավերի և նավակների, հրետանու անձնակազմի, գրոհային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ:

168.am-ի հետ զրույցում անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանը Ղազախստանում անցկացվող զորավարժություններին անդրադառնալով՝ նախ հռետորական հարց տվեց,  թե ինչու են հենց այդ հինգ երկրները մասնակցում։ Չորս երկրների դեպքում տրամաբանություն կա՝ միջինասիական հանրապետություններ են՝ Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, և հարց է առաջանում, ինչո՞ւ է այս տրամաբանությունից դուրս մնացել Թուրքմենստանը, իսկ դրա փոխարեն՝ ավելացել Ադրբեջանը։

«Սա բավականին մեծ զորավարժություն է, որտեղ աշխատում է 700-ից ավելի զինտեխնիկա։ Այստեղ Ղազախստանը և Ադրբեջանը Կասպից ծովի առափնյա երկրներ են, կրկին չկա Թուրքմենստանը։

Հաշվի առնելով, որ այդ 5 պետություններից 2-ն են ՀԱՊԿ անդամ՝ Ղազախստանը և Տաջիկստանը։ Սկզբունքորեն չեմ բացառում, որ այս զորավարժություններն անցկացվում են թուրքական քավորությամբ։ Կարծում եմ՝ այստեղ նպատակն Ադրբեջանին ներգրավելն է մի գործընթացի մեջ, որտեղ միջինասիական հանրապետություններն են արդեն զորավարժություններ անցկացնում։

Ըստ իս, այս զորավարժություններում նավատորմի և այլ զինուժի ներգրավումը բավականին լուրջ գործողությունների համատեքստում է արվում, սակայն փակ են պահում, թե ինչ մարտական խնդիրներ են կատարում։

Ի դեպ, այս երկրների կազմով երբեք զորավարժություններ չեն անցկացվել, սա առաջին անգամ է»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ զորավարժություններում ներգրավված պետությունները թուրքական հովանոցի ներքո, սպասելով աշխարհաքաղաքական նոր զարգացումների, կարող են աշխարհագրորեն իրար միանալ։ Իսկ աշխարհագրորեն միանալու ցամաքային ճանապարհի միակ խոչընդոտը՝Հայաստանն է։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Ռուսաստանի հետ զորավարժություններ չեն անցկացնում, որովհետև Ադրբեջանը կարող է ընկալել՝ որպես սադրանք, Հայկ Նահապետյանը նախ ասաց, որ Հայաստանը կարող է ցանկացած ժամանակ անցկացնել զորավարժություն, և ոչ Ալիևը, ոչ Էրդողանը չեն կարող կեցվածք դրսևորել։ Ավելին՝ եթե Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին, Ալիևն առհասարակ չի կարող որևէ կերպ դրան արձագանքել։

«Փաշինյանը մերժել է ՀԱՊԿ երեք զորավարժություններ։ Պատկերացնո՞ւմ եք, Ադրբեջանը Ռուսաստանին մեղադրի, թե ինչո՞ւ է զորավարժություն անցկացնում Հայաստանի հետ, չի կարող նման բան լինել։

Փաշինյանը չի ուզում ՀԱՊԿ-ի հետ զորավարժություններ անցկացնել, Ալիևին է պատճառ բերում, սա հիմարությունների դաշտից է, սա պարզունակ գավառամտություն է միջպետական հարաբերություններում։

Եթե խոսքը վերաբերում է վտանգին, ապա հայկական կողմն առարկայորեն մեկ վտանգ ունի, որի չեզոքացմանն ուղղված պետք է լինի ամբողջ ներուժը՝ դա Նիկոլ Փաշինյանն է, նրա թիկունքը պահում են հավաքական Արևմուտքը և Միացյալ Նահանգները»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս