Բաժիններ՝

Սպանություններ, սովամահություն և համաճարակ. ինչպիսի՞ն էր Երևանը 1918 թվականին

20-րդ դարասկիզբը թե՛ համաշխարհային, և թե՛ Հայոց պատմության համատեքստում ամենադրամատիկ, ողբերգական և բարդ պատմական ժամանակաշրջաններից մեկն էր: Հայաստանի դեպքում պատմական, աշխարհաքաղաքական բարդ ընթացքին զուգահեռ՝ չափազանց ծանր էր նաև սոցիալական, հասարակական ու կենցաղային վիճակը: Մասնավորապես, 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին սովի, համաճարակների և այլ խնդիրների պատճառով ծանր էր նաև Երևանի կյանքը: Այդ ամենի մասին պատմական փաստերը, մամուլում հրապարակումները շատ են, որոնք հիմք են տալիս հստակ հասկանալու, որ ժամանակաշրջանն իր բարդությամբ ամենածանր էտապներից մեկն էր: Մասնավորապես, 1906-1912 թվականների մարդահամարի արդյունքները ցույց են տալիս, թե որքան ցածր է եղել մարդկանց թվաքանակի աճը Երևանում: Այդ ամենի պատճառը եղել են սովն ու համաճարակը.

«Համաճարակների, ջրի վատորակության, առողջապահության ծանր վիճակի հետևանք էր այն, որ Երևանում երեխաների մահացությունը շատ բարձր էր՝ 1886-ին՝ 64,3 տոկոս, 1896-ին՝ 84,7, 1906-ին՝ 64,8, 1910-ին` 87,8 տոկոս, որի հետևանքով բնական աճը շատ ցածր էր` 1886-ին՝ 1,24 տոկոս, 1906-ին՝ 1,07, 1910-ին՝ 0,44 տոկոս: Ասենք, որ Ռուսական կայսրությանը միացվելուց հետո, Երևանի բնակչությունը 50 տարվա՝ 1829-1879 թթ. ընթացքում աճել է ընդամենը 986 մարդով, 11 463-ից հասնելով 12 449-ի, այնինչ, եթե նույնիսկ քաղաքը նոր բնակիչներ չընդուներ, միայն բնական աճով պետք է որ այդ ընթացքում բնակչությունն առնվազն կրկնապատկվեր: …Առաջին աշխարհամարտի նախօրեին` 1912թ., Երևանն ուներ 36 836 բնակիչ: Պատերազմի տարիներին Երևանում էին ապաստանել տասնյակ-հազարավոր արևմտահայեր, և թուրքական ու քրդական յաթաղանից փրկվածներին հնձում էին սովն ու համաճարակը»: (Սերգեյ Վարդանյան, «Հայաստանի մայրաքաղաքները», Երևան, 1995, էջ 27):

Կարդացեք նաև

1918 թվականին հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը, սակայն, իր գոյության երկու տարիների ընթացքում նոր հարվածների ու խնդիրների առաջ կանգնեց: Այդ շրջանում Երևանը կամաց-կամաց փորձում էր ստանալ խոշոր քաղաքի դիմագիծ: Երևանն ուներ նաև քաղաքագլուխ, սակայն սովն ու համաճարակը, ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներն ու քաղաքային խնդիրներն ակնհայտ էին: Ժամանակի, այսպես կոչված, թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր մամուլն իր հերթին՝ չէր կոծկել խնդիրները: Հատկապես ընդդիմադիր թերթերում նշում էին քաղաքի վատ կառավարման մասին.

«Դեռ Երևան չմտած՝ քաոսը պատկերանում է դիտողին ակն բոլոր գյուղերում, որոնք ճանապարհի վրա են, գյուղացիք միատեսակ գանգատ են հայտնում զինվորների անիշխանությունների դեմ: Քողարկված թալան, առանց վարձատրության շահագործումը գյուղացիների ունեցվածքներից և անտեղի պահանջները, որոնք գրգռում են գեղջուկներին… Դրա հետևանքն է և այն դժվարությունը, որով առաջ է գնում հարկերի ժողովելը. «Ի՞նչ եք արել մեզ համար, որ հիմա էլ փող եք ժողովում»: Ի՞նչ է մտածում Հայկական Հանրապետության կառավարությունը, ի՞նչ է մտածում ներքին գործերի մինիստրը, հասկանո՞ւմ են նրանք, որ մոտալուտ անիշխանությունը բախում է երկրի դուռը և ճառերով չէ, որ դրությունը հնարավոր է փրկել»: («Ժողովրդի ձայն», 1918, N 7):

1918 թվականի Երևանը հայտնի էր նաև իր քրեական կյանքով, սպանություններով և համաճարակի արդյունքում ստեղծված ծանր ու մասամբ նաև բարձիթողի վիճակով: Թերթերն իրենց ձեռքի տակ եղած տեղեկություններով հստակ փաստում էին այդ ամենի մասին.

«Երևանի կյանքը փողոցում կատարյալ խառնաշփոթություն է: Սպանություններ, որոնք անցնում են առանց քննության (Աստաֆյան փողոցում՝ կոմենդանտի տան առաջ սպանությունը 3 հոգու), հարբած համբակների անկարգությունները քաղաքի բոլոր ծայրերում և կենտրոնում, աննպատակ և անկարգ հրացանաձգություն, որ գիշերները վրդովում է հաճախ բնակիչներին… Իսկ խոլերան, ճանապարհների վրա փռված սատկած ձիերի դիակները, որոնք գարշահոտություն են տարածում… Քանաքեռից մինչև Երևան՝ ընդամենը վեց վերստ խճուղու վրա փռված են սատկած ձիերի 12 դիակներ, իսկ քաղաքի ծայրին խճուղու պտույտի փոսում առանց հոտելու թափված են անասունների շատ դիակներ, որոնց տարածած գարշահոտությունից անցորդների սիրտն է խառնում և զզվանք գալիս»: (Նույն տեղում):

1918-1920 թվականների Երևանի մասին հոդվածներից շատերում հստակ մատնանշվում են խնդիրները: Հարկ է նշել, որ ժամանակի մամուլի շատ օրինակներ իրենց վերջին էջերում գրում էին նաև քաղաքի քրեական քրոնիկոնի մասին: Այդ էջերում շատ էին հանցագործությունների մասին լուրերը: Ավելորդ է խոսել նաև թերթերում քաղաքի սոցիալական խնդիրների մասին հոդվածներից, որոնք անհամար են: Հետագա հոդվածներում 20-րդ դարասկզբի Երևանի այլ խնդիրներին ևս կանդրադառնանք:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031