Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կասկածում բոլորին ու հատկապես՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած դատական համակարգին. պայմանավորված արդարադատության շշուկները
Այս տարվա փետրվարի 9-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) ստեղծման տարեդարձի առիթով արդարության և արդարադատության ինստիտուտի, սահմանադրության մեկնաբանման նոր ձևերի վերաբերյալ իրավաբանների համար դասախոսութուն կարդալուց հետո պերմանենտ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն այսօր նորից կասկածների մեջ է և չի էլ վարանում այդ մասին բարձրաձայն արտահայտվելուց:
Նրա մոտ կրկին հարց է առաջացել՝ եթե ինքը դատավորներին բան չի ասում, ապա էլ ովքե՞ր են դատավորների հետ ինչ-որ բաներ պայմանավորվում, իսկ կարող է իրեն խաբո՞ւմ են:
Եվ այդ հարցը հնչում է արդեն մի քանի ամիս և՛ կառավարության նիստում, և՛ Սահմանադրական դատարանում, և՛ Գլխավոր դատախազությունում: Այն, որ Փաշինյանը կասկածամիտ է և հավատում է միայն «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանին, գիտեն ոչ միայն Հայաստանում (միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունները նույնիսկ հիշատակումներ ունեն,- Ս.Գ.), բայց այդ առանձնահատկությունն իրենց մաշկի վրա հատկապես զգում են իրավապահ և արդարադատության համակարգի աշխատողները, որոնք շատ լավ են գիտակցում, որ իրենց արածների համար վաղեմության ժամկետները լրացած չլինելու պայմաններում քրեական պատասխանատվության հարցերը բավականին արդիական են լինելու, քանի որ ոչ մեկին հայտնի չէ՝ այդ պահին արդարության ինչ ստանդարտ կլինի, ում կողմից սահմանված կլինի, և ինչ կպայմանավորվեն դատախազները «ժողովրդի» հետ դրա վերաբերյալ:
Կասկածների հիմնավորվածությունը հասկանալու համար պետք է ուսումնասիրենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի հեղինակած կինոներն ու ԲԴԽ նախագահի վարքագիծը, նրա՝ ցուցմունքի նմանվող հարցազրույցներն ու սոցցանցային կիսաքաղաքական գրառումները, Ոստիկանության, Քննչական կոմիտեի, գլխավոր դատախազի հաշվետվություններն արդարության ստանդարտներին համապատասխան պետական բյուջեի համալրման մասին:
Օրինակ՝ ԲԴԽ աշխատակազմն այնպես է հրճվում Հակակոռուպցիոն դատարանում դատախազության հայցի բավարարման փաստով, որ անկողմնակալ դիտորդի մոտ կասկած չի էլ ծագում, որ հակառակ ելքի դեպքում խնդիրներ կունենար ոչ միայն գործը քննող դատավորը:
Պետք է անկեղծ լինենք և ասենք, որ քրեական արդարադատության համակարգը լիովին գործում է «մեծարգոյի» սահմանած ստանդարտով, այսինքն՝ դատախազն ու քննչականի մարմնի ղեկավարը գործն ինչպես զեկուցել են, դատարանը դրան համահունչ էլ պետք է դատավճիռ կայացնի: Բնականաբար, իրերի նման դասավորվածության պայմաններում քրեական արդարադատությունն ամբողջությամբ պետք է հարմարեցվեր Փաշինյանին զեկուցող անձանց հետ համաձայնեցումներին:
Ինչ-որ կերպ քրեական արդարադատության ոլորտում մի փոքր ազդեցություն ապահովելու համար ԲԴԽ նախագահը փորձում է իր աշխատակազմի նկարահանած կինոյի հիման վրա հարուցված կարգապահական վարույթով քրեական գործեր քննող դատավորներին հասկացնել, որ իր հետ էլ հաշվի նստեն:
Հակակոռուպցիոն դատարանների համակարգը լիովին գործում է «ժողվարչապետի» մշակած և միայն իրեն հայտնի արդարության ստանդարտներով, իսկ վերահսկողությունը, կարելի է ասել, հուսալի ձեռքերում է և, ամենակարևորը, ապակենտրոնացված, որ հանկարծ չկարողանան այլ համաձայնությունների գալով՝ շեղվել արդարության պարտադրված ստանդարտից:
Ի վերջո, իշխող քաղաքական ուժի ղեկավարի մտահոգությունները փարատող դիտորդական խորհուրդն այսպիսի տեսք է ստացել.
1. Ներքին օղակում դիտորդական առաքելությունն իրականացնում է ԲԴԽ նախագահի համար օրինակելի դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը, որն անցնում էր կոռուպցիոն բնույթի քրեական գործով, ու դժվար թե համարձակվի խախտել իրեն հրահանգված արդարության ստանդարտը և որոշի գործել օրենքով:
2. Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորների կենսագրությունը վստահաբար թույլ է տալիս հաստատելու, որ դատախազության կողմից մեղավոր հայտարարված անձինք և՛ պատժվելու են, և՛ ունեզրկելու` անկախ դատավարության ընթացքից:
3. Նույն կերպ էլ վերահսկելի է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատն իր դատական կազմի՝ քաղաքական ակնհայտ ուղղվածությամբ:
Վարչական արդարադատության ոլորտում էլ դիտորդական առաքելությունը հանձնված է ԲԴԽ-ին:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատը չնայած ստեղծվեց և գործում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի բարձր հովանու ներքո և կարող էր նաև ինքնուրույնություն ունենալ, սակայն ԲԴԽ նախագահը կարողացավ պալատի հիմնական կորիզի դեմ հարուցված կարգապահական վարույթը նկատողության վերածելու արդյունքում առնվազն մեկ տարի հնազանդ պահել Վճռաբեկ դատարանի վարչական պալատին:
Ինչ վերաբերում է Ընդհանուր իրավասության դատարաններին, ապա ԲԴԽ նախագահի կողմից դատարանների նախագահներին տրված վերակացուական գործառույթների շրջանակներում վերջիններս կարողանում են հիմնականում երիտասարդ, «չճնշվող» դատավորների ջանքերով գոհացնել հեղափոխական շրջանակների արդարության փափագը՝ չմոռանալով ժամանակ առ ժամանակ սեփական այգին էլ ջրել` իհարկե, պետպատվերի քողի տակ: Նորանշանակ դատավորների մի պլեադա կա, որ համակարգ էր եկել «չճնշվողի» փչած կերպարով, բայց որը շատ արագ պայթեց առաջին իսկ առիթի, իսկ ավելի ստույգ՝ նախորդ տարի Արցախի հանձնման օրերին սեպտեմբերյան բողոքի ակցիաների ժամանակ:
Չմոռանանք նաև, որ Աննա Հակոբյանի ընկերուհին՝ Նաիրա Հովսեփյանը, կարողացավ մնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում և պետք է նաև հետևի պալատի վերահսկելի և անվերահսկելի պայմանավորվածություններին, ինչն, իհարկե, վստահաբար կանի:
Սակայն արդարադատության նախարարի և ԲԴԽ նախագահի համատեղ իրավաբանական ընկերության շրջանառության շեշտակի ավելացումները «մեծարգո գերագույնի» մոտ կասկածներ են առաջացնում դատարանների կողմից այլ պայմանավորվածությունների և շղթայական համաձայնությունների մասին: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պալատի նախընտրելի կազմ ներկայացնելիս խոսել և խոստացել են արդարադատության բարձր ստանդարտներ, ապա կասկածների դրսևորումը բնական է:
Իսկ եթե հավատանք նաև օդում կախված լուրերին այն մասին, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարան-Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ շղթան սինխրոնիզացված է և անվերահսկելի, ապա ակնհայտ է, որ «պայմանավորված» արդարադատության և արդարության պատվիրատուն մեծ հաշվով խաբված և հիմարացած վիճակում է, ուստի և բարձրաձայնում է միջամտությունների վերաբերյալ իր կասկածների մասին:
Եվ այլ բան չէր էլ կարող լինել, որովհետև արդարադատությունը չի կարող նույնանալ իշխանության թիվ մեկ խոսափողի կամ որևէ քաղաքական ուժի ընտրողների ճաշակի հետ, որովհետև հասարակության մի մասի պատկերացումներն էլ տարբեր են լավ ու վատի, չարի ու բարու մասին:
Հակառակ մոտեցումները երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի, որի մասին պետք է մտածեն հակապետական ու հակամարդկային այդ բռնապետական դոկտրինան լուռումունջ լսողները:
Եթե արդարադատության իրականացման վերաբերյալ երկրի ղեկավարի հանցավոր պատկերացումները լուռումունջ լսողները մտածում են, որ այդ ստանդարտը սահմանափակվում է բացառապես հակակոռուպցիոն դատարանում հանրությանը տարրական իրավաբանության դասեր տվող Արմեն Աշոտյանով, այլ քաղբանտարկյալներով, խաղաղ հավաքների հետ կապված ձերբակալվածներով, ապա լուրջ մոլորության մեջ են, որովհետև պատվիրատուի ճաշակը ևս ժամանակի հետ կարող է փոխվել, և ցանկացածը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ օրենքին ու իրավունքին վերաբերող ցանկացած փաստարկ անիմաստ ժամանակի կորուստ դիտվի դատախազի ու դատարանի համար:
Ի վերջո, արդարության շղարշի տակ ապօրինությունների պատվիրատուն պետք է հասկանա, որ դրանք գին ունեն, որի համար վճարում են, որը կարող է լինել նաև լռության ձևով:
Ի դեպ, ԲԴԽ նախագահը թեև կարողացավ ազատվել Փաշինյանի կնոջ՝ ԲԴԽ անդամ ընկերուհուց, սակայն շարունակում է մնալ հետաքրքիր ինֆորմացիայի կրող, և բավականին ժամանակ դեռ ԲԴԽ-ի արդարության վաճառականները ստիպված կլինեն լուռ մնալ: