Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարվել է պաշտոնից։ Նա այդ մասին հայտարարել է՝ ընտրողների համար ելույթ ունենալով վարչապետի գրասենյակի դիմաց, որը գտնվում է Դաունինգ սթրիթում։

Նա ասել է, որ կհանդիպի թագավոր Չարլզ III-ի հետ, որպեսզի պաշտոնապես վայր դնի կառավարության ղեկավարի լիազորությունները:

«Ամբողջ ուժերս նվիրել եմ այս աշխատանքին, բայց դուք հստակ ազդակ եք տվել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է փոխվի, և ձեր որոշումը միակն է, որ նշանակություն ունի»,- ասել է Սունակը:

Նա նաև նշել է, որ կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, քանի որ ընտրություններում հաղթել է Կիր Ստարմերի Լեյբորիստական կուսակցությունը։

«Նման արդյունքից հետո ես կհեռանամ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Ոչ միանգամից, այլ այն ժամանակ, երբ իմ իրավահաջորդի ընտրության համար գործնական միջոցներ կձեռնարկվեն»,- ասել է նա։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Սունակը Պահպանողական կուսակցության կենտրոնական գրասենյակից հեռացել է «Երեկույթն ավարտված է, ճամպրուկներդ հավաքիր» վանկարկումների ներքո։

Բրիտանական խորհրդարանի ընտրություններն անցկացվել են հուլիսի 4-ին, հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը: Խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը և կառավարություն ձևավորում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակը հաստատել էր, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո լքելու է վարչապետի պաշտոնը: Նա զանգել է լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս