Վազք
Մի հրապարակախոս` ձեռքին ինչ-որ գիրք, աղոթելով վազում է լեռն ի վեր: Շնչակտուր հասնում է լեռան գագաթին, ուր մի հովիվ իր ոչխարներն է արածեցնում: Հարցնում է.
– Այստեղ Աստծուն չե՞ս տեսել:
Հովիվը զարմացած պատասխանում է.
– Մի հրեշտակ երկնքից իջավ ու ասաց, որ Աստված լեռան ստորոտում գտնվող դաշտում է: Իմ ոչխարներն արածեցնելուց հետո երեկոյան կիջնեմ այդ դաշտն Աստծուն տեսնելու:
Շնչակտուր եղած հրապարակախոսը դժգոհում է.
– Այդ հրեշտակն էլ ինձ ասաց, որ Աստված այս լեռան գագաթին է գտնվում և դաշտից վազելով եկա այստեղ:
Այնուհետև նեղսրտած ու զայրացած նայում է իր մոտ գտնվող հաստափոր գրքին, որի վրա մեծ-մեծ տառերով գրված է <<Բողոքի գիրք>>, պատառոտում է գիրքը ու իջնում դեպի լեռան ստորոտը: Դաշտում մի մարդ խաղաղությամբ աղոթելիս է լինում: Հրապարակախոսը հարցնում է.
– Այս կողմերում Աստծուն չե՞ս տեսել:
Մարդը ձեռքով ցույց է տալիս շուրջբոլորն ու պատասխանում.
– Մի՞թե չես տեսնում, դու Աստծո ձեռքի ափի մեջ ես գտնվում, իսկ Նա քեզ է նայում…
Աղոթելիս պետք է խաղաղության մեջ լինել՝ զգալու Աստծո ներկայությունը, այլ ոչ թե աղոթելով վազքի ու լարվածության կամ անգործության մեջ լինել Աստծո ներկայությունը փնտրելու համար:
Հովհաննես Մանուկյան