Եկեղեցին հետ վերցնելուց հետո ինչի՞ պիտի ծառայի պատմական սրբավայրը․ Եղիպատրուշի եկեղեցին՝ իշխանության ու դատախազության փորձարարությունների թիրախո՞ւմ
168.am-ն օրերս տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունն արդեն փորձեր է անում կյանքի կոչել իշխանությունների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող գույքերն ուսումնասիրելու և դրանք պետականացնելու սպառնալիք-հայտարարությունները:
Իսկ առաջին փորձերից մեկն էլ ՀՀ Գլխավոր դատախազության պահանջն է եղել՝ անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
Այս առնչությամբ դատախազությունը դեռ 2024 թվականի փետրվարին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի և դատարանից խնդրելով անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի 2019թ․ ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումը և որպես հետևանք վերացնել Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի նկատմամբ Եղիպատրուշ համայնքի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև 2020թ․ հունիսի 9-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրից ծագող Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սեփականության իրավունքի գրանցումը և գրանցամատյանի գրառումը:
Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է, վերաքննիչն անփոփոխ է թողել այդ մերժումը՝ հիմնավորելով, որ այդ գույքի վերադարձով դատախազությունը չէ, որ պետք է զբաղվի։
«Երբ դարեր առաջ աստվածասեր մեր հայրերն ու մայրերը կառուցել են Սուրբ Աստվածածինը, չեն կառուցել՝ որպես պատմամշակութային կոթող և առավել ևս՝ մի իշխանության ձեռքի գործիք»․ Արագածոտնի թեմակալ առաջնորդ
168․am-ը Արագածոտնի թեմակալ առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորում Եղիպատրուշի եկեղեցու շուրջ դատախազության իրարանցումը:
Ի պատասխան՝ ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականը նշեց․
«Պայմանավորված է մեր ժողովրդի ու Եկեղեցու նկատմամբ ներկա իշխանությունների կողմից արդեն տևական ժամանակ դրսևորվող, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքով: Երբ ժողովրդի աչքին նմանատիպ պարզունակ խնդիրը դարձնում են քննարկման և համայնքային միաբանության խաթարման ևս մեկ առիթ, հյուծում են թե՛ հավատացյալների, թե՛ գյուղի բնակիչների, թե՛ պետության, և թե՛ եկեղեցու կենսունակությունը՝ փոխանակ նմանատիպ խնդիրները դարձնելու միավորման և համախմբման պատճառ:
Առավել ևս անհարկի է շահարկել այս հարցը, քանի որ ցայսօր, անկախ այն հանգամանքից, թե եկեղեցին սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՞ն, թե՞ ոչ, ՀՀ օրենսդրությամբ պատմամշակութային համարվող որևէ եկեղեցու վրա կատարվող ցանկացած աշխատանք իրականացվում է միայն ՀՀ ԿԳՄՍՆ արտոնությամբ»։
Հստակեցմանը, թե կրթական գերատեսչության հուշարձանների վարչությունից ասում են` կապ չունի, որ Սուրբ Աստվածածինը մինչ այս գործարքը գրանցում չի ունեցել, օրենքով պետությանն է, քանի որ հուշարձան է, Արագածոտնի թեմակալ առաջնորդը արձագանքեց․
«Այո, համաձայն ենք, որ «կապ չունի, որ Սուրբ Աստվածածինը մինչ այս գործարքը գրանցում չի ունեցել»:
Երբ դարեր առաջ աստվածասեր մեր հայրերն ու մայրերը կառուցել են Սուրբ Աստվածածինը, չեն կառուցել՝ որպես պատմամշակութային կոթող (այլ բացառապես՝ որպես հավատքի տուն), և առավել ևս չեն կառուցել, որ դարձնեն մի իշխանության ձեռքի գործիք, որը կարող է այսօր Եկեղեցին կառուցողների սերունդներին՝ գյուղի բնակիչներին (և ոչ միայն), զրկել իրենց հոգևոր և ազգային ինքնությունը հավատքի ճանապարհով իրացնելուց»։
Ավելին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն այս իշխանությունների բացթողումը համարեց հանգամանքը, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչ օրս գրանցում չունի:
«Ասել է թե՝ անցած 6 տարիներում չեն կարողացել կամ չեն ցանկացել նախկին բացթողումները շտկել, ինչպես չեն կարողացել շտկել (իսկ շատ հաճախ անդառնալիորեն վնասել են) անցյալից մեզ բաժին հասած շատ ավելի գոյութենաբանական և կենսական հարցերը՝ ազգային և հայրենական կյանքում, վկա՝ Արցախի կորուստը: Այդ հիմնահարցերի կողքին այս հարցը նույնիսկ մանրադիտակով աննշմարելի կարող է թվալ:
Եթե օրվա իշխանությունները հայտարարում են, որ Հայ Եկեղեցու դեմ հետապնդում չի եղել, չկա և չի լինելու, սա լավագույն առիթներից մեկն է ապացուցելու: Թող ՀՀ Կառավարությունն անհապաղ որոշում կայացնի և Սուրբ Աստվածածին Եկեղեցին անմիջապես նվիրաբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որով փաստած կլինի, որ գործող իշխանությունը, հիրավի, մեր ժողովրդի և Եկեղեցու հավատարիմ զավակն է, իսկ եթե չանեն, ևս մեկ անգամ փաստելու են, որ եղել է, կա և լինելու է հետապնդում Հայ Եկեղեցու և հայ հավատացյալների նկատմամբ, որոնք, ի դեպ, կազմում են մեր ժողովրդի 96 տոկոսը:
Եվ, ի վերջո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին ետ վերցնելուց հետո ինչի՞ պիտի ծառայի պատմական սրբավայրը: «Ով աչք ունի տեսնելու, թող տեսնի, ով ականջ ունի լսելու, թող լսի»,- նկատեց նա։
«Մեզ թվում է՝ Մայր Աթոռին պետք է տայինք, ոչ թե ԱԱԾ-ին կամ ՆԳՆ-ին»․ Ապարան համայնքի ղեկավար
Ապարանի համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արձակուրդում է եղել, ուստի դեռ շատ մանրամասներին չի հասցրել ծանոթանալ, այդուհանդերձ, նկատեց, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչև եկեղեցուն հանձնելն անխնամ տարածք է եղել։
«Մինչև մեր տալն այնտեղ անասուններ էին պահում․ մենք ունենք նկարները, թե այնտեղ ինչ քայքայված վիճակ է եղել։ Անգամ մենք ենք խնդրել, որ դա իրենք վերցնեն, օգտագործեն։ Քահանային եմ դիմել, թեմի առաջնորդին եմ դիմել, իրենք էլ դիմումով դիմել են մեզ, թե այսինչ ժամկետում մենք կփորձենք բերել այն վիճակի, որ դա գործող եկեղեցի դառնա, ու 4 ամսվա ընթացքում իրենք այդ ամենը բարեկարգել են ու հասել են այդ ամեն ինչին։
2019 թվականին ենք հատկացումն արել։ Մեզ թվում է՝ Մայր Աթոռին պետք է տայինք, ոչ թե ԱԱԾ-ին կամ ՆԳՆ-ին․ եկեղեցիներն ո՞ւմ են տալիս, Մայր Աթոռին չե՞ն տալիս»,- մանրամասնեց Կարեն Եղիազարյանը։
Դիտարկմանը, թե ինքնակամ կառույց համարված ու համայնքին սեփականաշնորհված 13-րդ դարի եկեղեցին ընդգրկված է մշակույթի հուշարձանների ցանկում, Ապարան համայնքի ղեկավարը հակադարձեց․
«Ինքը ոչ մի ձևով խնամված չի եղել։ Լավ, եթե համարենք, որ հուշարձան է, մենք երբ ավագանու որոշում ենք կայացնում և ուղարկում Կադաստրի կոմիտե, կոմիտեն երբ տեսնում է՝ համայնքային չէ, իրավունք չունի դա գրանցի։ Իսկ եթե դա գրանցում է, ուրեմն առհասարակ օրենքի խախտում չենք արել։ 2003 թվականին Կառավարության որոշմամբ այդ եկեղեցին հատկացվել է համայնքին»։
Կարեն Եղիազարյանն, այդուհանդերձ, շեշտեց՝ ՀՀ Գլխավոր Դատախազության դեմ որևէ բան չունի, ինքն էլ շարունակելու է աշխատել օրենքի շրջանակներում։