Ադրբեջանի պայմանների մասին հայտնի է, ՀՀ իշխանության պայմանների մասին խոսք չկա. Արմինե Ադիբեկյան

Նախորդ շաբաթ ՀՀ անվտանգության խորհիդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը, հավելելով, որ գործընթացը դինամիկ է, մեկ կա առաջընթաց, մեկ՝ չկա, սակայն շարունակում են աշխատել։

Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը շարունակում են պնդել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ՀՀ Սահմանադրությունն ամենալուրջ խոչընդոտն է, որովհետև նրանց մեկնաբանությամբ՝ Հայաստանի հիմնական օրենքում մնում են «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները»։  Եվ չնայած ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ Սահմանադրությունը  փոխել-չփոխելու հարցը Հայաստանի ներքին հարցն է, այդուհանդերձ Ադրբեջանից ու Թուրքիայից  շարունակում են պնդել իրենց  նախապայման-պահանջը՝ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ:

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը խոսելով խաղաղության պայմանագրի և Ադրբեջանի առաջ քաշած պայմանների մասին, նկատեց՝ Ալիևը շատ պարզ ամեն ինչ ներկայացրել է։

«Ադրբեջանի պայմանների մասին հստակ հայտարարվել է, իսկ Հայաստանի պայմանների մասին որևէ տեղեկություն չկա, որովհետև ըստ երևույթին Հայաստանը մեկ պայման ունի՝ հնարավորինս շատ ու լիակատար իրականացնել Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունն ուրիշ պահանջ չունի»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին և հարցին, թե այս ամենը որքանո՞վ է կապված Հայաստանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց՝ Ադրբեջանում երբեք որևէ խնդիր չի եղել Ալիևի կամքը կատարելու կամ չկատարելու հետ կապված, հետևաբար՝ արտահերթ ընտրությունները սահմանագծման աշխատանքների հետ չեն կարող կապված լինել։

«Ադրբեջանի խորհրդարանը միշտ լոյալ է եղել Ալիևին, անգամ, եթե թղթով նրանք ընդդիմադիր կեցվածք են բռնել, որովհետև եվրոպացիների մոտ դեմք պահելու համար խորհրդարանում ինչ-որ հատվածի «ընդդիմություն» անուն են կպցրել, բայց մեկ է, նրանք շարունակում են սատարել Իլհամ Ալիևի կողմից տրվող քաղաքականությանը, հատկապես՝ Հայաստանի հետ կապված։ Այսինքն՝ խորհրդարանը փոխելու իմաստն այն է, որ երկրի ղեկավարը, բռնապետը չի վստահում այսօրվա խորհրդարանին, որոշակի մտավախություններ ունի, դրա համար ապօրինի ձևով փորձում է փոխել ԱԺ-ն։ Սա կապված է Ադրբեջանի ներքին խնդիրների հետ, բացի դրանից, Ալիևն ուզում է իր նոր ծրագրերը կյանքի կոչել, դրա համար նրան անխոչընդոտ 5 տարի է անհրաժեշտ։

Նրա այդ ծրագրերի մեջ Հայաստանը բացարձակապես գոյություն չունի, որովհետև նրանք այդ ծրագրով Հայաստանի բարեկեցությունը, Հայաստանի հետ խաղաղությունը, բարիդրացիական հարաբերությունները չեն ներառել մեկ պարզ պատճառով, որովհետև նրանց համար Հայաստանը, որպես այդպիսին, չպետք է գոյություն ունենա»,- հավելեց Արմինե Ադիբեկյանը։

Փորձագետը նաև ընդգծեց, որ Ալիևը Հայաստանին վերաբերող մեկ հստակ ծրագիր ունի՝ ոչնչացում, հայերի արտաքսում Հայաստանից և ընդհանրապես տարածաշրջանից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել խորհրդարանը՝ Միլլի մեջլիսը, ցրելու և սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։

Ադրբեջանի իշխող  կուսակցության պատգամավորները դիմել էին Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար, որը նրանք  պայմանավորել էին նոյեմբերին երկրում ՄԱԿ-ի կլիմայական COP29 գագաթնաժողովի անցկացմամբ, որը համընկնում էր  խորհրդարանական հերթական ընտրությունների ժամկետի հետ:

Տեսանյութեր

Լրահոս