
Ջեյմս Օ’Բրայենը, փաստորեն, համաձայն չէ Երևանից հնչած հայտարարությանը, թե «Ռուսաստանը հանձնեց Արցախը Ադրբեջանին». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը, փաստորեն, համաձայն չէ Երևանից հնչած հայտարարությանը, թե «Ռուսաստանը հանձնեց Արցախը Ադրբեջանին»:
Համենայնդեպս, Օ’Բրայենը Բաքվում լրագրողների հետ շփման ժամանակ ասել է, որ վերջին տարիների իրադարձությունները թույլ տվեցիին Ադրբեջանին կատարել առանցքային դեր ռեգիոնում՝ քաղաքականության փոփոխության և խաղաղության հաստատման հարցում:
Համաձայնեք, տարօրինակ է այդպես գնահատել իրադարձությունը, եթե Ռուսաստանը «վերցրել ու հանձնել է Ղարաբաղը»:
Օ’Բրայենի արձագանքը վկայում է, որ ԱՄՆ-ն առնվազն դեմ չի եղել իրադարձությունների այդպիսի զարգացմանը, այլ կերպ ասած՝ մի իրավիճակի ստեղծմանը, երբ Ռուսաստանի ձեռքով են հանվում շագանակներ, որոնք կարևոր են նաև ԱՄՆ համար:
Ինչպես այսօր խոսել եմ Առաջին լրատվականի տաղավարում, հարցն այն չէ, որ վիճարկվի Ռուսաստանի, մեղմ ասած, բացասական դերը Արցախի հետ տեղի ունեցածում: Եվ նշել եմ, որ, եթե հանրության մեծ մասն այսօր պոստֆակտում է խոսում այդ մասին, իսկ շատերն այդ մասին խոսելը վերածել են պարզապես բիզնեսի, ինքս եղել եմ այն փոքրաթիվ մարդկանցից, որ այդ ռիսկերի մասին խոսել եմ դեռևս տասնամյակ առաջ:
Բայց, որպեսզի մենք կարողանանք առավել համապարփակ հասկանալ մեզ հետ և մեր շուրջ տեղի ունեցողը, պետք է փորձենք հասկանալ մնացյալի դերը: Իսկ մնացյալի դերը ոչնչով ավելի դրական չի եղել, քան Ռուսաստանինը:
Եվ հարցը այս պարագայում ոչ թե Ռուսաստանի բացասական դերը անտեսելը կամ մոռանալն է, այլ բոլորի բացասական դերը արձանագրելը, որպեսզի մեկը չդառնա մյուսների համար «լվացվելու» և «մաքրվելու» միջոց, որպեսզի մյուսները չկարողանան կամ առնվազն հեշտ չկարողանան ստեղծել վիճակներ, երբ այլոց ձեռքով հանելով շագանակներ իրենց համար, մեզ համար կներկայանան իբրև մեր զարգացումն ու անվտանգությունը փափագող փրկիչներ:
Այստեղ է խնդիրը, այստեղ է մեր գլխավոր «առաջադրանքը» որպես հանրություն և պետություն:
Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ ԱՄՆ դեմ չի եղել և սա միանգամայն հասկանալի է, քանի որ այդպես է պահանջել նրա շահը, ինչի մասին այսօօր առավել բաց տեքստով հայտարարություններ անում է Ջեյմս Օ Բրայանը:
Հայաստանի խնդիրն էր պահել Արցախը: Հայաստանն է տապալել այդ խնդիրը կառավարման այն անորակության հետևանքով, որ համակարգային առումով եղել է մինչև 2018 թվականն ու առաջացրել 2018 թվականի «օբյեկտիվ անհրաժեշտություն», ու նաև 2018 թվականից հետո շարունակված անորակ կառավարմամբ:
Քանի դեռ մեր հանրային ուշադրությունը կենտրոնանում է ոչ թե իրողությունները հնարավորինս բազմակողմ չափելու, այլ մեկ-երկու նախադասությամբ բոլոր հարցերի պատասխանները ստանալու «էպատաժային մոդելների» վրա, մենք ցավոք սրտի քիչ շանս ենք ունենալու դուրս վտանգավոր տեղապտույտից»: