Սա ազնիվ շարժում է, հստակ ասում է՝ չենք ուզում լինենք որևէ երկրի կցորդ. 30 տարի տարածքներ չենք հանձնել, ինչո՞ւ հիմա հանձնենք. Աելիտա Դոլուխանյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ վերսկել է մարզային այցերը, ինչպես այս շաբաթվա սկզբին հայտարարեց Բագրատ սրբազանը՝ առաջին այցը լինելու է  Սյունիքում։ Այս ընթացքում Բագրատ սրբազանը նաև հանդիպել է երիտասարդների հետ, որտեղ կրկին հայտարարել է, որ սրբազան պայքարը չի դադարելու, այն հասնելու է իր հանգրվանին, որը տեղի կունենա այն ժամանակ, երբ ճշմարտությունը հաղթի կեղծիքին։

Չնայած Բագրատ սրբազանը հայտարարել է, որ սա արդարության, հաշտության, ու ճշմարտության պայքար է, սակայն իշխանությւոնները շարունակում են թիրախավորել Բագրատ սրբազանին ու շարժումը, հայտարարելով, թե եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։

168.am-ի հետ զրույցում գրականագետ, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանը անդրադառնալով իշխանությունների այս քննադատություններին, ասաց, որ դարեր շարունակ՝ հայոց պետականության բացակայության պայմաններում Առաքելական եկեղեցին փոխարինել է մեր պետությանը, հետևաբար, եթե անտեսվի Առաքելական եկեղեցին, նույիսկ այսօր՝ 21-րդ դարում՝ կկորցնենք պետականությունը։

«Պատմության մեջ երկու դեպք է եղել, որ Առաքելական եկեղեցին փրկել է հայրենիքն ու հայ ազգին։ Առաջին անգամ փրկել է Ներսես Աշտարակեցին՝ մահմեդական դառնալուց, երկրորդ անգամ Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ 1918 թվականի Սարդարապատի գոյամարտը կազմակերպելով։ Այսինքն՝ երկու անգամ էլ նախաձեռնողները եղել են հոգևորականները, նրանց շնորհիվ ազգը փրկվել ու հասել է 21-րդ դար։

Կարդացեք նաև

Ցավում եմ՝ երևի Կառավարության նորօրյա ներկայացուցիչները մեր պատմությունը լավ չգիտեն, եթե իմանան՝ իրենք խորին հարգանք կունենան եկեղեցու նկատմամբ։

1935 թվականին, երբ Խորհրդային Միությունը պետք է վերանայեր մեր Սահմանդրությունը, Նիկողայոս Ադոնցը, որը չէր ընդունել սովետական կարգերը և հեռացել էր Պետերբուրգից, այդ ժամանակ գտնվում էր Բրյուսելում։ Նա հատուկ հոդված գրեց, որ հայերը պետք է շարունակեն հավատարիմ մնալ եկեղեցուն, եթե իրենք ցանկանում են ունենալ պետականություն։ Ադոնցն ահազանգը տվել է դեռ այդ ժամանակ, և կասկածել Ադոնցի մեծ հումանիստ լինելու, համաշխարհային հռչակ ունենալու մեջ՝ հնարավոր չէ։ Երևի իշխանություններն Ադոնցի աշխատությունները չեն կարդացել, եթե կարդային՝ նման բան չէին ասի, ցավում եմ, ուղղակի ցավում եմ»,- նշեց Աելիտա Դոլուխանյանը։

Գրականագետի բնորոշմամբ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բնական շարժում է, որովհետև ինչպես ամեն անհատ չի ուզում մեռնել, այնպես էլ ամեն հավաքական ազգ չի ուզում վերանալ աշխարհի երեսից։

«Այսօր ամբողջ աշխարհում կա հակագլոբալիզացիոն շարժում։ Մեր Կառավարության ներկայացուցիչները թող ուսումնասիրեն Անգլիան, որը գլոբալիզացիայի մայրն է, այնտեղ մի տեսահոլովակ կա, որն ուղղված է ամբողջ աշխարհին, այն ահազանգում է՝ «ազգեր, պահեք ձեր ազգայինը, մենք ուզում ենք մեր հին Անգլիան, որն ազգային էր»։ Եվրոպայում շատ բան է փոխվել, ախր քրիստոնեությունը սրբություններ ունի՝ 10 պատվիրաններ, և մենք այդ պատվիրաններով պետք է ապրենք, դա կապ չունի եկեղեցու հետ, բայց քրիստոնեության պարտադիր պահանջն է։ Կարծում եմ՝ Բագրատ սրբազանն էլ նույնն բանն է պահանջում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Աելիտա Դոլուխանյանը վստահ է՝ եթե հայ ազգը, բոլորը՝ սկսած դասախոսից մինչև մաքրուհին ու բժիշկը, այդ թվում՝ երկրի առաջին դեմքը, ապրեն 10 պատվիրաններով, ապա երեք տարի հետո Հայաստանը կծաղկի, և դա կապ չունի, որ երկիրը ծով չունի։ Հզոր բանակ էլ կլինի, արդյունաբերություն էլ, որովհետև ամեն մեկն ազնվորեն իր գործը կկատարի։

«Ես ինքս երբեք չեմ մտնի լսարան ու թերանամ իմ աշխատանքում, այդ դեպքում կդադարեմ ինձ հարգելուց։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ազնիվ շարժում է, այն որևէ մեկին չի վիրավորում, փոխարենը՝ հստակ ասում է՝ ուզում ենք մնալ քրիստոնյա ու չենք ուզում լինել որևէ երկրի կցորդ, պահենք մեր պետականությունը։ Մեր պետականությունը, լավ թե վատ, 30 տարուց ավելի անկախ պահել ենք, ինչո՞ւ կորցնենք, տարածքներ չենք հանձնել, ինչո՞ւ հիմա հանձնենք։ Եթե նախկին իշխանությունները կարողացել են պահել, հիմա էլ է հնարավոր, դա անհնար բան չէ՝ ուղղակի պետք է ունենալ լավ դիվանագիտություն և սրտացավ վերաբերմունք ամեն հայի նկատմամբ»,- եզրափակեց Աելիտա Դոլուխանյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս