Գերմանիայի պաշտպանության ծախսերը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հասել են ՀՆԱ-ի 2 %-ին
Գերմանիայի պաշտպանության բյուջետային ծախսերը 2024 թվականին ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ հասել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 %-ին։ Այդ մասին է վկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի վերաբերյալ զեկույցը։
Փաստաթղթի համաձայն՝ Գերմանիան 2024 թվականին պաշտպանության համար կծախսի 90,5 միլիարդ եվրո, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 2,12 %-ին։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1,64 %:
Զեկույցում ընդգծվում է, որ դա առայժմ գնահատման ցուցանիշն է։ Այն կազմելիս օգտագործվում են մասնակից երկրների ռազմական ծախսերի տվյալները, ինչպես նաև նրանց տնտեսության և ժողովրդագրական վիճակագրության տվյալները՝ վերցված այլ միջազգային կազմակերպություններից, ինչպիսին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն է:
Քանի որ 2024 թվականի տեղեկատվությունը և ՀՆԱ-ի կանխատեսումները տարբերվում են տարբեր աղբյուրների մոտ, ապա ՆԱՏՕ-ի վերջնական գնահատումները կարող են տարբերվել ԶԼՄ-ների կամ անդամ երկրների կառավարությունների համանման հաշվարկներից:
Ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 %-ին հասցնելու խնդիրը դրվել է 2014 թ․ սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովում՝ դա հիմնավորելով «ռուսական սպառնալիքով»՝ Ռուսաստանին Ղրիմի միացման պատճառով։ 2023 թ․ հուլիսին Վիլնյուսի գագաթնաժողովում որոշում է ընդունվել, որ ՀՆԱ-ի 2 %-ը չպետք է դառնա ՆԱՏՕ-ի երկրների համար նպատակ, այլ պետք է լինի պաշտպանական ծախսերի նվազագույն մակարդակը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրներից 23-ը 2024 թվականին իրենց ռազմական ծախսերը հասցրել են մինչև ՀՆԱ-ի 2 %-ին: