Ֆրանսիական ընկերությունը կարող է զրկվել Նիգերում ուրան արդյունահանելու իրավունքից
Ուրան արդյունահանող ֆրանսիական խոշորագույն «Orano SA» ընկերությունը կարող է զրկվել Նիգերի Իմուրարեն հանքավայրում ուրան արդյունահանելու իրավունքից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Bloomberg» գործակալությանը:
«Երկրորդ և վերջին ծանուցումը կավարտվի հունիսի 19-ին, որից հետո ընկերության գործունեության թույլտվությունը հետ կկանչվի», – գործակալությունը մեջբերում է Նիգերի հանքարդյունաբերության նախարարության նամակը։
Նամակում նշվում է` հանքավայրի շահագործման այն ծրագիրը, որ առաջարկում է «Orano»-ն, չի համապատասխանում իշխանությունների սպասումներին:
Գործակալությունն ընդգծում է, որ Իմուրարենն աշխարհում ուրանի խոշորագույն հանքավայրերից մեկն է, որի պաշարները գնահատվում են 200 հազար տոննա: «Orano» ընկերությունը արդյունահանման թույլտվություն է ստացել 2009 թվականին։
2021 թվականին Կոմինակի հանքի փակվելուց հետո «Orano»-ն ղեկավարում է ուրանի միայն մեկ հանքավայր Նիգերում՝ երկրի հյուսիսում գտնվող Արլիտ շրջանում:
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ «Orano»-ի` Նիգերում գործող դուստր ձեռնարկությունում տեխնիկական սպասարկման աշխատանքները, որոնք նախատեսված էին 2024 թվականի սկզբին, հետաձգվել են քիմիական արտադրանքի սպառման պատճառով:
Հիշեցնենք `անցյալ տարվա հուլիսի վերջին Նիգերում նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ ապստամբություն բարձրացրին և հայտարարեցին նախագահ Մոհամմեդ Բազումի պաշտոնանկության մասին: Երկիրը կառավարելու համար ստեղծվեց հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդ՝ գվարդիայի հրամանատար Աբդուրահման Տչիանիի գլխավորությամբ։ Արդեն օգոստոսի 10–ին Տչիանին անցումային շրջանի կառավարություն ձևավորելու մասին հրամանագիր ստորագրեց։
Նիգերի Հանրապետությունը` որպես նախկին ֆրանսիական գաղութ, Սահելում արևմտյան երկրների վերջին դաշնակիցներից մեկն էր: Բացի այդ, երկիրն ունի ուրանի հարուստ պաշարներ։ Ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ–ները, աֆրիկյան այս երկրին բաժին է ընկնում ուրանի 15–17 տոկոսը, որն օգտագործվում է Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի արտադրության համար: