«Եթե այսքան ծիծաղելի չլիներ՝ լացելու կլիներ». Դավիթ Մշեցին 2 տարի է՝ երկրից չբացակայելու արգելանքի տակ է ֆեյսբուքյան գրառման համար
Բանաստեղծ, 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա, ապա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին, արդեն երկու տարի է, արգելանքի տակ է՝ զրկված է իր համայնքից ու երկրից դուրս գալու իրավունքից:
2022 թվականի ապրիլին ֆեյսբուքյան գրառման համար Դավիթ Մշեցու դեմ քրեական գործ հարուցվեց, իբրև թե նա իր գրառմամբ՝ բռնության կոչ է արել, ահաբեկչություն դրդել, հրահրել և այլն։
Իսկ բանաստեղծը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Նիկոլին սատկացնելն ամեն հայի սրբազան պարտքը պետք է լինի»։
Դեռևս նախորդ տարի բանաստեղծը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ հիմարություն է իր այդ գրառումը դիտարկել՝ որպես բռնության կոչ, դա ընդամենը պատրվակ էր՝ իր դեմ գործընթաց սկսելու համար։
Դավիթ Մշեցուն առաջադրված մեղադրանքով, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսվում է 2 ամսից մինչև 1 տարի բաց կալանք, բայց այս դեպքում ստացվում է, որ նա արդեն երկու տարի գտնվում է երկրից ու համայնքից չբացակայելու արգելանքի տակ։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Մշեցին ասաց, որ իր կարգավիճակը նույնն է, շարունակում է մնալ երկրից ու համայնքից չբացակայելու արգելանքի տակ, քանի դեռ վերջնական ծանուցում չի ստացել, որ այլևս ազատ է, եթե, իհարկե, Դատախազությունը չբողոքարկի։
«Այս գործի մասին բոլորը շատ լավ գիտեն, այս ընթացքում միայն երկու լրատվական է լուսաբանել, մյուսները շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվել, սակայն ռիսկ չեն անում ծպտուն հանել»,- նշեց Դավիթ Մշեցին։
Նրա խոսքով՝ համայնքից դուրս չգալու արգելքի մեջ տրամաբանություն չի տեսնում՝ քանի որ համայնքը, որտեղ ապրում է, խոշորացված է՝ Զովունի, Քասաղ, Պռոշյան, Եղվարդ։
«Եթե ես հանրայնորեն վտանգավոր մարդ եմ ու, ասենք, կարող եմ ահաբեկչություն կատարեմ՝ ծիծաղելի է ստացվում, այսինքն՝ այս խոշորացված համայնքի մարդկանց նկատմամբ կարող եմ ահաբեկչություն իրականացնել, բայց երբ այստեղից դուրս եմ գալիս, մայրուղին անցնում եմ ու մտնում 16-րդ թաղամաս, այնտեղի մարդկանց արդեն ահաբեկել չեմ կարող։ Երևի հաշվարկն այնպես են արել, որ այս կողմերի վրա Նիկոլը չի երևալու։ Եթե այսքան ծիծաղելի չլիներ՝ լացելու կլիներ»,- շեշտեց նա։
Ի դեպ, Դավիթ Մշեցուն բազմիցս հորդորել են հրապարակային հայտարարել, թե գրառումը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերել, այդ դեպքում գործը կկարճեն, սակայն բանաստեղծը չի համաձայնել, նշելով՝ այդ դեպքում ինքն ինչո՞վ պետք է տարբերվի Նիկոլ Փաշինյանից։
Այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանամերձ շրջանակներ տարբեր հայտարություններ են արել Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ու նրա առաջնորդ Բագրատ սրբազանի վերաբերյալ, որոնք եղել են ուղղորդում ոստիկաններին՝ կիրառել բիրտ ուժ, սակայն այդ ամենը որևէ իրավապահ քննության առարկա չի դարձրել։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների ու բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախման հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ոստիկանությունը շարունակելու է նույն կերպ։ Սա ևս մինչ օրս քննության առարկա չի դարձել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներին վրեժի կոչ էր անում, հայտարարելով, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն այդպես էլ իրավապահները չդիտարկեցին՝ որպես բռնության կամ ահաբեկչության կոչ։