Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է. Արման Թաթոյան
Արման Թաթոյանը գրում է. «Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության ու մյուս իրավապահ մարմինների անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է, որին կուրորեն պաշտպանում է իր քաղաքական թիմը։ Նույնը վերաբերում է իշխանության քաղաքական շահերին վնասող ցանկացած այլ գործի:
Ակնհայտ դարձավ նաև, որ այդ քրեական հետապնդումները նախաձեռնվում կամ մերժվում են իր հրահանգով։
Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները պաշտպանող համակարգերը տապալված են, իսկ քաղաքական իշխանությունը իրավապահ ու դատական համակարգերը վերածել է քաղաքական հաշվեհարդարի իրար լրացնող գործիքների:
Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել հունիսի 12-ի կամ այլ իրադարձությունների կապակցությամբ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ՀՅԴ կամ այլ մասնակիցների նկատմամբ ու տներում հունիսի 15-ի [այսօրվա] ձերբակալություններն ու խուզարկությունները:
Դրանք բոլորը կանխավարկածով բացահայտ անօրինական են, խտրական են ու քաղաքական հաշվեհարդար, քանի դեռ քրեորեն պատժելի խախտում թույլ տված ոստիկանների ու իշխանության մաս կազմող այլ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ չեն հարուցվել ու առնվազն խափանման միջոցներ չեն կիրառվել:
Նույն կերպ պետք է դիտարկել «gg» ընկերության գրասենյակում այսօրվա խուզարկությունն ու այդ կազմակերպության նկատմամբ հետապնդումը: Քաղաքական հաշվեհարդարի մասին հետևությունն ամրապնդվում է այն փաստով, որ հունիսի 14-ին Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցով արդեն իսկ թիրախավորվել էր «gg» ընկերությունը գործարար համբավին վնաս հասնցնող ու վարկաբեկող հոդվածով»։