Ինչո՞ւ են ԱՄՆ փոխպետքարտուղարներն իրար հերթ չտալով՝ այցելում Երևան
ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հայաստանյան այցից ժամեր են անցել, և ԱՄՆ դեսպանատունն ազդարարում է մեկ այլ փոխպետքարտուղարի այցի մասին։ ԱՄՆ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
Պաշտոնյայի այցի նպատակն է՝ մասնակցել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։ Մեր երկրում նախատեսված են Ռիչարդ Վերմայի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին»,- շեշտվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վերմայի հետ Հայաստան է ժամանում Կալիֆոռնիա, Կանզաս, Միչիգան, Մոնտանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։ Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, ով նաև ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթաազգային դիվանագիտության թիմը, և կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ փոխպետքարտուղարների այցերը Հայաստան, որոնք ուղեկցվում են ՀՀ իշխանությունների հակառուսական հայտարարություններով այն մասին, որ ՀՀ-ն լքելու է ՀԱՊԿ-ը, պատահական չեն և լիովին համապատասխանում են ՀՀ իշխանությունների հիմնական արտաքին քաղաքականությանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների գլխավոր նպատակն է՝ ստանալ երաշխիքներ Արևմուտքից և, մասնավորապես, ԱՄՆ-ից։
Նրա խոսքով՝ հնարավոր չէ վստահ ասել, որ ԱՄՆ-ը ինչ-որ փուլում կտա նման երաշխիքներ․ «Սակայն տեսանելի է ԱՄՆ ձգտումը՝ գոնե ցույց տալ, թե ցանկանում է բավարարել Երևանի ակնկալիքները։ Արևմտյան ինտեգրացիա որդեգրող երկիրը նման երաշխիքներ պետք է ստանա կամ ՆԱՏՕ-ից, կամ ԱՄՆ-ից, Հայաստանի դեպքում կա նաև Ֆրանսիան, սակայն ՀՀ-ն դեռևս ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարի հարց չի բարձրացնում՝ գուցե հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն դեռ չի լքել ՀԱՊԿ-ը։
Թեև Երևան-Բաքու բանակցություններն ուղիղ են, դրանցում նկատվում է ԱՄՆ-ի չերևացող դերն ու ստվերը, որը կցանկանա նաև այս փուլում դառնալ միջնորդ և ռեգիոնալ նոր ձևավորվելիք ստատուս-քվոյի երաշխավոր, եթե Ադրբեջանը համաձայնի։ Կարծում եմ՝ պատահական չէ նաև, որ այս այցերը հենց հիմա են, երբ կողմերը կարծես ավարտին են հասցնում համաձայնագիրը և փորձում ստորագրման ժամկետների շուրջ պայմանավորվել։ Սրանք ԱՄՆ-ի փոքր նպատակներն են ավելի գլոբալ նպատակի՝ ՌԴ վերջնական դուրսմղման համար Հարավային Կովկասից»,- ասաց վերլուծաբանը։
Սիմոնովի կարծիքով, քանի դեռ ՀՀ-ն չունի վերոնշյալ երաշխիքները, դուրս չի գա ՀԱՊԿ-ից ու նման լուրջ արտաքին քաղաքական քայլի չի գնա։
«Բացի այդ, կա տնտեսության և գազի դիվերսիֆիկացման թեման։ Այս դաշտում Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, ի՞նչ ունեն առաջարկելու Երևանին, եթե նրան մղում են հակառուսական քայլերի։ Իրական այլընտրանքներ ՀՀ-ն չունի այս ոլորտներում։ Դա է նաև պատճառը, որ հակառուսական քայլերը հիմնականում կրում են դեմոնստրատիվ բնույթ։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ՌԴ արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է գլոբալ նպատակներ իրագործելու վրա՝ թուլացնելով իր քաղաքականությունն այն ռեգիոններում, որտեղ կա Արևմուտքի հետ նոր ճակատի բացման հնարավորություն։ Հայ-ռուսական հարաբերությունների ապագան կորոշվի գլոբալ խնդրի լուծման հետ մեկտեղ»,- ասաց վերլուծաբանը։