ԵՄ-ն մտադիր է 10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում տրանսպորտային հաղորդակցության զարգացման գործում
Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է 10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում կայուն տրանսպորտային հաղորդակցության ոլորտում: Այդ մասին հայտնում է Տաջիկստանում ԵՄ ներկայացուցչությունը:
«Եվրամիությունը հայտարարել է Կենտրոնական Ասիայում կայուն տրանսպորտային հաղորդակցության ոլորտում 10 միլիարդ եվրոյի ներդրման ընդհանուր պարտավորության մասին՝ որպես միջազգային գործընկերների միասնական ներդրում: Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ի Global Gateway ռազմավարության շրջանակներում պատրաստում է տարածաշրջանային տրանսպորտային ծրագիր՝ ի աջակցություն Անդրկասպյան փոխադրամիջանցքի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայացուցչությունը հայտնում է նաև, որ Եվրոպական հանձնաժողովի խորհրդական Հենրիկ Հոլոլեյը մայիսի 30-31-ին Տաջիկստան է այցելել «Անդրկասպյան փոխադրամիջանցք՝ Մետաքսի ճանապարհի վերածնունդ» բարձր մակարդակի առաքելությամբ։
2024 թ. հունվարին Բրյուսելում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն տրանսպորտային հաղորդակցության ոլորտում ներդրողների համաժողովի ժամանակ կենտրոնասիական տարածաշրջանի հինգ երկրներ հայտարարել են իրենց քաղաքական հանձնառությունը փոխադրամիջանցքներն ամրապնդելուն և, այդպիսով, տարածաշրջանային կապերն ընդլայնելուն և ամրապնդելուն: