Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը չեն կալանավորվի. Դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց դատախազության միջնորդությունը

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) հրատապ դատական նիստ է հրավիրված:

«Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։

Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է»,- օրեր առաջ տեղեկացրել էին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը:

Այսօրվա նիստում փաստորեն դատարանը կրկին անդրադարձավ Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։

Կարդացեք նաև

Հանրային մեղադրողը հանդես եկավ նրանց կրկին կալանավորելու միջնորդությամբ: Որպես հիմք՝ նա վկայաբերեց Նարեկ Սամսոնյանի ուղիղ եթերները դատարանի որոշումից հետո, ասաց՝ նշված հաղորդումների ժամանակ Նարեկ Սամսոնյանը հանդես է եկել՝ որպես հաղորդավար: Հանրային մեղադրողի կարծիքով՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարի ու Նարեկ Սամսոնյանի ուղիղ եթերով միայնակ հանդես գալու մեջ ոչ մի տարբերություն չկա:

Հանրային մեղադրողը նույն միջնորդությունը պնդեց նաև Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ:

Դատավոր Արման Հովհաննիսյանը, ի պատասխան մյուս հանրային մեղադրողի պնդումների, ընդհատեց նրան՝ «Ներողություն, ես խոսել եմ մեղադրանքում նշված գործողությունների մասին»:

Սակայն, երբ երկրորդ հանրային մեղադրողը սկսեց մի քանի անգամ կրկնել նույն բանը, պնդել, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խախտել են խափանման միջոցի պայմանը, դատավոր Արման Հովհաննիսյանն ընդհատեց նրան՝  «Չգիտեմ՝ ինչի եք նույն բանը 4 անգամ կրկնում, որ թասիբի գցե՞ք….»:

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն առարկեց հանրային մեղադրողների միջնորդության դեմ, բերեց փաստարկներ, համաձայն որոնց՝ իր պաշտպանյալը խափանման միջոցի պայման չի խախտել:

«Մեկ մարդը չի զրուցում, մեկ մարդը իր մտքերն է հայտնում»,- ասաց նա:

Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն էլ նշեց՝ իր պաշտպանյալի արտաբերած «քընձըխ» բառը չի կարող դիտվել վիրավորական, այլապես հանրային մեղադրողը դժվար թե այսքան մարդու մոտ կրկներ այն:

Հաջորդիվ խոսքի իր իրավունքից օգտվեց Վազգեն Սաղաթելյանը, որի խոսքի ընթացքում հանրային մեղադրողները լարվածություն առաջացրեցին: Նրանց վրդովեցրել էր Վազգենի Սաղաթելյանի արտաբերած «անհեթեթ» բառը իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Դատավորը ստիպված եղավ միջամտել:

«Չառարկե՞ն ձեզ, չասե՞ն, որ իրենց մեղադրանքը հիմնավոր չէ»,- ասաց Արման Հովհաննիսյանը:

Նիստի հաջորդ փուլում դատավորը հարցեր ուղղեց հանրային մեղադրողներին, որոնք շարունակ կրկնում էին, որ Նարեկ Սամսոնյանը զանց է առել դատարանի որոշումը ու վիրավորել է իր լայվի ժամանակ:

Դատավոր Հովհաննիսյանն ասաց՝ ինքը «վիրավորանք» բառ չի օգտագործել:

«Իմ բազմաէջանոց որոշման մեջ դուք ոչ մի տեղ չեք գտնի «վիրավորանք» բառը. չեմ գրել: Ես գրել եմ՝ «չկատարել մեղադրանքի բովանդակությունից բխող գործողություններ»,- ասաց դատավորը:

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց՝ ընտրված խափանման միջոցը ենթակա չէ փոփոխման, հանրային մեղադրողների միջնորդությունը ենթակա է մերժման:

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներն անազատության մեջ էին մարտի 22-ից, այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։

Հիշեցնենք նաև, որ նշված թողարկման հաջորդ օրը՝ առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս