«Պետք է այսօր լինենք հրապարակում, որպեսզի Հայաստանը տարածաշրջանում կրկին վերածենք գործոնի և ունենանք հայապատկան Արցախ». Դավիթ Ջամալյան

Բազմաթիվ քաղաքացիներ տեսաուղերձով կամ ֆեսյբուքյան իրենց էջերում գրառումներ կատարելով՝ հայտարարել են՝ մասնակցելու են մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին, որն անցկացվելու է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։

Բագրատ սրբազանը նույնպես տեսաուղերձով դիմել է հայ ազգին, կոչ արել՝ ներկա լինել առաջիկա հանրահավաքին ու միասնությամբ երկիրը դուրս հանել դժվարին իրավիճակից։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասաց՝ այսօր յուրաքանչյուրը թող տեսնի՝ ինչ է կատարվում Տավուշում ու հիշի, որ վաղը-մյուս օրը նույնը լինելու է նաև այլ վայրերում ու այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է միանա հայրենիքին այս վիճակից դուրս բերելու գործին՝ մասնակցելով հանրահավաքին։

«Այս իշխանությունները մեր երկիրը վերածել են պատերազմի համար պլացդարմի, հետևաբար՝ դա պետք է կանխել ու մասնակցել ինքնության պահպանման, հայրենիքի փրկության այս շարժմանն ու հանրահավաքին։ Ինքս ընտանիքիս հետ մասնակցելու եմ մայիսի 26-ի հանրահավաքին։

Կարդացեք նաև

Իհարկե, յուրաքանչյուրիս մասնակցության համար շատ պարզ ու հասկանալի հիմնավորումներ արդեն բերեցի, բայց հատուկ նորից ընդգծեմ։ Ես չեմ ուզում, որ վաղը-մյուս օրը Հայաստան վերադառնան 50 հազար ադրբեջանցիներ, այն դեպքում, երբ 450 հազարից ավելի հայ մարդ՝ ներառյալ արցախահայերը, կորցրել են իրենց պատմական հայրենիքը, տունն ու տեղը։ Չեմ ուզում, որ այդ ադրբեջանցիների վերադարձով Հայաստանը վերածվի «Արևմտյան Ադրբեջանի», որի մասին Բաքուն ու Ալիևը բացահայտ խոսում են։

Ի վերջո, ես ուզում եմ վերադառնալ Արցախ, ուզում եմ, որ իմ տղան կրկին լինի Շուշիում ու Մռավի գագաթին, ուզում եմ, որ մեր երեխաները կրկին վայելեն Արցախը»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Դավիթ Ջամալյանը ևս մեկ անգամ հիշեցրեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքը՝ եթե փակեն Արցախի էջը, ապա կշրջեն հայոց պատմության վերջին էջը։

«Պետք է վաղը լինենք հրապարակում, որպեսզի Հայաստանը տարածաշրջանում կրկին վերածենք գործոնի և ունենանք կրկին հայապատկան Արցախի Հանրապետություն»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս