ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «թրեյդ-ին»-ի միջոցով ավտոմեքենաների առևտուրը դյուրացնող նախագծին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն կոչված է դյուրացնելու և հստակեցնելու «թրեյդ-ին» առևտրի տեսակի միջոցով ավտոտրանսպորտային միջոցների առք ու վաճառքի գործընթացը և կողմերի հարկային պարտավորությունները:

Հարցի հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ փոփոխություններ կատարելու համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ 2021 թվականին ընդունված գործող օրենքը չի նպաստել առևտրի այս տեսակի զարգացմանը. շուրջ 3 տարվա ընթացքում նման եղանակով կատարվել է ընդամենը 10 գործարք:

Նշվեց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել և ընդլայնել ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման «թրեյդ-ին» առևտրի տեսակի հասկացությունը՝ որպես այդպիսին դիտարկելով նաև այն դեպքերը, երբ ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց և իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի մանրածախ վաճառք որևէ ֆիզիկական անձի:

«Առևտրի այդ տեսակով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն ազատված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերվող մեքենաների մասով վերջիններիս վճարվող եկամուտներից որպես հարկային գործակալ 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, իսկ այլ իրավաբանական անձինք՝ ոչ: «Թրեյդ-ին» առևտրի իրականացման լիցենզիա ունեցող ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցը որևէ ֆիզիկական անձին օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման գնի դրական տարբերությունը:

«Թրեյդ-ին» առևտրի տեսակի ներկայիս գործող խմբագրությունը, ոլորտի տնտեսվարողներից ստացած դիմումների համաձայն, հստակ չէ և տարաբնույթ ընկալման տեղիք է տվել: Էկոնոմիկայի նախարարությունը ստիպված է եղել մեկնաբանություն տալ գրեթե բոլոր ձևակերպումների համար, որոնց հիման վրա ավելի հստակեցվել է հասկացությունը: Սա առաջին փոփոխությունն է»,- նշեց նախարարը:

Երկրորդ փոփոխությունն, ըստ նրա, հետևյալն է. «Ոլորտի տնտեսվարողների հետ ունեցած քննարկումների արդյունքում «թրեյդ-ին» առևտրի զարգացման նպատակով առաջարկվում է ընդլայնել սահմանումը՝ որպես «թրեյդ-ին» առևտրի տեսակ դիտարկելով նաև այն դեպքը, երբ ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց և իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի մանրածախ վաճառք որևէ ֆիզիկական անձին:

Այսինքն x ավտոապրանքանիշի վաճառքով զբաղվող ընկերությունն այս օրենքն ընդունելուց հետո կարող է ձեռք բերել նաև y ապրանքանիշի արտադրանք և դրա դիմաց մեքենայի տիրոջը վաճառել ինչպես x ապրանքանիշի այլ ավտոմեքենա կամ ընդհանրապես չվաճառել ոչինչ»:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ սա ֆիզիկական անձանց համար իրենց մեքենան վաճառելու նոր հնարավորություն է, նաև նոր հնարավորություն է մեքենա գնել ցանկացող ֆիզիկական անձանց համար: «Նաև լավ հնարավորություն է մեր շուկայի զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության համար, և որևէ մեկի համար պարտավորություն չի առաջացնում»,- նշեց նախարարը:

Իրավական ձևակերպումների կծիկն ավելի պարզեցված ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «Եթե նախկինում անձն իր ավտոմեքենան, ասենք, 10 հազար դոլարով վաճառում էր որևէ ընկերության և փոխարենը որոշակի հավելավճարով, օրինակ, 12 հազար դոլարով այդ ընկերությունից գնում էր այլ ավտոմեքենա, ապա վաճառողը իր 10 հազարից վճարում էր 10 տոկոս եկամտահարկ, միաժամանակ գնող ընկերությունն ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) էր վճարում 12 հազար դոլարից: Հիմա օրենքը փոխել ենք, որ վաճառքի ժամանակ այդ 10 հազար դոլարից եկամտային հարկ չի գանձվում, իսկ գնող կազմակերպությունն ԱԱՀ է վճարում ոչ թե 12 հազար դոլարից, այլ գործարքի արժեքի տարբերությունից: Այս օրինակի դեպքում 2 հազար դոլարից»,- հայտնեց Թունյանը։

Տեսանյութեր

Լրահոս