Իրավասու մարմինները պետք է բավարար ուշադրություն դարձնեն. ՄԻՊ-ը՝ Կիրանցում ոստիկանության գործողությունների մասին
Այսօր խորհրդարանում լրագրողները ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարց ուղղեցին՝ ինչպես է գնահատում Տավուշում երեխաների նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ գործողությունները՝ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը։
Հարցին ի պատասխան՝ Անահիտ Մանասյանն ասաց, որ մի քանի անգամ խոսել է, և երեկ էլ հայտարարություն են տարածել, որ որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու և ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է անհամաչափ ուժի գործադրմամբ։
«Բնականաբար, այս հանգամանքին իրավասու մարմինները պետք է բավարար ուշադրություն դարձնեն։ Անչափահասների հետ կապված մեկ շաբաթ առաջ մենք հայտարարություն ենք տարածել, որովհետև մենք նրանց տեսել ենք հիվանդանոցում, որովհետև նրանք ևս տեղափոխվել էին հիվանդանոց։ Ես ընդգծել եմ, որ երեխայի լավագույն շահը պետք է նկատի ունենան՝ ինչպես պետական իրավասու մարմինները, այնպես էլ՝ հավաքի կազմակերպիչները, մասնակիցները, զանգվածային լրատվամիջոցները, որովհետև շատ հաճախ ԶԼՄ-ների երեխաների հետ կապված լուսաբանումներն առհասարակ չեն համապատասխանում ո՛չ երեխայի լավագույն շահին, ո՛չ երեխաների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերին»,- նշեց Անահիտ Մանասյանը։
Լրագրողների հաջորդ հարցը ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ վերաբերում էր Կիրանց գյուղի բնակիչներին, որոնք ունեն կադաստրի վկայականներով հաստատված տներ, որոնք կորցնելու են սահմանազատման արդյունքում, դրանք անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։
Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ հատուկ արձանագրել է ոչ միայն Կիրանցի, այլ նաև Տավուշի այլ գյուղերում՝ անկախ նրանից, մարդն ունի՞ սեփականության վկայական, թե՞ ոչ, եթե փաստացի տիրապետում ու օգտագործում են որոշակի անշարժ գույք, բնականաբար, դրա հետ կապված պատասխանատվությունը կրում է պետությունը։
«Սեփականության իրավունքի պաշտպանության բոլոր գործիքակազմերը, իհարկե, պետք է գործադրվեն, դրա մասին ես խոսել եմ պետական իրավասու մարմինների հետ և ներկայացրել եմ իմ դիրքորոշումը, որ, այո, պետք է այդ իրավունքը երաշխավորված լինի»,- շեշտեց նա։
Թե ինչպես պետք է վերականգնվեն այդ մարդկանց խախտված իրավունքները, Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ մեթոդները կարող են տարատեսակ լինել որովհետև միջազգային պրակտիկայում տարբեր մեթոդներ են կիրառվում, քննարկման ենթակա հարց է։ Բայց այն հանգամանքը, որ սեփականության իրավունքը պետք է պաշտպանվի պետության կողմից՝ միանշանակ է։
Իսկ թե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվո՞ւմ է գնալ Կիրանց այսօր, լրագրողների հարցին Անահիտ Մանասյանի պատասխանը կարճ էր՝ եթե գնա Կիրանց կամ մեկ այլ վայր, ապա դրա մասին բոլորը կիմանան։