Գնահատելու համար, պետք է ունենամ հստակ պարզաբանում, թե Կիրանցում ինչ հիմքով է սահմանափակվել քաղաքացիների ազատ տեղաշարժը. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով՝ Կիրանցում քաղաքացիների ազատ տեղաշարժը ոստիկանության կողմից սահմանափակելու վերաբերյալ վերջնական գնահատականներ այս պահին չի կարող տալ, դրա համար պետք է հասկանալ, թե քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքն ինչ հիմքով է սահմանափակված։
«Շատ հնարավոր է, և դա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն է իր դիրքորոշումներով հաստատել և միջազգային մի շարք չափանիշներով, պետք է լինեն մարդու իրավունքների սահմանափակելու հիմքեր, նաև մարդու իրավունքների սահմանափակումը պետք է լինի համաչափ։ Սա է պատճառը, որ ինձ անհրաժեշտ է հստակ պաշտոնական պարզաբանում իրավունքների սահմանափակման թե՛ հիմքերի, թե՛ համաչափության հետ կապված, որից հետո ես կկարողանամ գնահատականներ հնչեցնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Կիրանցում բնակիչների ազատ տեղաշարժը սահմանափակող՝ ոստիկանության գործողություններին վերաբերող հարցին:
Լրագրողի ճշտող հարցին, թե արդեն երկրորդ օրն է, ինչ Կիրանցում սահմանափակված է բնակիչների ազատ տեղաշարժը, արդյո՞ք ՀՀ ՄԻՊ-ը դիմել է իրավասու մարմիններին՝ պարզաբանումներ ստանալու համար, Անահիտ Մանասյանը պատասխանեց՝ դիմել է և, երբ ստանա պատասխանը, հրապարակային հանդես կգա։
«Եթե քաղաքացիները բողոքում են իրենց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման հետ կապված, բնականաբար, կան կասկածներ այն առնչությամբ, որ նրանց իրավունքի սահմանափակումը հնարավոր է, որ տեղի ունեցած լինի ոչ իրավաչափ եղանակով»,- հավելեց նա։
Իսկ արդյո՞ք ՀՀ ՄԻՊ-ը խնդիր չի տեսնում, երբ կոնկրետ հոգևորականին թույլ չէին տալիս մտնել գյուղ ու մարդկանց հետ շփվել, այս հարցի պատասխանը չտարբերվեց նախորդներից՝ որպեսզի կարողանա գնահատել, թե կոնկրետ այդ վիճակում ինչո՞ւ է սահմանափակվել տեղաշարժը, պետք է ունենա հիմնավորում։
«Ինձ բանավոր պարզաբանումները բավարար չեն, որովհետև մենք գործ ունենք պետական ինստիտուտների հետ, և եթե ձեզ թվում է, որ պետական մարմինը, որը պետք է արժանահավատ տեղեկություն տարածի, հանկարծ իրավասու է լինելու տարածել այնպիսի տեղեկություն, որը զուրկ է լինելու արժանահավատությունից, բնականաբար, ես դա չեմ անելու։ Նաև այն պատճառով, որ ես առաջին ՄԻՊ-ն եմ, ում ԼՂ-ի հետ կապված զեկույցները սկսել են ցիտվել միջազգային տարբեր ատյանների կողմից, նաև այն պատճառով, թե ինչ ձևաչափով են դրանք գրվել և ինչպիսի աշխատանք է տարվել մեր միջազգային գործընկերների հետ։ Ես չեմ պատրաստվում կորցնել իմ խոսքի արժանահավատությունը, ընդամենն այն պատճառով, որ ես դառնամ պոպուլյար»,- շեշտեց Անահիտ Մանասյանը։