Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Ադրբեջանի նախագահի ակնարկած «լուրջ քայլերը» ոչ այլ ինչ են, քան ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությանը:
«Ապրիլի 23-ին Իլհամ Ալիևը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը բացահայտ կերպով զինում են Հայաստանին։ Իլհամ Ալիևը սպառնացել է, որ Հայաստանից նկատվող վտանգի պարագայում իրենք «լուրջ քայլեր» կձեռնարկեն։
Ադրբեջանի նախագահի ակնարկած «լուրջ քայլերը» ոչ այլ ինչ են, քան ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ։ Տպավորությունն այնպիսին է, թե Իլհամ Ալիևը Հայաստանին «սպառնական» զինման մեջ մեղադրելիս մոռանում է այն մասին, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանի պետական պաշտպանությանն ու անվտանգությանը հատկացվող բյուջեն պարզապես կրկնապատկվել է, իսկ զենքի և սպառազինությունների գնման ծավալները շարունակում են անկասելիորեն աճել։ Սակայն միայն սպառազինությունների մրզավազքում չէ, որ Ադրբեջանը չեմպիոնական տիտղոսի է հետապնդում, այլև ռազմատենչ ու պատերազմապաշտ հայտարարություններով փորձում է ստեղծել համապատասխան մթնոլորտ՝ իր ագրեսիվ ծավալապաշտական ծրագրերի իրականացման համար։ Ադրբեջանը մեղադրում է այնպիսի երկրների, որոնք շարունակաբար իրենց անհամաձայնությունն ու բողոքն են հայտնում ադրբեջանական հանցագործությունների նկատմամբ, իսկ արդյոք պարսավանքի ենթակա չեն այն երկրները, որոնք զենք են մատակարարել հենց Ադրբեջանին՝ հայ խաղաղ բնակչության էթնիկ զտում և բռնի տեղահանում իրականացնելու համար։
Հայաստանը քանիցս հայտարարել է, որ անհրաժեշտ և կենսական նշանակություն ունի Հայաստանի պաշտպանունակության բարձրացումը, իսկ այդ անհրաժեշտությունը արդյո՞ք ադրբեջանական սպառնալիքների և շարունակաբար սրացող վտանգների հետևանք չէ։ Իլհամ Ալիևը կրկին դիմում է իր և իր վարչակարգին բնորոշ մանիպուլյատիվ մեթոդների՝ Հայաստանի նկատմամբ ճնշումների և սպառնալիքների գնով կյանքի կոչելու այն նպատակները, որոնք իրենց բնույթով և բովանդակությամբ կարելի է միանգամայն բնորոշել որպես մարդկության և միջազգային իրավունքի գերակայության դեմ հանցանքներ։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումը, ավելի քան 150 հազար փախստականների անհապաղ, երաշխավորված և անվտանգ վերադարձի իրավունքի իրացումը և այս առումով միջազգային ճնշումը պետք է հետապնդեր Ադրբեջանին։ Սա այն խոշորագույն բացթողումն է, որ թույլ է տալիս Իլհամ Ալիևին՝ որպես պատերազմական հանցագործ, սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար»,- ասված է համահայկական միության հայտարարության մեջ: