ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան հայտնել է, թե ինչ պայմանով է շարժումը պատրաստ վայր դնել զենքերը
ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Խալիլ ալ Հայյան, հայտարարել է, որ արմատական զինյալ շարժումը պատրաստ է վայր դնել զենքերը, համաձայնել Իսրայելի հետ զինադադարի 5 տարի կամ ավելի ժամկետով և վերածվել քաղաքական կուսակցության, եթե 1967 թվականին նախորդող սահմաններում ստեղծվի անկախ պաղեստինյան պետություն։
Այս մասին ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան հայտնել է Associated Press գործակալությանը։
Ըստ հրապարակման՝ այն դիտարկումը, որ ՀԱՄԱՍ-ը կարող է զինաթափվել, զգալի զիջում է զինյալ խմբավորման կողմից։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելն, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի նման սցենարի, քանի որ խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, որից հետո լայնածավալ պատերազմ սկսվեց Գազայի հատվածում։
Բացի այդ, Իսրայելը խստորեն դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը 1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված հողերում։
Ստամբուլում Associated Press-ի հետ զրույցում ալ Հայյան, որը նաև հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ բանակցություններում ներկայացրել է ՀԱՄԱՍ-ը, հայտնել է, որ շարժումը ցանկանում է միանալ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, որի ղեկավարն է նրա մրցակից ՖԱԹՀ կուսակցությունը, և միասնական կառավարություն կազմել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին։
Այդ դեպքում, ըստ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի, շարժման ռազմական թևը կլուծարվի։
Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են գրեթե 7 ամիս։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 250 մարդ՝ գերեվարվել։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ ՀԱՄԱՍ-ի մոտ, ըստ Իսրայելի հաշվարկների, դեռ մնում է շուրջ 130 պատանդ։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 34 000 մարդ, որոնց մեծ մասն, ըստ տեղի իշխանությունների, կանայք և երեխաներ են։ Գազայի 2,3 մլն բնակչության 80 %-ը տեղահանվել է։