Նույն կերպ վաղը կարող են հանձնել Երևանը ու ասել՝ մենք ոչ մի հայկական տարածք չենք հանձնում. Տիրան Խաչատրյան
Ջահերով երթին մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ նշել է. «Կարծիքս վատ է, գնահատականս՝ բացասական»:
«Խնդիրն այն է՝ ինչո՞ւ հենց այդտեղից, և հերթական պահանջների կատարմամբ, որը թելադրված է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Եթե, ինչպես ինքն է ներկայացնում, փորձում է լավ բաներ անել, կամ՝ իր մտահղացումն իրականում այնպիսին է, որ լավն է անում, թող գոնե ժողովրդի համար տեսանելի այնպիսի մի վայրում աներ, որ Հայաստանի անվտանգության, մեր անվտանգության շահերից է բխում, և կնպաստեր մեր սահմանների վերականգնմանը: Մի բան, որը սկսում է զիջողականից, չի կարող դրական կարծիք կամ հետագա սպասելիքների հետ կապված լավ բան լինել»,- նշել է գեներալը:
Ինչ վերաբերում է այս օրերի պայքարին, Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն այս իշխանությունների նմանօրինակ քայլերի պայմաններում, երբ մարդիկ ուղղակի հանգիստ կանգնելով՝ մտածում են, թե ինչ-որ բան կարող են անել, չի ստացվելու:
«Գործողությունների հետ կապված՝ ասեմ՝ պետք է սկզբնաղբյուրը կամ հիմքը տեսնենք՝ որտեղից սկսվում է այդ ամեն ինչը, ում կողմից, ինչի շարունակությունն է դա հանդիսանում: Դա պետք է վերացվի: Հիմա ինչ-որ երևույթ գործընթացի մեջ է, մենք պոչից բռնել ենք և ուզում ենք՝ այդ երևույթը վերջացնենք: Ոչ, պետք է հիմքից կտրել, որպեսզի հետո չճյուղավորվի, չզարգացվի: Եթե ինչ-որ տեղից կտրում ես, և ինքն աճելու հնարավորություն ունի, դա անիմաստ բան է»,- շեշտել է գեներալը՝ հավելելով, որ մեր խնդիրն այն է, որ փոխարենը համախմբվենք, ամեն մեկն ինչ-որ բան նախաձեռնում է, և դրանով մեր քիչ ուժերը փոշիացնում են:
«Ես պատրաստ եմ՝ կամայական ուժի, որն ի նպաստ երկրի գործ է անում, կողքին կանգնելու»,- ընդգծել է նա:
Խոսելով Տավուշում ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի ուժերի հետքաշման և դրանք սահմանապահ ուժերով փոխարինման մասին՝ ԳՇ պետի նախկին տեղակալը նշել է, որ այդ տեղամասում դրանով ընդհանրապես քանդվում են մեր պաշտպանության հիմքերը:
«Այսինքն՝ այն ճեղքվածքը, որ հատուկ օպերացիա պետք է մշակվի, որպեսզի կայուն շարասյունավորված պաշտպանության մեջ առաջացնելու համար ունենան, մենք առանց որևէ բանի՝ առաջացնում ենք: Երկրորդ, Ադրբեջանի զինված ուժերն ու սահմանապահ ուժերը գրեթե չեն տարբերվում: Ավելին, սպառազինությամբ նրանց սահմանապահ զորքերը նույնիսկ շատ բաներում ավելի լավ են, քան զինված ուժերը, ես հատուկ գործողությունների ստորաբաժանումների մասին չեմ խոսում: Իսկ մեր սահմանապահ ուժերը…, շատ բաներ չբացեմ: Այսինքն, պետական սահմանի պահպանության հարցում ուժերի հարաբերակցությունը շատ վատ բան է ստեղծում մեզ համար»,- մանրամասնել է գեներալը:
Մանրամասները՝ տեսանյութում