Բանակը հանձնում է անհանձնելին, հանձնում է անառիկ դիրքեր. Սամվել Նիկոյան

Տավուշի մարզի անվտանգության գոտին Ալիևին հանձնվեց 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով, և հիմա այն, ինչ տեղի է ունենում, այդ ընտրության ուղղակի հետևանքն է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով արդեն չորրորդ օրը Տավուշի մարզում ընթացող բողոքի ակցիաներին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմից բոլոր այն պաշտոնյաները, որոնք զբաղվում են հայկական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքները թշնամուն հանձնելով, դավաճան են։

«Իրենք դրսևորում են ստորացվածի, մարդկային արժանապատվություն չունեցողի վարքագիծ»,- ասաց Նիկոյանը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Խաչատուրովին հեռացրեցին բանակից, որ այսօր՝ հայկական բանակի 35 տարի պահած հայկական դիրքերն այսպես հանձնվեն Ադրբեջանին։

Կարդացեք նաև

«Բանակում տղա չի՞ մնացել, չգիտեմ՝ ի՞նչ է այս ուսադիրների տակ։ Բանակը հանձնում է անհանձնելին, անառիկ դիրքերը՝ անդառնալիորեն։ Նրանց այդ քայլով Ադրբեջանի տրամադրության տակ են լինելու Հայաստան բերող բոլոր ճանապարհները և ոչ միայն։ Այո՛, կարող են մի կարճ ժամանակ խաղաղության մասին խոսել, բայց հետո ադրբեջանցի հարբած սահմանապահը հասնելու է հայկական գյուղեր»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամն, ապա ընդգծեց՝ թեև արդեն մի քանի օր է՝ փողոցում տեսանելի է ընդվզման ուժեղ ալիք, բայց ցավալի է, որ դրան մասնակցողների մեջ չկա ընկալում, որ առանց քաղաքական ուժերի առաջնորդության՝ որևէ շարժում հնարավոր չէ հասցնել վերջնարդյունքի։

«Այո՛, հիմա հայկական զորքը հետ քաշվեց Տավուշի մարզից, ադրբեջանական դրոշը հայտնվեց մեր դիրքերում, դրա դեմ ժողովրդի մի մասն ընդվզում է, բայց քանի դեռ նրանք չհասկանան, որ եթե չկա համախմբում, որևէ բան չի ստացվի։ Սրա դեմ պայքարի միակ ձևը համաժողովրդական ընդվզումն է։ Նոյեմբերյանի խնդիրը պետք է լուծվի Երևանում։ Ցանկացած մի կայծ կփոխի իրավիճակը, եթե մենք ունենանք վճռականներ։ Մենք ունենք վճռականների, ազգային խելագարների պակաս, մենք ունենք պակաս այնպիսի մարդկանց, որոնք հաշվի չեն առնի, թե ի՞նչ են իրեն ասում, ու կգնան ու կկանգնեն հայրենիքի համար պայքարողների կողքին։ Մենք ունենք նման մարդիկ, բայց Փաշինյանը նրանց նստացրել է։ Արմեն Աշոտյանն այդպիսի կերպար է։ Նրա պակասն այսօր զգացվում է»,- ասաց Նիկոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս