Տավուշի համաձայնությունն ու դրա «միջազգային» ողջույնը ըստ էության Ալիևի «գոտեպնդում» էր Մոսկվայից առաջ. Ինչու է ՀՀ եկել Կլաարը. Բադալյան

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այն, ինչ ծավալվում է Տավուշի սահմանամերձ հատվածում, ընդամենը Կովկասի շուրջ Մեծ խաղի մի փոքր դրվագ-օղակն է:

Ուշադրության արժանացնենք, թե ե՞րբ տեղի ունեցավ այսպես ասած համաձայնությունը եւ դրա մասին հայտարարությունը: Այն բանից հետո, երբ Կրեմլը տարածեց տեղեկություն, որ ապրիլի 22-ին հրավիրում են Ալիեւին՝ բանակցելու: Եթե դիտարկենք դա դիվանագիտական տրամաբանության մեջ, դա ըստ էության կարող է «թարգմանվել»՝ «հրավիրում ենք մրցագորգ»: Իսկ դա տեղի է ունենում երկու իրողությունից հետո՝ Իրանի հարված Իսրայելին, եւ դրան հաջորդած՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերում:

Իմ դիտարկումներում դա գնահատեցի հետեւյալ կերպ, որ ռուսները որոշել են չփորձել ջանք թափել մնալու համար, որովհետեւ դա ենթադրելու էր «պարտք» մնալ Ադրբեջանին: Իսկ ինչո՞ւ է էական Իրանի հարվածի պահը: Էական է նրանով, որ այդ հարվածը ըստ էության ցույց տվեց Իսրայելի խոցելիությունը, ըստ այդմ՝ Իսրայելի առանցքային դաշնակից-պրոքսիներից մեկի՝ Ադրբեջանի հնարավոր խոցելիությունը:

Ահա այդ պայմաններում էլ՝ Ալիեւի Մոսկվա այցի մասին տեղեկությունը տարածելու ֆոնին, հաջորդում է համաձայնությունը Տավուշի հարցում եւ գրեթե միանգամից ԱՄՆ, Թուրքիայի, ԵՄ ողջույնները, որոնց ավելի ուշ միացավ Գերմանիան:

Իսկ ի՞նչ էական բաղադրիչ կա Տավուշի համաձայնության առումով. ռուսական սահմանապահների հենակետերի «իմաստազրկումը»: Բաղադրիչներից մեկն իհարկե, բայց՝ էական:

Այդպիսով, Տավուշի համաձայնությունն ու դրա «միջազգային» ողջույնը ըստ էության Ալիեւի «գոտեպնդում» էր Մոսկվայից առաջ:

Կրկնեմ՝ նկատեք Ֆրանսիայի լռությունը առ այսօր: Ընդ որում, եթե անգամ լինի արձագանք, հանգամանքը ինքնին, որ ըստ էության չորս օր Փարիզը պահել է լռություն, արդեն իսկ խոսուն է:

Ալիեւի Մոսկվա մեկնելուն զուգահեռ, Երեւան է գալիս Կլաարը, որը «ողջունողների մեջ առաջինն» էր: Ինչո՞ւ է գալիս Կլաարը, եւ Փաշինյանի հետ հանդիպմանն ասում, որ ԵՄ-ն «լիովին աջակցում» է պայմանավորվածությանը:

Կարծում եմ՝ նրան Երեւան է բերում «կասկածը», թե արդյո՞ք հասարակական բողոքի ալիքն օգտագործելով, Երեւանը չի հրաժարվի դե ֆակտո Ադրբեջանի միակողմանի պահանջ ենթադրող պայմանավորվածությունից, եթե Մոսկվայում Պուտինին հաջողվի Ալիեւին համոզել Տավուշի ուղղությամբ չգնալ քայլերի, որոնք կիմաստազրկեն ռուսական հենակետերի առկայությունը:

Հ.Գ. Ինչպես միշտ առաջարկում եմ «շեղվենք» դոմինանտ քարոզչական նարատիվներից, որովհետեւ թերեւս այդ դեպքում է ավելի հավանական իրականությանը մոտենալու հնարավորությունը»։

Տեսանյութեր

Լրահոս