Այսօր Տավուշում որոշվում է ոչ թե Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչների ճակատագիրը, այլ հայոց պետականության և յուրաքանչյուր հայի ճակատագիրը. Ռուսաստանի հայերի միություն
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հալածանքը, ինչպես նաև Տավուշի գյուղերի բնակիչների նկատմամբ կիրառվող ուժային մեթոդներն ու ահաբեկումները: Այս մասին ասվում է ՌՀՄ-ի տարածած հայտարարության մեջ։
«Այն, ինչ տեղի է ունենում սահմանամերձ չորս գյուղերի շուրջ, որոնք ՀՀ իշխանությունները որոշել են հանձնել հակառակորդին, չնայած ՀՀ իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարություններին, որևէ աղերս չունի խաղաղության օրակարգի հետ: Ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների՝ Արցախի կորուստը խաղաղության չի բերել. Ալիևին ամեն կերպ հաճոյանալու նրա ձգտումը, արժեզրկելով մեր հայրենիքի ազատության և անկախության համար նահատակվածների հերոսությունն ու հիշատակը, Ադրբեջանին հետ չպահեց հայկական տարածքների հետագա օկուպացիայից. այսօր նրա վերահսկողության տակ են գտնվում Հայաստանի երեսունմեկ բնակավայրերի հողերը», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Հայաստանի իշխանությունները, չփորձելով լուծել հայկական պետականության պահպանման համար սկզբունքային այս հարցը, նոր զիջումների են գնում՝ իրենց ակնհայտ ձախողված քաղաքականության պատասխանատվությունը բարդելով ում վրա պատահի, բացի գլխավոր պատասխանատուից` գործող կառավարությունից:
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը, խախտելով երկրի Սահմանադրությունը, առանց հանրաքվեի փոխում է սեփական պետության սահմանները հօգուտ Բաքվի, չնայած վերջինիս աճող հակահայկական հռետորաբանությանը և քաղաքականությանը և այն բանին, որ Բաքվի բանտերում տանջվում են հայ գերիները, այդ թվում և Արցախի բարձրագույն ղեկավարությունը:
ՌՀՄ-ում վստահ են, որ միակողմանի զիջումները, որոնք չեն ամրապնդվել ո՛չ Բաքվի, ո՛չ երրորդ պետությունների կամ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի հետագա ագրեսիայի դադարեցման փաստաթղթային – իրավական երաշխիքներով, երբեք չեն հանգեցնի խաղաղության: Սա հերթական մանիպուլյացիան ու խաբեությունն է, որից հետո կլինեն նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ և նոր պատերազմ։
«Այդ գյուղերի հարցը սահմանի, դրա դեմարկացիայի կամ պահպանության հարց չէ, Հայաստանի անվտանգության սպառնալիքների նվազեցման հարց չէ, ինչպես հավաստիացնում են Հայաստանի իշխանությունները։ Դա բարոյականության, պատվի և խղճի հարց է։ Այսօր Տավուշում որոշվում է ոչ թե Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչների ճակատագիրը, այլ հայոց պետականության և յուրաքանչյուր հայի ճակատագիրը` անկախ նրանից՝ նա ապրում է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում, թե Ամերիկայում», – ասվում է հայտարարության մեջ։