Եթե որևէ փորձ ձեռնարկվի, որը կվտանգի Իրանի տարածքային ամբողջականությունը, համապատասխան վերաբերմունք կցուցաբերենք. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, մենք լայն համագործակցություն ունենք Հայաստանի հետ։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ և շատ բազմազան է։ Ինչպես ասացի՝ մենք աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման»,- «Ինքնիշխան նախագծեր. Համագործակցությունը Եվրասիայում» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով 168.am հարցին, թե երբ Իրանը հայտարարում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար «կարմիր գիծ» է, հարկ եղած դեպքում կարո՞ղ է դիմել գործնական քայլերի։

Իսկ թե ինչ մակարդակի կհասնի երկու երկրների միջև համագործակցությունը, ըստ դեսպանի՝ կախված է երկուստեք եղած համաձայնություններից և երկխոսությունից։

Դեսպանից լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Արցախից ռուս խաղաղապահների զորակազմը դուրս է բերվում, արդյոք Իրանը որևէ մտահոգություն չունի՞ անվտանգության առումով, որը կարող է լինել երկրի հյուսիսից, սակայն դեսպանն ասաց, որ լավ կլիներ, եթե այդ հարցն ուղղեին ՌԴ դեսպանին։

«Նախևառաջ՝ Իրանը ճանաչում է երկրների տարածքային ամբողջականությունը, չեմ կարծում, որ Իրանի հարևանները որևէ գործողություն կնախաձեռնեն, որը դեմ է Իրանի անվտանգությանը։ Եթե որևէ փորձ ձեռնարկվի, որը վտանգ կներկայացնի Իրանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, դրա հետ չենք համակերպվի՝ համապատասխան վերաբերմունք կցուցաբերենք»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Կարդացեք նաև

Խոսելով Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին, որի դեպքում նաև սահմանային փոփոխություններ են սպասվում, Մեհդի Սոբհանին ասաց, որ հայ պաշտոնյաներն իրանական կողմին տեղյակ են պահել հանդիպման և արձանագրության բովանդակության վերաբերյալ։

«Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- շեշտեց նա։

Դեսպանը նաև ասաց, որ երբ Դամսկոսում թիրախավորվել էր Իրանի հյուպատոսությունը, Իրանը դիմել է ՄԱԿ-ին, որպեսզի համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը՝ ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, չի կարողացել նույնիսկ մեկ ընդհանուր հայտարարություն արձանագրել։

«Երբ ՄԱԿ-ի կողմից որևէ քայլ չեղավ միջազգային օրենքի այդ կոպտագույն խախտման դեմ, մենք 10 օր ևս սպասում էինք արձագանքի, և երբ որևէ արձագանք չստացանք, իրականացրեցինք օրինական պաշտպանության իրավունքը և տվեցինք համարժեք պատասխան։ Մենք թիրախավորել էինք այն կենտրոնները, որտեղից թիրախավորվել էին մեր ենթակայության տակ եղած վայրերը։ Ի տարբերություն սիոնիստական ռեժիմի, մենք չենք թիրախավորել որևէ քաղաքացիական օբյեկտ, որևէ հիվանդանոց, դպրոց կամ մանկապարտեզ։ Մեր թիրախի տակ գտնվել են միայն ռազմական օբյեկտները, մենք մեր թիրախին հասել ենք, մեր գործողությունն ավարտված է»,- շեշտեց նա։

168.am դեսպանից նաև հետաքրքրվեց՝ Իրանն ինչպե՞ս է տեսնում արցախահայության վերադարձը, արդյո՞ք դա այժմ հնարավոր է, Մեհդի Սոբհանին պատասխանեց.

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, այսօր ևս ցանկանում եմ ասել, որ Արցախի բնակչության իրավունքները պետք է անպայման հաշվի առնվեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս