«Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա»
Սիրելի ընթերցող, ժամանակակից աշխարհում հարստության թեման դարձել է բուռն քննարկման առարկա, ուստի անհրաժեշտություն է առաջացել սուրբգրային տեսանկյունից դիտարկել, թե ինչ վերաբերմունք պետք է ունենա քրիստոնյան հարստությանը: Այդ պատճառով կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել հետևյալ կետերին․
Առաջին` հիշենք անիրավ տնտեսի առակը:
Ուսումնասիրելով առակը՝ պետք է նշել, որ անիրավ տնտեսի առակում (Ղուկ 16:1-13) Տերն ամենևին չի քաջալերում լինել խարդախ, քանի որ վերջ ի վերջո պարտքերի թիվը պակասացնելով՝ անիրավ տնտեսը խարդախություն է անում, այլ քաջալերում է լինել խորագետ, ինչպես և Տեր Հիսուս Քրիստոս մեկ ուրիշ խոսքում ասում է, որ պետք է լինել օձերի պես խորագետ և աղավնիների պես միամիտ (Մատթ․ 10:16): Նաև ասվում է, որ «այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները» (Ղուկ․ 16:8): Լույսի որդիներ ասելով, կարծում եմ, Հիսուս նկատի ունի քրիստոնյաներին: Եվ իրոք, աշխարհիկ մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հավատացյալ քրիտոնյաները թույլ են, միամիտ, նախանձախնդիր չեն այն ամենի հանդեպ, ինչ որ ունեն։ Բայց պետք է քաջալերվել և փորձել կատարելագործվել և լինել քրիստոնյայի ավելի ուժեղ, ավելի խելացի և ավելի խորագետ տեսակ՝ պսակված լինելով հեզությամբ և խոնարհությամբ ոչ միայն այն պատճառով, որ ունենք կենդանի Աստված, որն իր օրհնություններն է մեզ բաշխում ամեն օր, այլև լինելու համար լավ օրինակ մյուս մարդկանց համար, որպեսզի երևա այդ օրհնությունը մեր մեջ, և մարդիկ, տեսնելով, ասեն. «Իսկապես որ, այս մարդն Աստծո մարդ է և օրհնված է նա»:
Երկրորդ՝ պետք է իշխանությունը, հնարավորությունը և եղած դրամը ծառայեցնել մեր փրկությանը, այլ ոչ թե դառնալ դրա ծառան, ինչպես և տնտեսը իր հնարավորությունը ծառայեցնում է իր համար, որպեսզի ընկերներ շահի։ Ինչպես և գրված է «անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք» (Ղուկ․ 16:9):
Երրորդ՝ որ գրված է. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է» (Ղուկ․ 16:10): Այս աշխարհում մեր կյանքը այն քիչն է և անցողիկը, որ ունենք, և պետք է այս աշխարհում մեզ տրվածի մեջ էլ հավատարիմ լինենք, որպեսզի մեզ տրվի այն, ինչը հավիտենական է և ավելի մեծ է, քան կարող ենք պատկերացնել:
Հավատարիմ լինել այս աշխարհում մեզ տրվածի մեջ, իհարկե, կարելի է շատ տարբեր ձևով հասկանալ և ընդունել: Բայց եթե պարզ կերպով ընդունենք, պարզապես պետք է, որ մեզ տրված շնորհների հանդեպ լինենք նախանձախնդիր և լինենք դրա մեջ լավը. եթե մեկին տրված է շնորհ լինել լավ դաստիարակ, ուրեմն՝ պետք է լինել լավ դաստիարակ և դաստիարակել մեր ապագա սերունդներին ավելի բարոյական ու խելացի, չմոռանալով, որ մեր շնորհները պետք է նաև ծառայեցնել Աստծուն։ Եվ եթե այս քչի մեջ լինենք հավատարիմ, Աստված կտեսնի, որ արժանի ենք ընդունել այն շատը։
Մատթեոսի Ավետարանում կա մի գեղեցիկ դրվագ, որն առաջին հայացքից կարող է թվալ շատ հասարակ ու պարզ և առանց այլաբանության, բայց այստեղ կարելի է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ անգամ բոլոր պատվիրանները պահելը բավարար չէ Աստծո արքայությունը ժառանգելու համար։
Մինչև Քրիստոսը, հրեա ժողովրդը իսկապես հավատում էր, որ բոլոր պատվիրանները պահելով՝ նրանք արդեն ունեն տեղ երկնքում, բայց ինչպես երևում է ավետարանական այս պատմությունից, այդպես չէ, և եկեք սևեռենք մեր ուշադրությունը նրան, թե ինչ է ասում Քրիստոս երիտասարդին, երբ վերջինս ասում է. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ. արդ, արդյոք ինչո՞վ եմ թերի» (Մտթ․ 19:20) ։ Քանի որ Քրիստոս գիտեր, որ երիտասարդը շատ հարուստ է, ասում է. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից» (Մտթ․ 19:21):
Ինչպես գիտենք՝ մարդ պետք է փորձվի, փորձվի այն, ինչը նրան տրված է, և այդ փորձության մեջ է պետք, որ մենք հավատարիմ լինենք Աստծուն, և այս երիտասարդին Քրիստոս փորձեց՝ դա ասելով, փորձելով նրան նրա մեջ այն, ինչը նա ուներ։ Ինչպես և Աբրահամին է փորձում՝ ասելով, որ իր այդքան սպասված որդուն, ողջակեզ անի։ Եվ սա իմանալով՝ պետք է միշտ զգոն լինել և պատրաստ՝ զոհելու նաև այն, ինչ որ ունենք ի պատիվ և ի փառոք Տիրոջ, քանի որ ամեն բան, ինչ տրված է մեզ, տրված է Նրա կողմից: Եվ երբ երիտասարդը տրտմած հեռանում է, Քրիստոս ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն» (Մտթ․ 19:23): Նաև աշակերտների հարցից հետո էլ ավելացնելով, որ մարդկանց համար դա ամենևին հնարավոր չէ, վերջում եզրափակում է՝ ասելով, որ միայն Աստծո միջոցով է դա հնարավոր։ Սա խոսում է այն մասին որ մարդ չպետք է հույսը դնի իր վրա, այլ միայն Աստծո գթասրտության, ամենակարողության և ամենողորմ լինելու վրա։
Մարդը կարող հարստություն կուտակել իր իմաստությամբ և արդար վաստակով: Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանը մի առիթով ասել է. «Հարստությունը մարդու իմաստության պսակն է»: Ինչպես և գիտենք, աշխարհում ավելի իմաստուն և ավելի հարուստ ու փառահեղ մարդ չի եղել քան Սողոմոն արքան։ Եվ գիտենք, թե նա ինչպես էր դա ստացել։ Իմասստությունը տրվել էր Աստծուց՝ խնդրելով և ստանալով, բայց չէ՞ որ մնացածը, ինչ նա ուներ, իր իմաստությամբ էր ձեռք բերել։ Այսպիսով, կարելի է հավատալ, որ իսկապես մարդ պետք է իմաստուն լինի, որպեսզի կարողանա հարուստ լինել։ Աստված չի արգելում լինել հարուստ և ավելացնել հարստությունը, չէ՞ որ մարդու բարօրության համար է դա, բայց Աստված արգելում է դարձնել մամոնան կուռք՝ այդպիսով ծառայելով նրան, քանի որ ասվում է, որ երկու տիրոջ ծառայել չես կարող, որովհետև մեկին կսիրես իսկ մյուսին կատես։
Այլև պետք է վերաբերվել դրամին ինչպես միջոց և շնորհ Աստծո կողմից, որի համար պետք է շնորհակալ լինել և այն ծառայեցնել Աստծո փառքի համար։ Հակառակ դեպքում, եթե հույսներս դնենք մեր ունեցվածքի վրա, այն վաղ թե ուշ վերցվելու է մեզանից և ինչպես գրված է՝ վիճակ է գցվելու՝ այն բաժանելու կամ ուրիշին տրվելու համար։ Այդ ժամանակ ի՞նչ պետք է անենք։ Այսպիսով՝ հիշենք գրվածը. «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են» (Մատթ․ 19:21), կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն։ Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են, ձեր պատը քանդելով, ներս մտնել և գողանալ. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը։
Եվ ինչպե՞ս երկնային գանձեր դիզել։ Հիշենք Քրիստոսի խոսքերը. «Որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք» (Մատթ․ 25։35-36):
Աստված միշտ առաջնորդում է մեզ և հարկ է, որ Աստծո օրհնությամբ ու առաջնորդությամբ կարողանանք հոգևոր արժեքներ ստեղծել, որոնցով էլ կարժանանանք Աստծո գովքին և կլինենք իմաստուն տնտեսներ:
Հայկ Ղազարյան
«Զորավոր» երիտասարդաց միության անդամ