Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը կարեւորում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները, բայց Սերդար Քըլըչ-Ռուբեն Ռուբինյան առաջիկա հանդիպման վերաբերյալ թուրքական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չունի՝ «Հրապարակի» հարցին ի պատասխան հայտնում են ԱԳՆ-ից։

Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք պաշտոնյան պատրաստվում Հայաստան ժամանել, եւ արդյո՞ք Թուրքիայի հատուկ բանագնացի այցելության օրակարգում ներառված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։

«Հայաստանը շարունակում է կառուցողական ներգրավվածություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ կարեւորում է հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները: Ներկայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ առկա չէ հանդիպում անցկացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն եւ համաձայնեցված օրակարգ»,- նշված է ԱԳՆ պատասխանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ընդունել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջարկը՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Երեւանում անցկացնելու վերաբերյալ, որը հնչել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։

Հայ-թուրքական գործընթացին օրեր առաջ անդրադարձել էր նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին, եւ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն»:

Տեսանյութեր

Լրահոս