Ծեծկռտուք` Վրաստանի խորհրդարանում․ նիստը տապալվեց
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին բռունցքով հարվածել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեին՝ ամբիոնից «գործակալների օրենքը» ներկայացնելու ժամանակ։
Ուղիղ եթերում տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Էլիսաշվիլին հայհոյելով մոտեցել ամբիոնին՝ բռունցքով հարվածել Մդիանարձեի դեմքին՝ նրան ռուս անվանելով։
Անվտանգության ծառայության աշխատակիցները փակել են խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողով տանող մուտքերը, լրագրողներին թույլ չեն տվել շարունակել նկարահանումները, նիստն ընդատվել է։
Լքելով խորհրդարանի շենքը՝ Էլիսաշվիլին միացել է ակցիա անող քաղաքացիներին, հայտարարել է, որ անհնար էր ժամեր շարունակ լսել երկիրը դեպի Ռուսաստան տանող «Վրացական երազանքի» ներկայացուցչի «կապիկությունը»։ Նա կոչ է արել այսօր երեկոյան դուրս գալ փողոց՝ պայքարելու օրինագծի դեմ․ «հիմա փողոց դուրս գալու ժամանակն է»։