Սա ձեռնտու է միայն Թուրքիային՝ իշխանությունը կասկածի տակ է դնում փաստարկներ, որոնք վիճարկման ենթակա չեն. Խաչատուր Ստեփանյան
2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի ու անհետ կորածների անունները, հստակ թիվը դեռևս չհրապարակած ՀՀ իշխանությունը, ցանկանում է ուսումնասիրել ու մեկ առ մեկ հրապարակել 1915 թվականին Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված 1,5 մլն հայերի անուն-ազգանունները։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ՝ «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը:
Որովհետև մինչև հիմա մենք անվանական այդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել, և պետք է կենտրոնանանք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք Ցեղասպանության թանգարան, ամեն ինչ ունենք Ցեղասպանության հետ կապված՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարևորը՝ պետք է ունենալ այդ միլիոն ու կեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային: Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել: Հիմա պետք է կենտրոնանանք, նաև իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը, նաև ցեղասպանության էդ բացթողումը դարձնել իրականություն: Պարզ ա, չէ՞, երբ որ ասում ենք՝ միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել, և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»։
168.am-ի հետ զրույցում պատմաբան Խաչատուր Ստեփանյանը հնչեցրած տեսակետի և իշխանությունների անտրամաբանական քայլերի ու հայտարարությունների առնչությամբ նախ իր զարմանքն արտահայտեց, այնուհետև հավելեց՝ իշխանությունն իրականացնում է մեկ ընդհանուր ծրագիր՝ ուրանալ Հայոց ցեղասպանությունը։
«Սրանով իսկ կասկածի տակ է դրվում մինչև այսօր պատմության, պատմագրության մեջ գոյություն ունեցող թվերը, տվյալները, փաստարկները, որոնք վիճարկման ենթակա չեն։ Ըստ էության, իրենց քայլերով այս ամենը դնում են կասկածի տակ՝ ժողովրդին զբաղեցնելու և բուն խնդիրներից շեղելու համար»,- շեշտեց Խաչատուր Ստեփանյանը։
Պատմաբանի բնորոշմամբ՝ դժվար է մեկնաբանել իշխանությունների ցնդաբանությունները։
«Իշխանությունը պարզապես ծրագիր է իրականացնում հայ ժողովրդին իր պատմական անցյալից, պատմական հիշողությունից զրկելու և ամորֆ, ազգային ինքնությունից զուրկ ինչ-որ զանգված ստեղծելու համար։ Սա ձեռնտու է միայն ու միայն Թուրքիային։ Եվ դրանից հետո Թուրքիան հավանաբար իրականացնի հայ ժողովրդի ամբողջական ցեղասպանություն։ Եթե ժողովուրդը զրկվի պետության զգացողությունից, նրան ցեղասպանության ենթարկելը շատ ավելի հեշտ կլինի»,- եզրափակեց Խաչատուր Ստեփանյանը։