«ԱՄՆ-ն Թուրքիայի միջնորդությամբ Թեհրանին նամակ է ուղարկել». Reuters
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախքան Իրանի Իսրայելի վրա իրականացված հարձակումը ԱՄՆ-ն Թուրքիայի միջնորդությամբ Թեհրանին նամակ է ուղարկել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հղում անելով անանուն թուրք դիվանագետի՝ գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի նամակը վերաբերել է հարձակումը որոշակի սահմաններում իրականացնելուն:
Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Թուրքիան եղել է այն երկրների ցանկում, որոնց Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը տեղեկացրել է հարձակման մասին՝ դրանից 72 ժամ առաջ:
Հիշեցնենք, որ Իրանն ապրիլի 14-ի գիշերն էր Իսրայելի ուղղությամբ հարձակում իրականացրել՝ արձակելով շուրջ 100 հարվածային ԱԹՍ և հրթիռներ:
Այն պատասխանն էր ապրիլի 1-ին Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակմանը, որին զոհ էր գնացել 7 մարդ, որից 2-ն Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ էր, իսկ 5-ը՝ սպա: